

Պետության կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում շահառուները նոր դժգոհություններ ունեն:
Խնդիրը կապված է այն օրենքի կիրառման հետ, ըստ որի՝ 2014-ի նոյեմբերի 1-ից հետո նորակառույց շենքերում անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերողների համար հիփոթեքային վարկի տոկոսագումարը պետք է մարվի նրա վճարած եկամտային հարկի միջոցով:
Հիշեցնենք՝ ըստ օրենքի՝ անձի վճարած եկամտային հարկը ուղղվում է բացառապես բնակարանի հիփոթեքային վարկի տոկոսների մարմանը: Բայց այժմ վերադարձի հետ կապված խնդիրներ են առաջ եկել:
Ինչո՞ւ, ի՞նչ հիմքով, փորձել է պարզել «Ռադիոլուրը»՝ գնալով շահառուների բողոքի հետքերով:
Եթե վարձու աշխատողը 2014-ի նոյեմբերի 1-ից հետո նորակառույց շենքերում անմիջապես կառուցապատողից բնակարան է ձեռք բերել, ապա նրա աշխատավարձից պահվող եկամտահարկը վերադարձվում է նրան երեք ամիսը մեկ:

Սակայն մինչեւ այդ գումարը կվերադարձվի, շահառուն նախ ինքն է վճարում այն ամեն ամիս: Զրուցակիցս չի ցանկանում ներկայանալ, մանրամասնում է՝ պետության առաջարկած պայմաններն այնքան գրավիչ էին, որ այլեւս չի երկմտել հիփոթեք ձեւակերպելու հարցում:
Ռիսկերը մի կողմ է դրել ու այդ ծրագրով բնակարան ձեռք բերել: Որ իր իսկ վճարած հարկը ուղղվելու էր իր իսկ բնակարանի վարկի տոկոսագումարի մարմանը, խիստ ոգեւորիչ էր:
Ամիսներ շարունակ եկամտային հարկից որպես հիփոթեքի տոկոսագումար վճարված գումարները բնականոն կերպով հետ էին վերադարձվում: Բայց մի քանի ամիս առաջ խնդիր ծագեց. պարզվեց՝ այլեւս վճարված գումարը հետ ստանալ չի կարող, քանի որ ինքն առաջ է ընկել վարկի մարման ժամանակացույցից:
«Մի պահ, երբ ֆինանսական վիճակս ներել է, եւ մայր գումարի, եւ տոկոսագումարի վճարումը փոքր-ինչ վաղ եմ կատարել ու դրա դիմաց գումարը ետ եմ ստացել, ոչ մի խնդիր չի եղել: Հիմա՝ այս եռամսյակ, ասում են՝ չէ, դուք ավելի եք ստացել այսքան գումար, ձեզ այդքան գումարի չափով պակաս ենք վերադարձնելու.:
Խնդիրն սկսվել է այն ժամանակ, երբ հիփոթեքով բնակարան ձեռք բերած շահառուներից սկսել են, ի թիվս այլ փաստաթղթերի, պահանջել նաեւ վարկի մարման ժամանակացույց:
«Այդ պահանջն ավելացրել են մի քանի ամիս առաջ: Ու սպառնալիքի նման ասացին՝ եթե չներկայացնեք, առհասարակ կդադարեցնենք ձեր տոկոսների վերադարձը: Ասացին՝ դա մեր ներքին ընթացակարգերով է, ինչ-որ ներքին աուիդիտ են արել ու պարզել՝ դա պետք է լինի պարտադիր»:
Շահառուի տարած ժամանակացույցը նայել են, համեմատել ու պարզաբանել, թե առաջ ընկնելով վճարված տոկոսագումարները չեն վերադարձվի, մինչեւ չհասնի ժամանակացույցով սահմանված ժամկետը: Զրուցակիցս շեշտում է՝ կառավարության որոշման մեջ հստակ նկարագրված են շահառուներին առաջադրվող պահանջները, սակայն ժամանակացույցով առաջնորդվելու մասին՝ ոչ մի խոսք:
«Խոսքը կառավարության 2015 թվականի 205 Ն որոշման մասին է, որի մեջ հստակ գրված է՝ վերադարձվում է հիփոթեքային վարկի վճարած տոկոսների չափով, այդ արտահայտությունից բացի՝ այլ բան չկա օրենքում: Ենթադրվում է, որ եռամսյակի ընթացքում ինչքան տոկոս է վճարվել, այդքան պետք է վերադարձվի: Մյուս կողմից՝ բանկերը չեն արգելում հաճախորդին վաղաժամ մարել ինչպես մայր գումարը, այնպես տոկոսագումարները»:
Անձը, ով ցանկանում է բնակարան գնել հիփոթեքային վարկի միջոցով՝ այսուհետ ազատվում է բանկին կամ վարկային կազմակերպությանը տոկոսներ վճարելու պարտավորությունից, և այս ամենն ի հաշիվ աշխատավարձից պետբյուջե վճարված հարկերի. խոստանում է պետական ծրագիրը: Զրուցակիցս, սակայն, տարակուսում է՝ ո՞ր պահին, որտե՞ղ փոխվեց օրենքով ամրագրված դրույթը, եւ ինչու հանկարծ փոխվեց պետական ծրագրի ընթացքը:
«Եթե ես 15 տարով հիփոթեքային վարկ եմ վերցրել, դա դեռ խարան չէ: Դա չի նշանակում, որ ես 15 տարի շարունակ պետք է վճարում կատարեմ: Չեն կարող որեւէ պաշտոնյայի ներքին խստացրած ընթացակարգը կամ կարգուկանոն հաստատելու ընթացակարգը, կամ կապրիզը գերակա լինել որեւէ օրենքի»:
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը «Ռադիոլուր»-ի փոխանցած խնդրին տեղյակ չէ, սակայն խոստանում է մանրամասն ուսումնասիրել այն:

Ֆինանսների նախարարությունից խնդրի առնչությամբ «Ռադիոլուր»-ին պաշտոնապես գրավոր պարզաբանեցին՝ մեջբերում եմ՝ «Վարկառուների (համավարկառուների) վճարած եկամտային հարկի վերադարձը իրականացվում է «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 8.2-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 19.02.2015թ. «Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանելու մասին» N 205-Ն որոշման պահանջներին համապատասխան: Այլ ներքին հրաման կամ որևէ իրավական ակտ գոյություն չունի»:
Որքան էլ նշվում է, որ համապատասխան իրավական ակտ գոյություն չունի, սակայն փաստ է՝ որպես տոկոսագումար վճարված եկամտահարկը որոշ դեպքերում չի վերադարձվում. սառեցվում է։ Ֆինանսների նախարարության մեկնաբանությունից ելնելով՝ ապօրինի։ Գուցե արդարադատության նախարարությունը պարզի՝ որ գերատեսչության կամ ում մեղքով։




