Co-chair of the Armenia-Israel Forum, Doctor of Political Sciences, General-Lieutenant Hayk Kotanjyan and former deputy of Knesset Alexander Tsinker gave a press conference on the topic of 'Armenia - Israel: Dynamics of Development of Bilateral Relations' at Sputnik Armenia press center
«Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումն իր գործունեության կոնկրետ արդյունքներն ունի: Օրինակ՝ Երեւան-Թել-Ավիվ ուղիղ չվերթը: Արդյունքների ու հետագա ծրագրերի մասին այսօր խոսել են ֆորումի համանախագահներ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը եւ Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը: Նրանք ամփոփել են նաեւ բարեկամության միջխորհրդարանական խմբի անդամների հետ Քնեսեթի փոխխոսնակի՝ Երևան կատարած այցելության արդյունքները: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ բանախոսներն անդրադարձել են նաեւ ընդհանուր հետաքրքրությունների, տարբեր ուղղություններով համագործակցության հնարավորությունների ընդլայնման և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, պատասխանել լրագրողների հարցերին:
Դեռ ամիսներ առաջ Իսրայելում հայաստանցի լրագրողներին դիմավորելիս «Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ, Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը ձեւակերպել էր, թե՝ հաջորդ կայարանը կլինի Երեւանում՝ Իսրայելի դեսպանատանը:
Այսինքն, Ցինկերը նկատի էր ունեցել, որ մինչ այդ Իսրայելը Երեւանում դեսպանատուն կունենա: Ի՞նչ կայարանում են այսօր հայ-իսրայելական դիվանագիտական հարաբերությունները՝ նույն փոխաբերությամբ այսօր հարց ուղղվեց Ալեքսանդր Ցիներին: Նա էլ, կրկին օտվելով փոխաբերությունից, հայտարարեց. «Կայարանի առիթով, դե, այսպես կասեմ՝ գնացքը հեռու չի գնացել»:
«Ինձ թվում է, դա ոչ քաղաքական խնդիր է, այլ՝ զուտ այդպիսի՝ ֆինանսական: Ես դրա հետ կապված այնքան էլ վատատես չեմ, կարծում եմ՝ դեսպանատան առիթով ժամանակ կպահանջվի»:
Ինձ ավելի շատ այլ խնդիր է անհանգստացնում՝ հավելեց Ալեքսանդր Ցինեկրը՝ նշելով, որ խոսքն առանց վիզային ռեժիմ ունենալու մասին է՝ ինչպես Իսրայելից Հայաստան, այնպես էլ՝ Հայաստանից Իսրայել: Դա սերտորեն կապված է զբոսաշրջության հետ՝ պարզաբանեց Քնեսեթի նախկին պատգամավորը: Նա հույս հայտնեց, որ նման գործընթաց ճիշտ վարելու դեպքում փոխըմբռնման հասնել հնարավոր է:
«Միանգամայն հնարավոր է, որ հենց այս հարցը լուծվի ավելի շուտ, քան, ինձ թվում է, Հայաստանում Իսրայելի դեսպանատուն եւ Իսրայելում Հայաստանի դեսպանատուն բացելը»:
Վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացավ ադրբեջանա-իսրայելական ռազմական համագործակցության վերաբերյալ: Այս համատեքստում արդյո՞ք կան ակնկալիքներ հայ-իսրայելական ռազմական համագործակցության առումով: Այս հարցին անդրադառնալով՝ «Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ Հայկ Քոթանջյանը նախ հիշեցրեց Ադրբեջանին անօդաչու թռչող սարք վաճառած կազմակերպության հետ կապված զարգացումները, ինչի վերաբերյալ հրապարակումներ եղել են, այդ թվում՝ Իսրայելում: Հիշեցրեց նաեւ, որ վերջերս ՀՀ պաշտպանության նախարարն այցելել էր Իսրայել եւ ընթացել էին բանակցություններ ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ: Հայկ Քոթանջյանը շեշտեց նաեւ, որ հայկական հասարակական կարծիքն է հատկապես բացասաբար արձագանքում Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստին:
«Իսրայելական կողմը, Քնեսեթի խմբի մակարդակով՝ տիկին Պլոսկովի գլխավորությամբ, պատրաստակամություն է հայտնել հայկական կողմի մեսիջը համարժեքորեն փոխանցել Իսրայելի իշխանություններին: Ես չեմ կասկածում, որ այդ մեսիջն անպայման կփոխանցվի Իսրայելի պետական պաշտոնական ատյաններին»:
Ալեքսանդր Ցինկերն էլ իր հերթին հիշեցրեց, որ Ադրբեջանում հայկական դիրքերի վրա իսրայելական անօդաչու սարքի փորձարկման առթիվ այժմ Իսրայելի պաշտպանության նախարարությունը քննություն է վարում, քանի որ տեղի ունեցածը Իսրայելի բոլոր իրավունքների եւ սկզբունքների խախտում էր:
Մենք բոլորս սպասում ենք, թե ինչով այն կավարտվի՝ ասաց Ցինկերը: Նա նշեց, որ այդ ընկերությունը հիմա փակ է, ապա կարծիք հայտնեց, թե միանգամայն հնարավոր է, որ այդ մասնավոր ընկերությունը կզրկվի լիցենզիայից:
Օրերս Կնեսետի պատգամավորների մի խումբ Երեւանում այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Արձագանքելով Իսրայելի Կնեսեթում Հայոց ցեղասպանության խնդրի քննարկման եւ ընդունման հավանականությաանը վերաբերող հարցին՝ Քնեսեթի նախկին պատգամավորը նախ տեղեկացրեց, որ հարցումները ցույց են տալիս, որ Իսրայելի բնակչության մեծ մասը կողմ է ցեղասպանության ճանաչմանը. Ցեղասպանության ողբերգությունը գիտակցող պատգամավորների եւ մարդկանց թիվն աճում է: Ցավոք, կա քաղաքական խնդիր.
«Պետք է բաժանել պատմությունը քաղաքականությունից։ Կա պատմական ճշմարտություն, որը չպետք է կախված լինի որեւէ բանից: Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն ընթանում է, գուցե եւ՝ դանդաղ: Բայց ուզում ենք հուսալ, որ այդ հարցը, ամեն դեպքում, կլուծվի»։
Բանախոսի տեղեկացմամբ՝ հասել են նրան, որ Քնեսետի մշակութային հարցերի հանձնաժողովը կքննարկի հարցը եւ համաձայնություն կտա: Հաջորդ փուլը հարցը լիագումար նիստի քննարկմանը դնելն է։ Որքան հաճախ այստեղ քաղաքական գործիչներ գան, այնքան լավ՝ եզրափակեց Իսրայելի Քնեսեթի նախկին պատգամավոր, «Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը։