
«Եվրանեսթ» խորհրդարանական վերհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամները վերադարձել են Բաքվից:
Պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը Ադրբեջանի մայրաքաղաքից անմիջապես հարևան Վրաստանի մայրաքաղաք է մեկնել՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության կազմում, իսկ Մանե Թանդիլյանն այսօր ամփոփել է երկօրյա այցի տպավորությունները:
Բաքու մեկնելն, ըստ պատգամավորի, ճիշտ որոշում էր, համաժողովը հակահայկական քարոզի հարթակի վերածելու հերթական փորձը ձախողվեց:
Չկան անկարևոր հարթակներ կամ անկարևոր քննարկումներ՝ ասում է Հայաստանի պատվիրակության կազմում Բաքու մեկնած Մանե Թանդիլյանը՝ արձագանքելով այս օրերին հնչած դիտարկումներից մեկին, թե արդյոք անհրաժեշտ էր հայ պատվիրակների այցելությունը Բաքու ոչ այդքան կարևոր և ոչ քաղաքական օրակարգ ունեցող նիստին: Մասնակցությունը ճիշտ որոշում էր՝ համոզված է ԱԺ պատգամավորը:
«Էլ ավելի համոզվեցի դրանում, ադրբեջանական կողմը նիստն ամեն պահի վեր էր ածում հակահայկական քարոզի եւ շատ լավ էր, որ մասնակցեցինք։ Մեր մասնակցությունը զսպող հանգամանք էր»:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորն արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հետ Բաքու էր մեկնել Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովներից մեկի նիստին մասնակցելու համար:
Օրակարգը քաղաքական չէր, թեման կանանց իրավունքներն ու գենդերային հարցերն էին, և ինչպես Արմեն Աշոտյանն էր հայտարարել ՝ Բաքվում էին ամենևին ոչ ղարաբաղյան հակամարտությունը քննարկելու համար: Սա սակայն չէր նշանակում, որ քաղաքական թեմաներ չեն շոշափվելու:

Հայ պատվիրակներ՝ Աշոտյանն ու Թանդիլյանը՝ Բաքվում
Մեր պատվիրակների հասցեին հնչած քննադատություններից մեկն էլ Բաքվից լուսանկարների առատ տարածումն էր: Սոցցանցերում սա մեկնաբանվեց իբրեւ շոու կամ մեղվի փեթակ փորելու պես մի բան:
«Համատարած վերահսկողության պայմաններում օրը 24 ժամ գտնվելով, դու պետք է կարողանաս լինել այնպիսին, ինչպիսին կաս։ Քո դեմքի յուրաքանչյուր մկանի շարժում նրանց հուշում է քո հոգեվիճակի մասին։ Ես կարծում եմ, որ այն, ինչ կանեինք մեկ այլ երկրում, արել ենք նաեւ Բաքվում»:
Ինչպես և կանխատեսվում էր՝ հայ պատվիրակների այցը ուղեկցվեց բողոքի ակցիաներով: Ադրբեջանում գործող «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը», մասնավորապես, «Ամոթ հայերին հրավիրողներին», «Հայերը պետք է անհապաղ լքեն Բաքուն» կարգախոսներով բողոքի ցույց կազմակերպեց, հնչեցին նաև սպառնալիքներ հայ պատվիրակների հասցեին: Արդյո՞ք համարժեք էր պաշտոնական Բաքվի արձագանքը:
«Պաշտոնական Բաքուն մեկ պարտավորություն ուներ` ապահովել մեր ֆիզիկական անվտանգությունը, ինչով եւ զբաղված էր»:

Հայ պատվիրակները՝ «Եվրանեթ»-ի նիստի ժամանակ
Ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը, նույնպես համոզված լինելով, որ ցանակացած հարթակ պետք է օգտագործել ադրբեջանական մոտեցումներին հակահարված տալու համար , նկատում է, որ նման այցերը նաև ստուգողական նշանակություն ունեն, թույլ են տալիս գնահատել հայերի նկատմամբ վերաբերմունքի կամ հայատյացության իրական մակարդակը: Այս այցելությունն, ըստ նրա, ցուց տվեց, որ որևէ բան չի փոխվել, բայց հանրային դիկուրսը նաև մի նոր երևույթ բացահայտեց:
Փորձագետները նկատում են նաև, որ բավական ակտիվ էր հայ պատվիրակների այցի լուսաբանումը: Որպես կանոն՝ ադրբեջանական կողմը փորձում է հնարավորինս քիչ ուշադրություն հատկացնել, ինչն այս անգամ չհաջողվեց, քանի որ մեծ էր հանրային հնչեղությունը:
Իսկ հայ պատգամավորները նշում են, իրենց մտքերն ու մոտեցումները ադրբեջանական լրատվամիջոցերը փոխանցեցին հատվածաբար, ըստ նպատակահարմարության և հարմար շեշտադրումներով:
Բոլոր ելույթների տեսագրությունները սակայն կան ու կհրապարակվեն ՝ ամբողջական տարբերակներով, առանց որևէ միջամտության:
https://www.facebook.com/armen.ashotyan/videos/10213685823077987/




