Մշակույթ

Երեւանի հայտնի ու անհայտ հասցեներից մեկը

Երևանը Երևան են դարձնում նաև նրա հայտնի ու անհայտ հասցեների հայտնի ու անհայտ պատմությունները, այս քաղաքի մարդիկ, ովքեր իրենց գունեղ,  յուրօրինակ, երբեմն ողբերգական կենսագրությամբ ձուլվել  ու  2799-ամյա քաղաքի պատմության անբաժանելի մասն են դարձել: Երևանը  հարուստ է իր հիշարժան հասցեներով՝ այս տանն ապրել է վերտառությամբ ու թանկագին հիշողություններով:

 

1928-ից 1935 թվականը  Չարենցն ապրել է «Ինտուրիստ», ներկայում՝ «Երևան» հյուրանոցում: Արփենիկի մահից հետո 1931 թվականին հենց այդ հյուրանոցում  էլ  կայացել է երկրորդ կնոջ՝  Իզաբելայի հետ հարսանյաց  հանդեսը: Հյուրանոցում են ծնվել նաև գրողի  երկու դուստրերը՝ Արփենիկն ու Անահիտը:

Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանն է պատմում. «Մի անգամ այս փողոցով անցնելիս, Չարենցը տեսնում  է կարմիր տուֆով կառուցված այս շենքն ու ասում՝ Խանջյանին պիտի ասեմ, որ այս կարմիր շենքում ինձ  մի բնակարան հատկացնի»: Խանջյանի կարգադրությամբ՝ Չարենցը բնակարան է ստանում ներկայում Մաշտոցի պողոտայի թիվ  17 շենքում, որի  երեք սենյականոց բնակարանում Չարենցն ապրում է  ընդամենը երկու տարի՝ 1935-37 թվականներին: Գրողի ու նրա կնոջ՝ Իզաբելլա Չարենցի ձերբակալությունից հետո այդ տան դռներն ընդմիշտ  փակվում են նաև նրանց զավակների՝ հինգ տարեկան Արփենիկի ու երկու տարեկան  Անահիտի առջև:

1975 թվականին Չարենցի երբեմնի հյուրընկալ օջախի դուռը հասարակության առջև բացվում է իբրև տուն-թանգարան: Թանգարանի նվիրական մասերից է հուշատունը՝ արևելյան ու եվրոպական մշակույթի նրբաճաշակ համադրումով, Չարենցի բարձրարժեք գրադարանով:

 

Ըստ տնօրենի, հուշատունը այցելուների ամենասիրելի անկյունն է թանգարանում: «Չարենցի կյանքում չկա մի բան, որը հետաքրքիր չէ, բայց հուշատունը յուրահատուկ հոգեբանական վիճակ է ստեղծում: Շատերը խոստովանում են, որ հուշատանը զգում են Չարենցի շունչը, հաճախ փշաքաղվում, հետաքրքիր ապրումներ են ունենում: Աշխատելով թանգարանում, ինքս անընդհատ զգում եմ նրա շունչն ու ներկայությունը: Չգիտեմ, գուցե  ներշնչանքի արդյունք է, կամ Չարենցի իսկապես բացառիկ, ողբերգական կենսագրությունն է պատճառը, բայց փաստ է, որ կա՛ նման բան»,- ասում է տնօրենը:

Թանգարանի բազմաթիվ ցուցանմուշների մեջ առանձնանում է նրա երկու կանանց՝ Արփենիկի ու Իզաբելլայի իրերն ու լուսանկարներն ամփոփող ապակե  ցուցափեղկը: Այստեղ նաև Արփենիկի գիպսե դիմակն  է ու ձեռքի կրկնօրինակը: «Արփենիկի մահից հետո Չարենցը քանդակագործ Արա Սարգսյանին խնդրում է ստեղծել կնոջ դեմքի ու ձեռքի պատճենները:

Դրանք անընդհատ նրա աչքի առաջ են եղել՝ դաշնամուրի վրա: Հաճախ պառկել է թախտին ու նայել Արփենիկի կավե դիմակին: «Իզաբելլան խնդրել է Չարենցին վերցնել դիմակը դաշնամուրի վրայից՝ ասելով, թե վախենում է: Դժվար է ասել՝ խանդն է եղել իրական պատճառը, թե՝ իսկապես վախեցել է: Հնարավոր է նաև երկրորդը, որովհետև բավականին միամիտ կին է եղել Իզաբելլան: Չարենցն էլ նրա մասին գրում է՝ Օ, պրինցուհի իմ նաիվ…»:

Չարենցի տուն-թանգարանի հետաքրքիր ցուցանմուշներից է նաև  բանտի հիվանդանոցի դուռը:  Այն սենյակի դուռը, որտեղ մահացել է Չարենցը: Տարիներ շարունակ հողի տակ թաղված դուռը թանգարանին հանձնվել է իբրել բանաստեղծին առնչվող թանկագին մասունք:

 

Կարդացեք նաև

Back to top button