
Սովորաբար թվում է, թե մենք՝ տեսողության խնդիր չունեցողներս, պետք է օգնենք նման խնդիրներ ունեցողներին, որպեսզի նրանք կարողանան քայլել, փողոցն անցնել և ընդհանրապես՝ տեղաշարժվել:
Սակայն իրականությունն այլ է: Իրականում հենց նրանք են օգնում շատ շատերիս, որ կարողանանք տեղաշարժվել:
Ես այժմ Հայաստանի կույրերի միավորման Էջմիածնի ուսումնաարտադրական ձեռնարկությունում եմ: Այստեղ աշխատող բանվորների մեծամասնությունն անգամ արևի լույսը չի տեսնում, բայց շոշափելով կարողանում է պատրաստել վերելակների համար անհրաժեշտ սարքավորումներ:

Միշա Աղասյանը ձեռնարկության գործադիր տնօրենն է: «Ռադիոլուրի» հետ զրույցում ներկայացրեց, թե ինչպես է անցնում բանվորների աշխատանքային առօրյան և ինչ վարպետությամբ են նրանք պատրաստում անհրաժեշտ սարքավորումները:
Զրուցակիցս Ալբերտ Դովաջյանն այս ձեռնարկությունում կարելի է ասել մի ամբողջ կյանք է աշխատում՝ 42 տարի: 12 տարեկանում կուրացած պատանին դպրոցն ավարտելուց անմիջապես հետո աշխատանքի է տեղավորվել այս ձեռնարկությունում և աշխատում է մինչև այսօր:
Էջմիածնի ուսումնաարտադրական ձեռնարկությունը, ի դեպ, մեկն է այն գործարաններից, որտեղ հիմնականում աշխատում էին տեսողության խնդիրներ ունեցողները։ Սպառման շուկա չունենալու պատճառով շատերը գործազուրկ դարձան, արտադրություններ փակվեցին: Մինչդեռ ժամանակին այս մարդիկ, չունենալով աչքի լույս, ապահովում էին մյուսների լուսավորությունը՝ արտադրելով էլեկտրական լուսավորության սարքեր։ Պատրաստել են նաև փայտե լվացքակալներ և կենցաղային այլ անհրաժեշտ պարագաներ, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց Հայաստանի կույրերի միավորման փոխնախագահ Մարտին Սարգսյանը:

Երբեմնի գործարաններն իհարկե այսօր էլ կարող են աշխատել և աշխատատեղեր ապահովել՝ ասում է զրուցակիցս: Միայն թե իրացման շուկա չկա, ճանապարհներն են փակ և հումքն է թանկացել:




