Մշակույթ

Ինչպես «Փրկության կղզին» դարձավ վարպետության դաս․ Դավիթ Հակոբյանը դարձավ 60 տարեկան

 

Համազգային բեմում «Փրկության կղզի» ներկայացումն  է: Գլխավոր դերում Դավիթ Հակոբյանն է: Ու մինչ կբացվի վարագույրը ու կսկսվի ներկայացումը, մուտք ենք գործում դիմահարդարման սենյակ։ 60- ամյա դերասանը հայելու առաջ  դիմահարդարման վերջին շտրիխներն է աում, անակնկալի է գալիս իմ անսպասելի հարցից: Հուզված է, ասում է՝ արագ կպատասխանի հարցերին, քանի որ երկու րոպեից ներկայացումը կսկսվի, իսկ հանդիսատեսին չի կարելի սպասեցնել։ Ժպտում ենք ու անցնում օրվա խորհրդին։ Ինչպես է  սկսվել դերասանի օրը: Ասում է, որ օրն աշխատանքային է եղել. դաս, ուսանողներ, բեմադրության փորձ: Առաջին շնորհավորանքն էլ կնոջից է ստացել․ «Իմ բախտը գրեթե միշտ բերել է, որովհետեւ թատրոնում եմ նշում, որովհետեւ թատերաշրջանի բացումը սկսվում է իմ ծննդյան տոնով, հետո երեկոյան գնում եմ տուն»։Սակայն 60-ամյա դերասանը դեռ չգիտեր, որ ծննդյան տոնին Համազգայինի դերասանները իսկական ներկայացում էին բեմադրել։ Նա  բարձրացավ բեմ արդեն որերորդ անգամ խաղալու «Փրկության կղզի»-ն, բայց  ներկայացումը անսպասելի ընդհատվեց ու  նրա խաղընկեր Տաթև Ղազարյանը դուրս եկավ բեմից։ Մինչ Դավիթ Հակոբյանը ուզում էր հասկանալ՝ ինչ է կատարվում,  հայտնվեց դերասանուհի Կարին Ջանջուղազյանը՝ «Օսկար» ներկայացման դերակատարներից մեկը։
Դերասանն առանց մի  վայրկյան իսկ խառնվելու սկսեց խաղալ այդ ներկայացման տեսարանը, հետո  հաջորդեցին արդեն  3-րդը, 4-րդը և այդպես շարունակ…
Հանդիսատեսը չկռահեց էլ, որ դերասանը այդ ամենը արեց հենց բեմում։ Շատերին թվացել  էր, որ նախապես սցենարը գրված է եղել,  հետո արդեն ներկայացման ավարտին դերասանը պատմեց,  որ բարձրացել էր բեմ՝ մեկ ներկայացման մեջ խաղալու, սակայն ենթարկվեց իսկական փորձության: Իսկ փորձության միջոցով նա հանդիսատեսին ներկայացրեց ստեղծագործական ուղու մի փոքր հատված,  «Այսօր ես ապրեցի իմ ամենահուզիչ օրերից մեկը։ Այս ամենից տեղյակ չէի, կեսից ինձ թվաց, թե «կոշմառ» է սկսվել, մտածում էի՝ ոնց որ թե լավ էի, էս ինչ եղավ, բայց միաժամանակ այդ ամենն այնքան հաճելի էր…»։

«Սա մեծ դերասանի բացառիկ վարպետաց դաս էր»…, — հայտարարեց Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Վիգեն Չալդրանյանը։  Պատմեց, որ թատրոնի  դերասանների մտահղացումն էր՝ որոշել էին փորձել ու հասկանալ՝ արդյո՞ք նա կկարողանա րոպեների ընթացքում վերհիշել  տարբեր տարիների ընթացքում խաղացած դերերը։ Կային դերեր, որ նա շատ վաղուց չէր խաղացել: Եվ միայն վարպետը կարող էր դա անել:  Մեկ բառով բնութագրեց դերասանին՝ ունիվերսալ:
Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանն էլ խոստովանեց, որ մտորում էր ու ուզում էր հասկանալ՝ ինչ դերասան է Դավիթ Հակոբյանը.  բացահայտեց՝ դերասանն անշուշտ խելք է, միտք է, հոգի է, սիրտ է, իսկ  Դավիթ Հակոբյանը մտածող սրտի դերասան է։ Վիգեն Ստեփանյան էլ շտապեց ավելացնել՝ ամենալավը իր մասին պատմում է հենց Դավիթը։
Շնորհավորանքներին ու հուշերին հետևեցին պարգեւները։ Թատերարվեստի ոլորտում ունեցած ծանրակշիռ ավանդի համար Դավիթ Հակոբյանին շնորհվեց ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ: Թատերարվեստին մատուցած ծառայությունների համար դերասանն ստացավ Թատերական գործիչների միության Ոսկե մեդալ, որը նրան հանձնեց ԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը: Դավիթ Մուրադյանն էլ դերասանին հանձնեց Թատրոնի և կինոյի ինստիտուտի պատվավոր շրջանավարտի մեդալը։ Հետո արդեն բեմի վրա վառվեցին տորթի մոմերն  ու դերասանը  հայտարարեց,  որ  հիվանդ է  թատրոնով, բժիշկներին էլ չի հավատում, դրա համար թատրոնում է բուժվում։

Կարդացեք նաև

Back to top button