Տնտեսական

Ավարտվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի չորս պաշտոնյաների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

Ավարտվել է գյուղատնտեսական տարբեր ապրանքների ապօրինի ներկրումների վերաբերյալ քննվող քրեական գործից ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի չորս պաշտոնյաների վերաբերյալ անջատված քրեական գործի նախաքննությունը՝ տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:

Ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի աշխատակիցները չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը և մի շարք տնտեսվարողների թույլ տվել առանց անհրաժեշտ մաքսային ձևակերպումների ապօրինի ճանապարհով ներկրել առևտրային քանակի միրգ-բանջարեղեն, այդ թվում` ադրբեջանական ծագման խնձոր:

ՊԵԿ մաքսային տեսուչներ Հարություն Խաչատրյանին, Վահե Ասլանյանին, Համբարձում Դավթյանին և Խաչիկ Հակոբյանին պաշտոնեական դիրքը չարաշահելու համար մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

 Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք նաև

Back to top button