
Լուսանկարում՝ թուրք գործիչներին հյուրընկալում են Արցախի ԱԳՆ- ում

Պատմական այց. այսպես է բնութագրել թուրք քաղաքական գործիչ Ուֆուք Ուրասը սեպտեմբերի 22-ին Արցախ կատարած իր եւ ընկերների այցը Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականին տված հարցազրույում։ Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը Հայաստանի տարածքով Արցախ այցելած թուրք 4 մտավորականների մեղադրել է այսպես ասած <<Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի կերպով հատելու մեջ>>, եւ հայտարարել միջազգային հետախուզում:
Սեպտեմբերի 22-ին Հայաստանում գտնվող թուրք 4 մտավորականներ՝ գրող Սայիթ Չեթինօղլուն, քաղաքական գործիչ Ուֆուք Ուրասը, լրագրողներ Ալի Բայրամօղլուն և Էրոլ Քաթըրջըօղլուն այցելել են Արցախ: Ուֆուք Ուրասը, <<Ակօս >> պարբերականին արցախյան ճամփորդության մասին պատմելով, այն անվանել է պատմական, ասել, որ ցանկացել է տեսնել Արցախը եւ անձամբ տեղեկանալ, <<թե ի՞նչ կա այդ փակ տուփի մեջ>>: Թուրք քաղաքական գործիչը պարբերականին պատմել է Ադրբեջանի սպառնալիքի պատճառով այդպես էլ չգործարկված Ստեփանակերտի օդանավակայանի, ինչպես նաև իրեն անչափ տպավորած Դադիվանքի մասին՝ նշելով, որ մինչեւ Արցախի ազատագրումը վանքն օգտագործվել է որպես ախոռ, իսկ ներսում կրակ վառելու հետևանքով պատի վրա սև հետքերը երևում են մինչ օրս:
«Մենք չենք ցանկանում այսօր առկա խնդիրները ժառանգություն թողնել մեր թոռներին: Երբ զբոսնում ես Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանում ու զմայլվում աննման աշխատանքներով, հասկանում ես. կա մի ուրիշ աշխարհ, որը մենք երբեմն չենք տեսնում: Կարևորը, որ այդ աշխարհը չմնա թանգարանների ներսում միայն»,- ասել է Ուրասը։
Այն, որ Բաքուն չի ցանկանում, որ աշխարհն Արցախի մասին իրականությունն իմանա եւ դրա համար դիմում է տարբեր միջոցների, փաստ է։ Վառ օրինակը բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործն է: Արդյո՞ք Թուրքիան կարտահանձնի Արցախ այցելած իր քաղաքացիներին՝ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը կարծում է, որ՝ այո, քանի որ Բաքուն եւ Անկարան նման հարցերում գործում են միասնաբար՝ երբեմն արհարմարհելով միջազգային չափորոշիչները:
Ստամբուլի <<Ժամանակ>> օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը չի կարծում, որ Թուրքիայի քաղաքացիները կվերդարձվեն: Ըստ Գոչունյանի, Արցախ այցելած թուրք մտավորականների հարցն այսօր լայն արձագանք չունի Թուրքիայում: «Ադրբեջանի վերաբերմունքը նման խնդիրների պարագայում չի նպաստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում հասարակական հարթության վրա նպաստ բերելու գործին: Ադրբեջանի ղեկավարության տխուր դիրքորոշումն է սա, որը մի կողմից խորը միլիտարիստական տրամադրություններով առաջ է տանում, իսկ մյուս կողմից խաղաղություն ձգտող հասարակության վրա ճնշում գործադրելով ցանկանում է արդարացնել իր մոտեցումները, եւ կարգավորման գործընթացը պահում է փակուղում»,- ասում է։
Ըստ թեմայի շուրջ զարգացումների՝ Լեռնային Ղարաբաղ այցելած Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ արդեն իսկ հայտարարվել է միջազգային հետախուզում։ Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովի հիմնավորմամբ, Թուրքիայի քաղաքացիներն այցելել են Լեռնային Ղարաբաղ՝ <<դրանով ցույց տալով, որ չեն հարգում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը>>: Ավելին, այդ առնչությամբ Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել: Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքը չի ուշացել: Մեկնաբանելով թուրք մտավորականների այցն Արցախ՝ Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուսեյն Մուֆթուօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի 4 քաղաքացիների այցը Լեռնային Ղարաբաղ չի համաձայնեցվել պետական մարմինների հետ եւ <<Ղարաբաղ այցը չի արտացոլում երկրի պաշտոնական քաղաքականությունը>>։ Ի դեպ, ադրբեջանցի դատախազը թուրք մտավորականների արտահանձնումը ավելի դյուրին դարձնելու համար նշել, որ Ղարաբաղ այցելած քաղաքացիները հայտնի են իրենց հայամետ դիրքորոշմամբ եւ աջակցություն են հայտնել Քրդստանի աշխատավորական կուսակցությանը, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։




