

Որպեսզի սպառողը կարողանա ապահովագրել իրեն անորակ սննդամթերքից, հարկավոր է խիստ ուշադրություն դարձնել սննդամթերքի մակնշման, պիտանելիության ժամկետների վրա: Մասնագետները փաստում են, որ ոչ պակաս կարևոր են նաև տեղափոխման, պահպանման և օգտագործման պայմանները: Քանի որ առավել ռիսկային են կիսաֆաբրիկատները՝ փորձագետները հորդորում են օգտվել բացառապես տեղականից և հաշվի առնել. միշտ չէ որ գինը վկայում է որակի մասին:
Սննդային թունավորումների վիճակագրությունը ցույց է տալիս, որ միայն 10 տոկոսն է սննդամթերքի պատճառով: 90 տոկոսի դեպքում պատճառը պահպանման, տեղափոխման և օգտագործման պայմաններն են` նկատում է Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Հաշվի առնելով շուկայի զանազանությունն ու անսահմանափակ առաջարկը՝ սպառողների իրավապաշտպանը նախապատվությունը տալիս է սուպերմարկետներին: Փոքր խանութներում սննդամթերքի պահպանման պայմանները չպահպանելու ռիսկը շատ ավելի մեծ է՝ ասում է: Թեև շատ կարևոր է նաև դրանց հետագա օգտագործման պայմանները արդեն սպառողի կողմից:
Ինչ վերաբերում է կիսաֆաբրիկատներին, դրանց վերահսկողությունը շատ ավելի բարդ է: Եթե օրինակ պատրաստի արտադրանքն ունի փաթեթավորում և մակնշում, ապա կիսաֆաբրիկատի դեպքում այդ տեղեկատվությունը բացակայում է: Սպառողը հստակ չգիտի, թե երբ է այն պատրաստվել, ինչ բաղադրիչներով և ով է արտադրողը:
Արմեն Պողոսյանի համար մասնավորապես հանելուկ է, թե ինչպես կարող է կիսաֆաբրիկատն ավելի մատչելի լինել, քան միսը, որից այն պատրաստվում է:
Գնի և որակի տեսանկյունից, ի տարբերություն Արմեն Պողոսյանի, բոլորովին այլ մոտեցում ունի պարենային իրավունքի փորձագետ, սննդամթերքի անվտանգության դոկտորանտ Դավիթ Պիպոյանը: Միշտ չէ, որ մատչելի գինը վկայում է անորակության մասին և հակառակը:
Ամենաբարձր ռիսկայնությունը, թերևս, աղացած միսն ունի: Կիսաֆաբրիկատ, որին կարելի է հանդիպել եւ բոլոր սուպերմարկետներում, և պատրաստել տանը թարմ մսամթերքից:
Ինչ վերաբերում է երշիկեղենին՝ փորձագետը նախապատվությունը տալիս է բացառապես տեղականին: Այն շատ ավելի վստահելի է և վերահսկելի: Ավելին՝ սպառողն ինքն էլ կարող է ստուգել դրա թարմությունը:Այսպիսով՝ սպառողը պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնի սննդամթերքի մակնշմանը և միշտ հիշի, որ պիտանիության ժամկետից բացի շատ կարևոր են նաև տեղափոխման, պահպանման և օգտագործման պայմանները:




