«Տապ չկա»՝ հուլիսի 2-ից


«Տապ չկա». սա նախագիծ չէ, այլ հիվանդություն: Մշակույթի նախարարությունն այսօր լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրել էր տեղեկացնելու, որ Երևանում այլևս տապ չկա:
«Երիտասարդներն, իսկապես, խելահեղ նախագիծ են պատրաստել, որի շնորհիվ, առաջիկա կիրակիից սկսած, Երևանում այլևս տապ չի լինելու: Խոսքը վերաբերում է մի նախագծի, որը ոչ միայն գունավորելու, զվարճացնելու, այլև զովացնելու է ամառային Երևանի կյանքը»:
Երիտասարդների՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի բնորոշոմամբ, խելահեղ նախագիծը կոչվում է Տապ չկա: Ամառային Երևանի անտանելի տապի դեմ երիտըասարդները պայքարելու են երաժշտությամբ ու կինոյով: Նախագծի գործընկեր «Միհր ստեղծագործողների միություն» հ/կ տնօրեն Շողակաթ Մլքե-Գալստյանի խոսքով նախագծի նպատակն է նախ՝ փոխել քաղաքի երաժշտությունը:
«Առաջարկում ենք փոփ, ռոք, ջազ, ֆոլկ՝ սրճարաններում հնչող ու մեր ականջներին «սովոր» երաժշտության փոխարեն: Ծրագրի «կինոբաղադրիչով» փորձելու ենք տարիների ընթացքում ստեղծված լավագույն ֆիլմերը շատ ավելի հասանելի դարձնել հանրությանը: Մեր հիմնական նպատակն է՝ վերացնել շաբաթ և կիրակի օրերը անպայման տանն անցկացնելու ավանդույթը: Այս պահին մենք արդեն գիտենք, թե ինչ կարելի է անել ամառային հանգստյան օրերին:
Բացօթյա ու անվճար բոլոր համերգները կանցկացվեն մայրաքաղաքի Փոքր կենտրոնում՝ Գաֆեսճյան պուրակ, Շառլ Ազնավուրի անվան հրապարակ, «Կարապի լիճ», Հյուսիսային պողոտա: «Կինոդիտումների վայրն ընտրելիս փորձեցինք, այսպես ասած, «ոտքի տակ» չընկնել ու կազմակերպել դրանք ավելի «ինտիմ» վայրերում՝ «Սիրահարների այգում», Հարավ Արևմտյան թաղամասում, Թումոյի այգում, Գայի արձանի հարևանությամբ»,-ասում է Շողակաթը: Նրա բնորոշմամբ՝ սա անգամ նախագիծ չէ, այլ հիվանդություն, որն իր շուրջ է համախմբել շատերին: Երիտասարդներն ունեն ամառային նախագծի ողջ ծրագիրը, բայց այս հարցում էլ փորձել են լինել ինքնատիպ.
«Մենք ամեն շաբաթ գովազդելու և տեղեկացնելու ենք միայն այդ շաբաթ ելույթ ունեցող խմբի կամ ֆիլմի մասին, որովհետև կա վատ սովորություն. ամբողջ ծրագիրն ունենալու դեպքում մարդիկ ընտրում են միայն մեկը, իսկ այսպես նրանք կսպասեն, կհետաքրքրվեն ու կհավանեն ֆեյբուքյան մեր էջը, ինչը շատ կարևոր է և՛ մեզ համար և՛ տեղեկացված լինելու»:
Առաջիկա կիրակի օրվա` հուլիսի 2-ի համերգային ծրագիրը «գաղտնազերծված» է. «Նարեկ. Մեծ Հայք», «Գողթ», «H2B»: «Դեպքի վայրը»՝ Գաֆեսճյան պուրակ:
«Այնպես որ զինվե՛ք լավ տրամադրությամբ, որովհետև հուլիսի 2-ից մայրաքաղաքում այլևս «Տապ չկա»,-մեկ անգամ ևս հիշեցնում է մշակույթի նախարարը:
Նրա բնորոշմամբ՝ բավականին «ծախսատար» նախագծի կողքին «Կոկա կոլա» ընկերությունն է, բայց ակնկալում են նաև այլ ընկերությունների աջակցությունը: