Տնտեսական

Պետք է գնալ ոչ թե հումք վաճառելու, այլ պատրաստի արտադրանք արտահանելու ճանապարհով


Հանրության կողմից երկար սպասված ավտովարորդների վկայականների ճանաչման գործընթացը, կարծես, հանգուցալուծում ստացավ՝ անդրադառնալով Աստանայում տեղի ունեցած վարչապետերի վերջին հանդիպմանը՝ լրագրողների հետ զրույցում նկատել է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նա անդրադարձել է  Աստանայում քննարկված մյուս թեմաներին ու  խոսել մասնավորապես  արդյունաբերության մասին:  Սաֆարյանը համոզված է, որ մեքենաշինությունը հնարավոր է վերականգնել Հայաստանում:

Խորհրդային տարիներին «Երազ» գործարան ունեցող Հայաստանը արդեն 25 տարի է փորձում է վերականգնել արդյունաբերությունը՝ մասնավորապես մեքենաշինությունը: Այս առումով Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը Աստանայում տեղի ունեցած հանդիպումը բավականին հուսադրող է համարում: Հիմք ընդունելով Աստանայի վերջին հանդիպումն ու  վերջերս Հայաստանում ԵԱՏՄ նախարարների հանդիպումները՝ Վազգեն Սաֆարյանը նշեց, որ ցանկանում են նոր ընթացք տալ ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերության՝ մասնավորապես մեքենաշինության ոլորտի զարգացմանը: Ռուսաստանի մեքենաշինարարների միությունը, Բելառուսի ու Ղազախստանի համանման կառույցները ստեղծել են կոորդինացիոն խորհուրդ, որը գործում է ԵԱՏՄ շրջանակներում: Այս կառույցի հերթական նիստը սեպտեմբերին որոշվել է անցկացնել Հայաստանում:

Հանդիպմանն ընդառաջ Հայրենական ապրանք արտադրողների միությունը հաստոցաշինական ձեռնարկությունների ղեկավարներին դիմել է նամակով, որպեսզի տան իրենց առաջարկությունները, կոնֆերանսն ավելի արդյունավետ կազմակերպելու համար: Դիմել են նաև Կառավարությանը:

Մեքենաշինության արդյունաբերություն ասելով պետք է հասկանալ թե՛ հաստոցաշինություն, թե՛ ավտոմեքենաշինություն, պարզաբանում է Վազգեն Սաֆարյանը և ընդգծում. պետք է գնանք ոչ թե հումք վաճառելու, այլ պատրաստի արտադրանք արտահանելու ճանապարհով: Թե որքանով է այս ծրագիրը իրատեսական, հետաքրքրվեցինք նաև Տնտեսական զագացման և ներդրումների նախարարությունից: Այստեղից սակայն մեզ հայտնեցին, որ ծրագրերը շատ նախնական փուլում են և դեռևս ենթակա չեն հանրայնացման: Փոխարենը տնտեսագետ Վարդան Բոստանջյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նկատեց, որ Հայաստանը մեքենաշինության բնագավառում բավականին լավ պոտենցիալ ուներ  խորհրդային տարիներին: Շուկայական հարաբերությունների պայմաններում այդ պոտենցիալն աստիճանաբար կորցրեցինք, թե նյութական, թե կադրային առումով: Որքան էլ տնտեսագետը լավատեսորեն է տրամադրված, կարծում է, որ միայն հրաշքով կարող է վերակենդանանալ մեքենաշինությունը Հայաստանում:

Միայն հետևողական և համալիր աշխատանքների արդյունքում է հնարավոր իրատեսական ծրագրերի մասին խոսել, կարծում է Վարդան Բոստանջյանը՝ ընդգծելով, ոչ միայն ներդրումներ, այլև ժամանակ է հարկավոր հաջողությունների հասնելու համար:

 

Կարդացեք նաև

Back to top button