

հատված Ռադիոլուրի 18.00-ի թողարկումից
«Ես չեմ համարում, որ Հայաստանի հասարակական ու քաղաքական օրակարգում հիմա Ղարաբաղյան կարգավորման դետալների քննարկումն օրհասական հարց է»: Այսպես պատասխանեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, երբ հարցրեցին տարածքների հանձման մասին:
Երեկ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն «Հայաստան-Սփյուռք» համահայկական համաժողովի մասնակիցների հարցերին պատասխանելիս պարզաբանել էր ԼՂ կարգավորման գործընթացում տարածքների վերադարձի խնդիրը:
«Տարածքների վերադարձի մասին խոսքը գնում է այն տարածքների մասին, որոնք անվտանգության իմաստով սպառնալիք չեն լինի թե՛ Ղարաբա եղին, թե՛ ընդհանրապես այս հանգուցալուծմանը: Մնացած մանրամասները եթե բացեմ՝ բանակցությունները կարող են կանգնել», — ասել էր Էդվարդ Նալբանդյանը:
Աշոտյանն ասում է, որ ապրիլյան պատերազմից հետո փոխվել է բանակցությունների բովանդակությունը այն տեսակետից, որ համանախագահների մասնակցությամբ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո ընդունված պարտավորությունների կատարման շուրջ են այսօրվա բանակցությունները:
Արմեն Աշոտյանն ընդգծում է, որ այսօր թիվ մեկ խնդիրն է պարտադրել Ադրբեջանին կատարել այն պարտավորությունները, որից հետո կարելի է խոսել բանակցային գործընթացի փաստաթղթային քննարկումների մասին:
«Ադրբեջանական դիվանագիտությունը մի խորամանկություն է անում. իր ԱԳ նախարարի շուրթերով ասում է՝ Հայաստանը պետք է վերադառնա բովանդակային քննարկումների, իրենց համար բովանդակային ասելով այն է, ինչը հիմա Հայաստանում քննարկում ենք, ցավոք սրտի», — ասաց Արմեն Աշոտյանը:
Արմեն Աշոտյանն ասում է, որ ուրախ է հասարակության այդպիսի արձագանքի համար.
«Այն ռեակցիաները, որ մենք տալիս ենք որպես հասարակություն ու ականջի ծայրով լսում ենք, որ կարող են որոշակի տարածքներ հետ հանձնվեն, կարող են խնդիրներ առաջանալ, տեղահանված անձինք վերադառնալ եւ այլն, բնական է հասարակության ցասումային ռեակցիան, բնական է հասարակության նաեւ սուր ռեակցիաները, այդպես էլ պետք լինի: Ես կտխրեի, կզարմանայի, ու ամեն ինչ կանեի լինի այնպես՝ ինչպես այսօր կա, եթե այդ ամենը չլիներ: Հետեւաբար, խնդրում եմ ձեզ, եկեք ազգովի հավատացեք, որ բանակցային գործընթացն այնպիսի ամուր ձեռքերում է, այնպիսի խելոք գլուխներում է, որ երկար շախմատային քաղաքական այս խաղատախտակի վրա, մենք պարզապես սխալ հարցադրումներով չշեղենք օրակարգը: Այսօրվա օրակարգը փաստաթղթի դետալների քննարկումը չէ, այսօրվա օրակարգը բանակցային միջավայրի վերականգնումն է, անվտանգության երաշխիքների ապահովումն է, Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարումն է, որից հետո կարելի է խոսել փաստաթղթի նախագծի մասին»,-ասաց Աշոտյանը:
Ի դեպ վերջինս համաժողովի մասնակիցներին հիշեցրեց, որ Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, և Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման և Հայաստանի անվտանգության հարցի մասին խոսեցին 9 ուժից ընդամենը 3 ուժ:
«ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը. տարբեր տեսակետներով, բայց ընդամենը երեք ուժ է խոսել Լեռնային Ղարաբաղից, այո, խնդիրը արդիական է, բոլորս դրանով արթնանում ու քնում ենք, բայց քաղաքական օրակարգի նախընտրական թոհուբոհի մեջ դա խնդիր չի դիտարկված», -նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:




