

Աշտարակի՝ Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում անժամկետ դասադուլ է: Ծնողկոմիտեն հավաքվել և այդպիսի որոշում է կայացրել՝ հայտարարելով՝ խախտվել է երեխաների կրթություն ստանալու իրավունքը:
Ծնողները պահանջում են դպրոցի հիմնանորոգում և տարրական դպրոցի անհապաղ տեղափոխում մոտակա դպրոց: Թեև դպրոցը նախատեսված է մինչեւ 200 աշակերտի համար, այս պահին դպրոց հաճախում է 600- ը։
Պատճառն այն է, որ դպրոցը հիմնական դպրոց է դարձել, և հարևանությամբ գտնվող ավագ դպրոցի սաները հաճախում են այստեղ: Ուսուցիչները պահանջում են, որ գոնե Նորայր Սիսակյանի անվան դպրոցի մասնաշենքի մի մասը տրամադրեն՝ բեռնաթափելու դպրոցը: Խնդրի հետքերով «Ռադիոլուրն» է գնացել:
Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի դռները բաց են, բակը՝ լիքը, սակայն ոչ երեխաներով: Ուսումնական հաստատությունում անժամկետ դասադուլ է: Ուսուցիչները միացել են ծնողներին եւ երեխաների համար ուսման արժանապատիվ պայմաններ են պահանջում:
Խմելու ջուր եւ սանհանգույց չունեցող, խարխուլ դպրոցում այդ պայմանները չկան՝ հայտարարում են: Գունավոր պաստառները եւ վեհախոհ լոզունգներն էլ արդեն ներսում մթոլորտը չեն լավացնում:
Որքանո՞վ են արդարացի ծնողների պահանջները: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն իր ուսումնասիրությունն է կատարել ու պարզել՝ դժգոհություններն ու պահանջներն առավել քան հիմնավոր են. Այստեղ ոչ թե վերանորոգում, այլ հիմնանորոգում է պետք:
Խնդիրները բարձրացվում են դեռ 2004-ից: Տարիներն ու մարզպետերը փոխվել են, վիճակը՝ ոչ: Ծնողները այլեւս չեն հավատում խոստումներին ու կոնկրետ անելիք ու ժամկետ են պահանջում: Դպրոցի ուսուցչուհի Տաթեւիկ Սարգսյանը մանրամասնում է՝ 170 երեխայի համար նախատեսված դպրոցում՝ այս անմխիթար պայմաններում, չգիտես ինչպես տեղավորվել է 602 աշակերտ:

Պահանջից զատ՝ բողոքողները նաեւ խնդրի լուծման տարբերակ են առաջարկում:
«Բեռնաթափել դպրոցը՝ տարրական դպրոցը ժամանակավորապես տեղափոխելով հարեւան առավել բարեկարգ դպրոցի ազատ մասնաշենքեր եւ հենց այդ ընթացքում սկսել մեր դպրոցի հիմնանորոգման աշխատանքները»:
Բեռնաթափման առաջարկը իրատեսական գնահատվեց: Խնդրի հետքերով դպրոց այցելած Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը լսեց ծնողներին, ուսուցիչներին, ապա ուղեւորվեց հարեւան դպրոց, որտեղ եւ առաջարկում են ժամանակավորապես տեղավորել երեխաներին:
Սիսակյանի անվան դպրոցում ենք, որտեղ դիմավորումը են նոր «բայց»-երով: «Դպրոցս կավերեք»,-հուզված ու բարկացած հակադարձում է հարեւան ավագ դպրոցի տնօրեն Մարինե Սուքիասյանը: Նա հիշեց երկար տարիների աշխատանքային իր փորձը, վրդովվեց ծնողների հայտարարություններից, ապա փոքր-ինչ կցկտուր, սակայն իր հայտարարությունն արեց:
Վեճը տեղափոխվեց այս դպրոց: Ծնողները սկսեցին պարզել՝ որ փոխտնօրենն ինչ է ասում, ով, ում ինչ ասաց:
Մյուս դպրոցի երեխաներին տեղավորելու տեղ չկա, բայց այստեղ հասարակական կազմակերպությո՞ւն եք տեղավորել, հարց հնչեց: Դպրոցի տնօրենն ավելի վրդովվեց:
«ՀԿ մեր դպրոցո՞ւմ: Ոչ»:
Դպրոցում լռություն պահպանելու կոչ էր արվում շարունակ: Ապա դաշնակցական մարզպետ Աշոտ Արշակյանը սկսեց ծնողներից պարզաբանում պահանջել:
Բայց վերադառնանք դպրոցի խնդիրներին: ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը «Ռադիոլուր»-ին պարզաբանեց՝ Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի խնդիրները նաեւ դրա տնօրինության մեղքով են. տարիներով քարը քարի վրա չի դրվել՝ ասաց: Ինչու այսքան տարի չի նկատվել տնօրենի անգործությունը, այլ հարց է: Ինչեւէ, խնդիրը կա, նախնական խոստումն էլ հնչեց:
«Տարրական դասարանները մենք կտեղափոխենք հարեւան դպրոց: Իսկ հիմնական խնդրի լուծումը դպրոցի շենքի հիմնանորոգումն է»:
Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցը պետք է հիմնանորոգվի, դա անխոս: Ի՞նչ միջոցներով հարց ուղղեցինք Արագածոտնի մարզպետին, քանի որ հենց մարզպետարանի ենթակայությանն է անմխիթար պայմաններ ունեցող դպրոցը: Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը հարցին նախ հարցով պատասխանեց՝ հռետորաբար, ապա նշեց՝
«Ինչու մենք մինչեւ հիմա միջուկային զենք չունենք: Մարզպետարանը այդպիսի ծախսային հոդված չունի, որ դպրոցի հիմնանորոգմանը կամ նոր շենքի կառուցմանն ուղղի: Դա պետք է լինի հանրապետական բյուջեից՝ հստակ ծրագրերով կամ բարեգործական ինչ-որ միջոցներով»:
Արդյո՞ք Հայաստանը միջուկային զենք ունենալու ծրագիր ունի, դա էլ այլ հարց է: Անցնենք առաջ: Պետրոսյանի անվան դպրոցի ծնողկոմիտեի նախագահ Հովհաննես Յորդանյանը մարզպետի այցն արդեն առաջընթաց է համարում: Նա էլ փոխանցում է իրենց տրված խոստման հերթական՝ վերջին չափաբաժինը՝
«Մինչեւ 2020 թվականը պետք է նոր շենք ունենանք արդեն: Փաստաթղթերով գրված, դրված է արդեն»:
Ինչ միջոցներով կարվեն անհարժեշտ ծախսերը եւ երբ, դեռ հարց է:




