Տնտեսական

Մատչելի վարկեր՝ վարկունակ կազմակերպություններին


Հայաստանի խաղողագործաների միության նախագահ Արտակ Սարգսյանի խոսքով` խաղողագործներին այս պահին ամենամտահոգող հարցը ոռոգման ջրի բացակայությունն է: «Գյուղացին գարնանից ներդրումներ է կատարել, ոռոգման հարցը պետք է լուծվի, որ նորմալ բերք ունենա»,- ասում է Սարգսյանը: Կառավարությունում չեն հերքում, որ  ոռոգման ջրի խնդիր կա, գյուղացիներին հորդորում  են իրար զիջելով ջրել այգիները: Առջևում էլ մթերման շրջանն է: Այստեղ նույնպես խնդիրներ կան՝ վերամշակող ընկերությունների մեծ մասը շրջանառու միջոցներ չունի: Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել  է, որ օգոստոսի 1-ի դրությամբ գյուղացիներին պտուղ բանջարեղենի ու խաղողի մթերման պարտքը 130 մլն դրամ է: Կառավարությունը նոր պիլոտային ծրագիր է սկել՝ մատչելի տոկոսադրույքով վարկեր է տրամադրելու պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերություններին: Ի՞նչ կտա ծրագիրը, կհաջողի, թե՞ ոչ: 

Հայաստանում խաղողագործությունը գյուղատնտեսության գերակա ճյուղերից մեկն  է համարվում: Կառավարությունը պարբերաբար հայտարարում է,  որ լուրջ ջանքեր է ներդնում   ոլորտի զարգացման, խաղողի առատ բերքի ստացման համար: Սակայն, միշտ չէ, որ առատ բերքը խնդիրներ չի առաջացնում: Ամենավառ օրինակը 2015-ին էր, երբ խաղողի աննախադեպ բերքը մթերման դժվարությունների առջև կանգնեցրեց գյուղացիներին:  Առայսօր նրանց մի մասը չի ստացել դեռ նախորդ տարվա մթերման գումարները: Օգոստոսի 1-ի դրությամբ վերամշակող ընկերությունները գյուղացիներին պարտք են 130 մլն դրամ:

Մինչ քաղցրաշենցիները սպասում են դեռ երկու տարի առաջ մթերած խաղողի գումարներին, այս տարի պիտի լուծեն  ցրտահարության վնասի խնդիրը:  Ցրտահարվել են անգամ համայնքի ղեկավարի խաղողի այգիները: Վալերիկ Գյուլամիրյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշում է, որ նախնական հաշվարկներով համայնքի խաղողի այգիների մոտ 40 տոկոսը ցրտահարվել է: Ռիսկային խմբում են այգեթաղ չկատարած այգիները:

Ցրտահարության պատճառով այս տարի խաղողի 30 տոկոս պակաս բերք է ակնկալում խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը: Որքան էլ խաղողի բերքը քիչ լինի, միևնույնն է մթերման խնդիրներ կառաջանան: Վերմշակող ընկերությունների մեծ մասը շրջանառու միջոցների կարիք ունի: Կառավարությունն այս տարի փորձնական ծրագիր է սկել: 2,4 մլրդ դրամ՝ վերմշակող ընկերություններին՝ պտուղ- բանջարեղենի մթերման համար: Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է՝ 3 բանկ արդեն միացել են ծրագրին, ևս 7-ի հետ բանակցում են: Նախատեսում են վերամաշկող ընկերություններին գումարը տրամադրել մատչելի պայմաններով՝  տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով:

«Վարկերը տրամադրվում են մինչև 12 տոկոս տարեկան տոկոսադրույքով, որից մինչև 9 տոկոսը սուբսիդավորվում է կառավարության կողմից; Տրամադրվում են մեկ տարով՝ նպատակը՝ գյուղմթերքի մթերումն է, միայն այդ նպատակով: Գումարը միանգամից գյուղացուն է փոխանցվելու»:

Սակայն կա մի կարևոր նախապայման՝ գումարը հնարավորություն կունենան ստանալ միայն այն գյուղացիները, որոնք վերամշակող ընկերությունների հետ պայմանագրեր կկնքեն:

«Եթե պայմանագրեր չեղան, վարկեր չեն տրամարդրվի»:

Յուրաքանչյուր շահառուի համար ծրագրված է մինչև 150 մլն դրամ: Ծրագրից կօգտվի մոտ 100 ընկերություն: Գյուղատնտեսության նախարարությունը պարբերաբար կհրապարակի այն ընկերւթյունների ցանկը, որոնք կօգտվեն այս ծրագրից: Մասնագետները կորոշեն, թե տվյալ ժամանակահատվածում պտուղ- բանջարեղենի որ տեսակի  մթերումն է խնդիրներ  առաջացնում, գումարն այդտեղ կուղղեն: Միջոցներ կտրամադրեն վարկունակ կազմակերպություններին:

Ծրագիրը պիլոտային է, հաջողության դեպքում կշարունակվի:  Հաջորդ տարի նախատեսվում է 2,4 մլրդ դրամի փոխարեն հատկացնել 20 մլրդ դրամ :

 

 

 

 

Կարդացեք նաև

Back to top button