Տնտեսական

Կառավարությունը կհաստատի «Հակակարկտային ցանցերի ներդրման պետական աջակցության ծրագիրը»


Կառավարությունը վաղվա նիստում նախատեսում է հաստատել «Հակակարկտային ցանցերի ներդրման պետական աջակցության ծրագիրը»: 2016թ  կարկուտի պատճառով գյուղատնտեսությանը հասցված վնասը մոտ 34 մլրդ դրամ է կազմել: Ընդհանրապես վերջին տարիներին ավելի քան երբևէ կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայում գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու համար: Իրականացվում են պետական աջակցության տարբեր ծրագրեր: Կարեն Կարապետյանի կառավարությունը շարունակեց որդեգրած քաղաքականությունն ու  ոլորտի զարգացման նոր ծրագրեր է իրականացնում: Սակայն այս տարվա առաջին կիսամյակում, ԱՎԾ  տվյալներով, ոլորտում մոտ 2 տոկոս (2,1 տոկոս) անկում է գրանցվել: Սա եւս պատասխանատուները բացատրում են անբարենպաստ եղանակային պայմաններով՝ ցրտահարություն, կարկտահարություն։

Հայաստանի տարբեր մարզերում գյուղացիների խնդիրները առաջին հայացքից նույնն են: Մարզերի աշխարհագրական դիրքն է տարբեր ու մշակվող բերքը:  Սյունիք,  թե Լոռի՝   երկու մարզերի տարբեր գյուղական համայնքներ այցելելիս առաջին հարցն է՝  հող մշակում ե՞ք, թե՞ ոչ:

Լոռու մարզի Գուգարք համայնքի ղեկավար Աշոտ Աշուղյանը «Ռադիոլուր»- ի հետ զրույցում նշում  է, որ իր ղեկավարած համայնքում գյուղացիները հողերի մի  մասը գյուղապետարանին են վերադարձնում:

Այս համայնքը աշխարհագրական  բարդ դիրքի պատճառով ոռոգման ցանց չունի։ Համենայնդեպս, համայնքի ղեկավարն այդպես է ասում:

Նույն այս մարզի ղեկավարը փաստում է՝  վերջին հինգ տարիների ընթացքում մարզում վարելահողերի օգտագործման ցուցանիշը 48%-ից հասել է 70%-ի: Պաշտոնական  վիճակագրությունը, սակայն, միայն աճ չի արձանագրում:  ԱՎԾ  տվյալներով, այս տարվա առաջին կիսամյակում գյուղատնտեսության ոլորտում համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 2.1%-ով: Ավելի պարզ՝ մոտ երկու տոկոս անկում է գրանցվել: ԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը գյուղատնտեսության ոլորտի  անկումն ավելի շատ անբարենպաստ եղանակով, քան  հողերի մշակումից հրաժարվելով է պայմանավորում:

Գագիկ Մակարյանը կարծում է նաև, որ այս տարվա աննախադեպ շոգն էլ անկման պատճառ դարձավ:

Ընդհանուր առմամբ, զրուցակիցս կարծում  է, որ ոլորտում մենեջմենթի ներդրման կարիք կա, գյուղացին ճիշտ խորհրդատվության կարիք ունի:

«Հին մթեոդները, հետամնաց, հին գիտելիքներով: Կոլխոզը չկա, որ ասեն, ինչ անի, հիմա գլխին կանգնած չի, ծուլությամբ են անում»:

Զրուցակիցս ինչ- որ քայլեր նկատում է, հիշեցնում մթերման նպատակով տնտեսվարողներին տրամադրվող մատչելի վարկերը: Մեկ այլ ծրագիր էլ առաջիկայում կհաստատվի: Կառավարությունը ներդնում է  «Հակակարկտային ցանցերի ներդրման պետական աջակցության ծրագիրը»:

Նախագծի հիմնավորման համաձայն, յուրաքանչյուր տարի կարկուտի պատճառով վնասվում են հանրապետության այգետարածքների 10-15 %-ը, որոշ դեպքերում կարկտահարված տարածքներում բերքի կորուստը կազմում է 80-100 %:  Այժմ ՀՀ-ում  շուրջ 60-70 հեկտար տարածք­ներում տեղադրվել են կարկտապաշտպան ցանցեր, որոնց կիրառման արդյունավետու­թյունը կազմում է գրեթե 100 %:

Ծրագրի իրականացման արդյունքում նախադրյալներ կստեղծվեն մատչելի մեխանիզմների կիրառմամբ  տարեկան շուրջ 1350 հա խաղողի և պտղատու այգիների հակակարկտային ցանցերի ներդրման համար, հանրապետության այգիների շուրջ 2.4 %-ը կպատվի կարկտապաշտպան ցանցաշերտերով։

Կարդացեք նաև

Back to top button