Միջազգային

Այսօր Ռուսթավելիի պողոտայում հնարավոր է բազմամարդ ակցիա անցկացվի


Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ Ազգային շարժում» կուսակցությունը հայտարարում է, որ  երկրում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցնում են աննախադեպ խախտումներով։ Կուսակցությունից նշում են, «Վրացական երազանք»-ի ակտիվիստները նախապես գրված ցուցակում նշում են, թե ով է մասնակցել ընտրություններին։ «Այդ կերպ իշխող թիմը ճնշում է գործադրում վարչական ռեսուրսի վրա՝ ստուգելով նրանց ակտիվությունը»: Բացի այդ ընդդիմությունը բարձրաձայնում է, որ ընտրատեղամասերի բացվելուց ժամեր առաջ Ախալցիխեում ծեծի է ենթարկվել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության քաղաքապետի թեկնածու Իրակլի Բարամիձեն: Իշխող «Վրացական երազանք»-ը ընդդիմությանը մեղադրել է վիճակն արհեստականորեն լարելու մեջ։

Ընդդիմադիր մի շարք կուսակցություններ իրենց հերթին կոչ են արել քաղաքացիներին դուրս գալ փողոց՝ տեր կանգնելու սեփական ձայներին։ Նրանք չեն բացառել, որ երեկոյան Ռութավելի պողոտայում հնարվոր է ինքնաբուխ բազմամարդ ակցիայի անցկացումը։

Այսօր Վրաստանում ընթանում են տեղական ինքնակառավարման ընտրություններ։ Երկրի ինքնակառավարվող 5 քաղաքներում ընտրում են քաղաքապետ, 64 սակրեբուլոյի (շրջանային խորհուրդ) 2058 պատգամավոր և 59 շրջանի ղեկավար:

Վրաստանում այսօր ընթանում են Տեղական ինքնակառավարման մարմինների  ընտրություններ։ Երկրում բացված են ավելի քան 3300 ընտրատեղամասեր։ Ընտրություններին մասնակցում է 22 կուսակցություն և 5 դաշինք։ Ընտրելու իրավունք ունի 3 մլն 440 հազար 123 մարդ: Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալներով (15։00) ընտրություններին մասնակցել է է 29.84 տոկոսը (1026430  քաղաքացի)։

«Ինքնակառավարման մարմինները, որոնց այսօր ենք ընտրում, պիտի ծառայեն ժողովրդին և կարողանան ստանձնել նրանց խնդիրների լուծումը քաղաքներում և գյուղերում»,-ընտրատեղամասի մոտ լրագրողներին ասել է երկրի նախագահ Գիորգ Մարգվելաշվիլին։

Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է 13 թեկնածու: Ընտրապայքարը հիմնականում ընթանում է 3 թեկնածուների միջև։ Տարբեր նախնական հարցումներով առաջին տեղում  իշխող «Վրացական երազանք»-ի թեկնածու, էներգետիկայի նախկին նախարար Կախա Կալաձեն է, այնուհետև ընդդիմադիր «Միացյալ Ազգային շարժում» կուսակցության թեկնածու, «Ռուսթավի 2» հեռուստաընկերության նախկին հաղորդավար Զաալ Ուդումաշվիլին և անկախ թեկնածու Ալեքսանդր Էլիսաշվիլին։ Նախընտրական արշավներում նրանք բոլորն էլ  քաղաքի հիմնական հարցն են համարել էկոլոգիական վիճակը, խցանումները, տրանսպորտային համակարգի բարելավումը․․․։

Իշխող կուսակցության թեկնածու Կախա Կալաձեն կատարելով իր պարտքը, ասել է, որ ընտրել է կյանքով լի Թբիլիսիի համար։ Հիշեցնեմ, որ Կալաձեն նախընտրական շրջանում այցելել էր Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի, հայ գրողների Խոջիվանք պանթեոնի մոտ հանդիպել էր նաև թբիլիսահայերի հետ։ Կալաձեն այսօր ասել է, որ քվեարկել է հանուն «էկոլոգիապես մաքուր» Թբիլիսիի համար։

«Քվեարկեցի Թբիլիսիի առաջընթացի օգտին: Այսօր ժողովուրդն ընտրում է կաշառակերության կամ կարգուկանոնի միջև»,-հայտարարել է քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Զալիկո Ուդումաշվիլին՝ քաղաքացիներին կոչ անելով մասնակցել ընտրություններին։

Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են մի շարք շրջաններ, որտեղ նախընտրական շրջանում լարված իրավիճակներ են գրանցվել։ Օրեր առաջ Մառնեուլիի ադրբեջանաբնակ Կղիզիլաջլո գյուղում զինված հարձակում էր տեղի ունեցել  «Վրացական երազանք»-ի նախընտրական շտաբի վրա։ Սամցխե-Ջավախեթեիի հայաբնակ Գումբուրդո գյուղում տեղի ունեցած ընդհարումը ևս, ըստ մի շարք լրատվամիջոցների, կապված էր ընտրությունների հետ։

Ախալքալաքի քաղաքապետի թեկնածուները վեցն են։ Հիմնական պայքարն ընթանում է  իշխող «Վրացական երազանք»-ը  ներկայացնող թեկնածու Յուրա Ունանյանի և ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք» կուսակցությունից Սամվել Պետրոսյանի միջև։

Կարդացեք նաև

Back to top button