Հասարակություն

Հայկական եկեղեցու կառուցումն աբխազահայերի կյանքն էապես փոխել է


Աբխազիայի հայերի կիրակիները վերջին տարիներին մեծապես փոխվել են: Գագրայի հայկական Սբ Ամենափրկիչ եկեղեցու կառուցումը հայ համայնքին միավորել է առաքելական եկեղեցու շուրջ: Դրանից առաջ՝ մինչեւ 2013 թվականը, հայերն Աբխազիայում եկեղեցի չունեին:  Նրանց առօրյան խնդիրներից զերծ չէ, իսկ ամենալուրջ խնդիրը կապում են Հայաստան կապերի բացակայության հետ: Վրաց-աբխազական  քաղաքական խնդիրները թույլ չեն տալիս, որ տեղի հայերը Հայաստան այցելեն, իրենց երեխաներին Հայաստան սովորելու ուղարկեն։ Չափազանց թանկ է արժենում: Այսքանով հանդերձ՝ հայապահպանության ամենատարբեր ծրագրեր են իրականացվում այստեղ: 

Խորհրդային շրջանից մինչեւ վերջին տարիները համշենահայերը հայ առաքելական եկեղեցի չեն այցելել: Այդ հնարավորությունը պարզապես չեն ունեցել՝ եկեղեցի չի եղել: Ուստի տեղի  հայերն ուղղափառ, կաթոլիկ եկեղեցական համայնքների մեջ են կողմնորոշվել: 2013-ին հայ առաքելական եկեղեցու հիմնումը համշենահայերի կյանքում շատ բան փոխեց՝ «Ռադիոլուր»-ին պատմում է Աբխազիայում գործող «Համշենուհի» կանանց միջազգային միության ղեկավար Սաիդա Օհանյանը:

«Եկեղեցին սկսել է գործել ոչ վաղ անցյալում, դրա կառուցումից հետո հիմա շատ լավ հոգեւորական ունենք՝ Տեր-Սեդրակ Ազնավուրյանը: Հենց առաջին օրվանից, երբ նա ստանձնեց իր ծառայությունը, նախ սկսեց նախ համշենահայերենը սովորել: Հիմա արդեն խոսում է դրանով՝ երեւի մեզանից էլ լավ: Մարդը մտավ հասարակության մեջ, մտավ ամեն ընտանիք, փաստացիորեն զբաղվում է առաքելությամբ: Մարդիկ ձգվեցին դեպի հավատը»:

Այսօր արդեն կիրակնօրյա պատարագներին շտապում է ներկա լինել Աբխազիայի հայ համայնքի մեծ մասը:  Գագրայի հայկական Սբ Ամենափրկիչ եկեղեցին դարձել է չճանաչված այդ հանրապետությունում  աբխազներից հետո իրենց թվով երկրորդ ազգի՝ հայերի հավաքատեղին: Հայերը բացարձակ մեծամասնություն են Սուխումի շրջանում, իսկ Գագրայի ու Գուլրիփշի շրջանում թվով խոշորագույն էթնիկ խումբն են: Եկեղեցու բացակայությունը նրանց կյանքում զգալի է եղել: Սաիդա Օհանյան:

«Պատարագներին չափազանց շատ մարդ է հավաքվում:  Կրոնական տարբեր տոներ են նշվում արդեն: Նշում ենք՝ բոլորս միասին, իսկ դա շատ հաճելի է»:

Աբխազահայերի ընտանիքներում հայկական ավանդույթները պահպանվել ու պահպանվում են, իսկ եկեղեցական շատ ավանդույթներ նոր են ձեւավորվում: Սուխումի հայկական քաղաքային համայնքի ներկայացուցիչ Սուրեն Քերսեյանը նշում է, որ հայ համայնքին միավորելու Տեր-Սեդրակ Ազնավուրյանի աշխատանքները դպրոցներ, ընտանիքներ այցելելուց զատ իրականացվում են ամենատարբեր միջոցներով:

«Մենք բոլորս անգամ sms հաղորդագրություններ ենք ստանում նրանից, որ այսինչ օրը այսինչ միջոցառումն է անցկացվելու: Համայնքում դեպի եկեղեցին ձգվելու լուրջ միտում է նկատվում»:

Աբխազիայի շուրջ 42 հազար հայերն այսօր հայապահպանության տարբեր ծրագրեր ունեն: 20 տարուց ավելի է՝ տպագրվում է «Համշեն» թերթը:  Մշակույթի օրեր, փառատոներ են անցկացվում, ամեն ապրիլի 24-ի հարգում են Ցեղասպանության զոհերի հիշատակը:  Շախմատի մրցաշարեր, խաչքարերի տեղադրում, մեծագույն ջանքերով հայկական 25 դպրոցի պահպանում, որոնք ոչ թե կիրակնօրյա, այլ միջնակարգ են: Չճանաչված եւ Հայաստանի հետ պաշտոնական կապեր չունեցող Աբխազիայում հայ մշակույթին շատ ավելի մեծ ուշադրություն է դարձվում, քան առավել մեծ հայկական համայնքներում, որոնք մեր չափ խնդիրներ չունեն, ասում է Սուխումի համայնքի ներկայացուցիչ Սուրեն Քերսեյանը: Հայկական դպրոցներում հայերեն դասագրքերի խնդիրը լուծվել է միայն վերջերս, մինչ այդ դա լրջագույն խնդիր էր, ինչն ավելանում էր արեւելահայերենը դժվար հասկանալու աբխազահայերի խնդրին: Հայերենի տասնյակ բարբառներից ամենադժվար հասկանալին թերեւս արեւմտահայերենին մոտիկ համշենահայերենն է: Այն խոսվում է Աբխազիայում, որտեղ հայերի մեծ մասը համշենցի է: Նրանք գաղթել են Սև ծովի հարավարևելյան ափերից՝ Տրապիզոնի, Օրդուի և Սամսոնի շրջաններից: Սուրեն Քերսեյան:

«Մեզ մոտ հայկական գրքեր են տպագրվում, ընդ որում՝ մարդիկ ստեղծագործում են նաեւ համշենահայերենով: Կան նաեւ թարգմանություններ հայերենով»:

Հայկական ավանդույթների եւ լեզվի պահպանության բոլոր ջանքերով հանդերձ՝ աբխազահայերի շրջանում զգալիորեն ավելացել են խառնամուսնությունները՝ շարունակում է Սաիդա Օհանյանը: Համշենուհիների միության նախագահը սա պարզապես մոդայիկ է համարում, ներքին խնդիրներ հիմքում չկան՝ ըստ նրա: Զրուցակիցս նկատում է՝ համշենուհիներն ավելի ազատ են դարձել, պետական պաշտոններում քիչ են ներկայացված, սակայն նրանց մեծ մասը զբաղվում է գործարար ծրագրերով, ավելի շատ, քան Հայաստանի հայուհիները՝ ասում է:

Կարդացեք նաև

Back to top button