Բացվեց «Ավետիք Իսահակյան» գիրք-տնակը


Մայրաքաղաքի Իսահակյան և Տերյան փողոցների խաչմերուկում այսօր բացվեց Ավետիք Իսահակյանի անունը կրող Երևանի առաջին գիրք-տնակը: Մինչև տարեվերջ այդպիսի ևս 9 կրպակներ կտեղադրվեն մայրաքաղաքի՝ դասական հայտնի գրողների անուններ կրող փողոցներում։ Գրատնակներում կվաճառվեն գրքեր և մշակույթի նախարարության հաստատություններում նախատեսված համերգների, ներկայացումների տոմսեր:
«Այս գաղափարի հիմքում ընկած նպատակներից է՝ անցորդին, քաղաքացուն, ընթերցողին հնարավորինս մոտեցնել գրքին: Կարծում եմ, որ նախագիծը հաջողվել է և՛ ճարտարապետաշինարարական առումով, և՛ տեղի ընտրության: Այստեղ իսահակյանական շունչն է լինելու՝ օրվա 24 ժամերի և տարվա 365 օրերի ընթացքում»:
Իսահակյանի թոռը՝ գրականագետ Ավիկ Իսահակյանը պատմեց, որ Ավետիք Իսահակյանը շաբաթվա ընթացքում առնվազն մեկ անգամ այս փողոցով գնում էր հարևանությամբ գտնվող «Հայպետհրատ»-ի շենք՝ հետևելու գրքերի հրատարակման ընթացքին: «Վայրի ընտրությունը հրաշալի է կատարված»,-ասում է Իսհակյանի թոռը:
Այս տարածքը մայրաքաղաքի ամենասիրելի վայրերից մեկն էր, այստեղ է աշխատել Չարենցը, հայ գրականության այլ մեծեր: «Սա ոչ միայն գրախանութ է, այլև քաղաքի պատմությանն առնչվող մի անկյուն: Այնպես որ վայրը հրաշալի է ընտրված»:
Գիրք-տնակների մտահղացման հեղինակ Արման Դավթյանն (Նուռ) ասում է, որ սա իր հեղինակած «Ընթերցողի արձանի» թեմայի շարունակությունն է: Թեև քաղաքը սիրում է ամբողջությամբ՝ առանց բացառության, բայց միշտ էլ մի փոքր ավելի հարազատ է դառնում այն անկյունը, որտեղ արվեստագետը հոգի է դնում: Նուռի համար այսուհետ հենց այդպիսին կլինի նաև Իսահակյան և Տերյան փողոցների խաչմերուկը:
Նախարար Արմեն Ամիրյանի և Արման Դավթյանի մտահղացմամբ, «Little Story» ընկերության 60 մլն դրամի ներդրումով, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ այդպիսի ևս 9 կրպակներ կտեղադրվեն մայրաքաղաքի՝ դասական հայտնի գրողների անուններ կրող փողոցներում։