
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Միացյալ Նահանգների Սենատի կողմից ընդունված նոր հակառուսական օրինագիծը, ասել է, որ դա լկտիություն է:
«Հնարավոր չէ անվերջ հանդուրժել մեր երկրի նկատմամբ իրականացվող լկտիությունը: Նման մոտեցումն անընդունելի է»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է Պուտինն իր ֆինն գործընկեր Սաուլի Նիինիստոյի հետ մամուլի ասուլիսի ժամանակ: Նա հստակեցրել է, որ Ռուսաստանի պատասխանը կախված կլինի օրինագծի վերջնական տարբերակից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Ռադիոլուր»-ը, Միացյալ Նահանգների Սենատը երեկ ձայների 98 կողմ և 2 դեմ հարաբերակցությամբ հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանող օրինագծին։
Օրինագիծը նաև սահմանափակում է պատժամիջոցները վերացնելու՝ Միացյալ Նահանգների նախագահի լիազորությունները:
Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցները սահմանվում են ի պատասխան Ղրիմի բռնակցման, Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի գործողությունների և ԱՄՆ 2016 թվականի նախագահական ընտրություններին միջամտելու ռուս հաքերների ջանքերի։




