Հասարակություն

Հարգանքի տուրք Զիարատում


Երեկ  երեկոյան  Ակնալճի հայ-եզդիական բարեկամության հուշահամալիրում ծաղիկներ են խոնարհվել Շանգալի եղդիների ցեղասպանության  զոհերի հիշատակին կանգնեցված հուշաքարին, իսկ ավելի ուշ  սրբավայրում՝ Զիարատում, կազմակերպվել է մոմավառություն և հոգեհանգստի կարգ եզդի հոգևորականների կողմից:

Ակնալճի եզդիական սրբատեղին՝ Զիարատը, երեկ երեկոյան մարդաշատ էր, Հայաստանի եզդիները եկել էին հարգանքի տուրք մատուցելու 2014թ  Իրաքի հանրապետության Շանգալի նահանգի եզդի նահատակների հիշատակին: Եզդիները 2014 թվականին Իրաքի հյուսիսում իրականացված ոճրագործությունը համարում են ցեղասպանություն և օգոստոսի 3-ը նշում սգո օր: «Եզդի և հայ ժողովուրդների բարեկամություն» հասարակական կազմակերպության նախագահ Սիաբանդ Բաքոյանը պատմում է  3 տարի առաջ եզդիների ցեղասպանության մասին:

«Շանգալում կազմնակերպված գործողություններ իրականացվեցին, նպատակը եղդիների ցեղասպանությունն էր: մի կողմից Իրաքի զորքն էր կանգնած, մյուս կողմից՝ քրդական: Երկուսն էլ միաժամանակ հետ քաշվեցին և խեղճ  ժողովրդին թողեցին ոճրագործի ձեռքին»

Ցեղասպանության ընթացքում եզդիները գերեվարվել են: Մոտ 3500  կանայք, աղջիկներ և երեխաներ  մինչև հիմա գտնվում են գերության մեջ, նրանց կարելի է հանդիպել իսլամական պետության  տարբեր շուկաներում, որոնք որպես ստրուկ հանվել են վաճառքի՝ 5 դոլարից մինչև 1000 դոլար արժեքով: Մարդասիրական տարբեր ճանապարհներով 2014-ց մինչև հիմա եզդիները կարողացել են վերադարձնել  7500 գերիների:  «Շամս»   մարդասիրական հասարակական կազմակերպության նախագահ Ռուստամ Բաքոյանը  դատապարտում է քաղաքակիրթ աշխարհին, որն  անհաղորդ է  եզդիների ստրկացմանը և իր տեսակետն է հայտնում:

«Սա տրագեդիա է 21-րդ դարում և անընդունելի քաղաքակիրթ մարդկության կողմից, թեև կարծում եմ, քաղաքակիրթ մարդկությունն է այս ամենը հրահրում, որովհետև մինչև հիմա էական որևէ միջոցառում չի ձեռնարկվել, որպեսզի եզդիների դեմ իրականացվող ցեղասպանությունը կանխվի»:

Զիարատում եզդիների ցեղասպանության հիշատակի օրը բացվել էր լուսանկարների ցուցահանդես: Նկարները պատմում էին եզդիների տեղահանման, սովալլուկ երեխաների, նրանց կատմամբ կիրառվող բռնությունների մասին: Սլոյան Դարվիշը  հոգում ցավը պահած լուռ նայում էր նկարներին: Կանգնել էր Սինջարի նկարի մոտ ու փորձում հիշել տեղանքը, որտեղ եղել է դեռ 2003 թվականին: 

«Հազիվ ճանապարհը բացվել էր, գնացի մեր սրբավայրը՝ Լալեշը,  եղա մյուս տեսարժան վայրերում, Սինջար լեռը շատ գեղեցիկ է»:

Հայ-եզդիական բարեկամության  հուշահամալիրում   ծաղիկներ խոնարհվեցին ցեղասպանության զոհերի,  եզդի հերոսների, այդ թվում հայ-եզդի բարեկամության և եղբայրության   հուշարձաններին, ավելի ուշ կազմակերպվեց մոմավառություն:  Եզդիների հիշատակը հարգելու էին եկել նաև հայ բարեկամները:  Արարատի մարզի Տափերական գյուղից 15-ամյա Գայանե Ղազարյանը միակ աշակերտուհին է, ով հաճախում է եզդերենի ուսուցման դասերին: Երեկ նա  եզդիների սրբավայրում էր:

«Ինձ հետաքրքրում է պատմությունը: Շատ տպավորիչ է այն, երբ վերևից ինքնաթիռներով փորձել են պայթեցնել եկեղեցին, բայց չեն տեսել, քանի որ սրբավայր է, չի երևացել թշնամուն, ես եկել եմ հարգելու Շանգալի եզդիների զոհերի հիշատակը»:

Զիարատում ուշ երեկոյան եզդի հոգևորականները Շեյխ Տոսուն Ամոյան ու Ջնդի Ջնդոյանը աղոթք արեցին անմեղ զոհերի հշատակին: Եզդիների ցեղասպանության զոհերի  հիշատակին Ակնալճի եզդիների սրբավայրում տեղադրվել է հուշաքար, որտեղ նախատեսվում է կառուցել հուշարձան:

 

 

 

Կարդացեք նաև

Back to top button