

Տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման շուրջ վերջին օրերի բուռն քննարկումներին: Նախարարը պարզաբանել է ծախսված գումարներն ու շահագործման հանձնված ճանապարհի հետ կապված խոսակցությունները:
Ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհ, որն արդեն մի քանի տարի է, ինչ պարբերաբար հայտնվում է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում. «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման մասին է խոսքը: Սա այն ծրագիրն է, որը տնտեսական շատ կարևոր նշանակություն ունի՝ ըստ պաշտոնական հաղորդագրությունների:
Վերջին օրերին դանդաղող ծրագիրը կրկին հայտնվեց լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Այս անգամ պատճառն այն տեղեկությունն էր, որ 150 մլն դոլար է ծախսվել ու կառուցվել ընդամենը 31 կմ երկարությամբ ճանապարհ: Տրանսպորտի կապի ու ՏՏ նախարարությունն այսօր առավոտյան հանդես եկավ պարզաբանմամբ: Կառավարության նիստից հետո արդեն նախարար Վահան Մարտիրոսյանն անդրադարձավ խնդրին:
Պարզաբանեց՝ «Արդեն շահագործման հանձնված ճանապարհի վրա ծախսվել է 70 մլն դոլար: «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման համար ծախսվել է 150 միլիոն դոլար, հանձնվել է 31 կիլոմետր ճանապարհ: Բայց այդ, 150 միլիոնը չի ծախսվել միայն 31 կիլոմետրի վրա, 31 կմ-ի վրա ծախսվել է 70 միլիոն»։
Մնացած գումարը ծախսվել է հողային աշխատանքների վրա: Դրանք այս պահին կատարվում են Աշտարակ-Թալին և Թալին-Գյումրի հատվածներում: Այս հատվածը դեռ շահագործման հանձնված չէ: Ծրագրի շուրջ դիտարկումները միանշանակ չեն: Տնտեսագետ Արտակ Մանուկյանը, օրինակ, կարծում է, որ ծրագրի մեկնարկին Հայաստանն ավելի կարևոր խնդիրներ ուներ: Ճանապարհներ՝ լավ, թե՝ վատ, ունեինք՝ ասում է:
Տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանն ավելի վաղ «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան ասել էր, որ յուրացումներ չեն եղել, սակայն աշխատանքի ընթացքում թերացումներ նկատվել են: Տնտեսագետ Արտակ Մանուկյանը որպես քաղաքացի իր վճարած հարկերից ծախսվող գումարների արդյունավետությունն է ցանկանում տեսնել.
«Իմ համար որպես քաղաքացի, որը հարկերով նպաստում է նման ճանապարհի շինարարությանը, կարևոր է պատժելիությունը: Այնտեղ ժամանակաշրջան կար, երբ ՀՀ կառավարությունը տույժ վճարեց 200 հազար դոլարի կարգի՝ վարկային ռեսուրսների համար։ Որևէ մեկը մեծ հաշվով պատասխանատվություն չի կրում այս անարդյունավետությունների համար»:
Սա նախ և առաջ տնտեսական ծրագիր է՝ ասում է արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արմեն Մանվելյանը՝ հավելելով՝ նպատակը, որպեսզի Սև ծովի նավահանգիստներ գնացող տրանսպորտային ճանապարհն անցնի Հայաստանով և ոչ թե Ադրբեջանով:
Ճանապարհի կառուցման ձգձգումը լուրջ հարված է գաղափարին՝ ասում է Արմեն Մանվելյանն ու նշում, որ մինչ այժմ պետք է ավելին արված լիներ։ Կշարունակվի՞ արդյոք ճանապարհի շինարարությունը, կա՞ն միջոցներ, թե՞ ոչ՝ հարցնում եմ տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանին։ Քննարկումներ են գնում՝ ասում է: Բիզնեսում երկարամյա փորձ ունեցող նախարարը վստահ է՝ ձգձգվող ծրագիրը վերջնական փուլում տնտեսապես շահավետ կլինի:




