

Հոկտեմբերի 1-ին՝ Վանաձորում, հոկտեմբերի 2-ին՝ Արթիկի մշակույթի կենտրոնում. «Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» խորագրով համերգային երեկոներին կհնչեն Իսահակյանի ու Չարենցի բանաստեղծությունների հիման դրա գրված Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները:

Համերգների պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանի խոսքով, վայրի ընտրությունը պատահականություն չէր, այլ Մաեստրոյի ցանկությունը:
Մանսուրյանի մանկության տարիներն անցել են Արթիկում: Առաջին անգամ նա դաշնամուրին մոտեցել է Արթիկի մշակույթի տան դահլիճում:
«1947-ին, երբ Բեյրութից եկանք, տեղավորվեցինք Արթիկում:Այստեղ ես առաջին անգամ «հանդիպեցի» դաշնամուրի հետ ու կապվեցի այդ գործիքին մոլեռանդորեն: Արթիկում երաժշտական դպրոց չկար: Նոտաներ իմացող միակ մարդը, որին կարող էի հարցեր ուղղել, նախկին մի զինվորական էր, որը հետս խոսել անգամ չէր ցանկանում: Բանվորական ակումբում դրված այդ գործիքի հետ ինչ-որ անեի, միայնակ պիտի անեի փաստորեն: Չապյանը, որը ակումբի ինքնագործ թատրոնի ռեժիսորն էր ու, որին հավանաբար շատ էի տանջել իմ փորձերով, մի օր ասաց. «Տիգրա՛ն, Արթիկից Սայաթ Նովա դուրս չի գա, մի՛ չարչարվիր այդքան»: Գուցե Չապյանը ճիշտ էր. Սայաթ Նովա դուրս չեկավ, բայց «ուրիշ ինչ-որ մի բան», այնուամենայնիվ, դուրս եկավ»:

«Որպես հայաստանցի ես ինձ համարում եմ հենց արթիկցի և ուզում եմ այս քաղաքին վերադարձնել այն, ինչ տեսել, լսել ու վայելել եմ այստեղ: Ես մշտապես պարտք եմ այս քաղաքին ու նրա մարդկանց»,-ասում է Մանսուրյանը:
Հոկտեմբերի 2-ին կայանալիք համերգին Արթիկի մշակույթի տունը պաշտոնապես կանվանակոչվի նրա անունով: Վանաձոր քաղաքի ընտրությունը ևս պատահական չէ: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցած ասուլիսում Մաեստրոն ասաց, որ իր հոգու մեծ պարտքն է համարում համերգ ունենալ լոռեցիների համար և իր ընկերոջ` Հրանտ Մաթևոսյանի հիշատակին:
Իսկ ինչու՞ Չարենց ու Իսահակյան, ծրագրի ընտրության վերաբերյալ հարցին անդրադառնալիս Տիգրան Մանսուրյանը հիշեց երկու Մեծերի առաջին հանդիպման հետաքրքիր դրվագը.
«Կարսում Չարենցը առաջին անգամ հանդիպում է Իսահակյանին. հավանաբար կյանքում առաջին անգամ մեծ բանաստեղծ է տեսել՝ կենդանի, քայլող ու գնացել է հետևից: Իսահակյանը բարկացած կանգնել, հետ է նայել ու իրեն հետապնդող «չար տղային» մի ապտակ է հասցրել: Իհարկե, Իսահակյանն այս պատմությունը մոռացել է, ու հետագայում, երբ հանդիպել են Վենետիկում, Չարենցը պատմել է Կարսում տեղի ունեցած այս դեպքը, իսկ Իսահակյանը պատասխանել է.«Ուրեմն ես քեզ Վարպետի ապտակ եմ տվել, որով մկրտվել ես»: Այս երկու մեծերի միջև հետաքրքիր կապ է եղել»:

Մաեստրոն նաև հավելում է.«Հայոց լեզուն իմ հոգու հայրենիքն է: Այսօր հայ դասական պոեզիային վերադառնալու պահանջ կա : Ես սիրում եմ հատկապես այն կոմպոզիտորներին, որոնք հայ երաժշտության մեջ բերում են հայոց լեզու: Հայ դասական երաժշտության ու պոեզիայի հարաբերության ոլորտում լուրջ անելիք ունենք»:
«Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» խորագրով համերգներն իրականացվում են մշակույթի նախարարության աջակցությամբ: Համերգաշարը հետագայում կհասնի Էջմիածին և Արցախ:
«Լիահույս եմ, որ նման իրադարձություններն այլևս բացառիկ չեն լինի, կլինեն օրինաչափություն»,-ասում մշակույթի նախարար Արեմն Ամիրյանը:
«Չափազանց շնորհակալ եմ մաեստրո Տիգրան Մանսուրյանին, որ արձագանքեց մեր որդեգրած քաղաքականությանը՝ մշակույթը պետք է գնա մարզեր: Մարզերին է, որ պետք է մշակութային հզոր ազդակներ փոխանցենք: Մենք քաջ գիտակցում ենք, որ համաշխարհային համբավ վայելող ցանկացած համերգասրահ կամ պրոդյուսերական կենտրոն կերազեր կազմակերպել ձեր համերգը: Եվ այսօր ձեր նման համաշխարհային մեծության աստղը, թույլ տվեք հենց այդպես անվանել, որոշել է համերգներ տալ մեր մարզային քաղաքներում»:

«Խորապես համոզված եմ, որ մշակութային ձեր հզոր ճառագայթներն ազգային ինքնության գիտակցությունն են արթնացնելու երիտասարդների մեջ, միաժամանակ բացահայտելու են այն ստեղծարար միտքը, որը, թերևս, թաքնված է շատերի մեջ»,-ասաց մշակույթի նախարարը՝ հույս հայտնելով, որ Իսահակյանի նշած՝ Վարպետի ապտակով բացմաթիվ երիտասարդներ «կմկրտվեն» հենց այդ համերգների ժամանակ:




