Հայաստանը կունենա զարգացման համար անհրաժեշտ ներդրումներ. տնտեսագետ
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը Հայաստանում ներդրումների քիչ հեռանկարներ տեսնում է եւ լավատես է, որ Հայաստանը կունենա զարգացման համար անհրաժեշտ ներդրումներ: Սակայն, նրա ձեւակերպմամբ, այդ հարցում վստահության գործոնին առնչվող լուրջ խնդիր կա: Վստահության գործոնը կարեւորում է նաեւ իրավաբան Հայկազ Մակարյանը: Ըստ նրա՝ օտարերկրյա լուրջ ներդրումներ չեն կարող լինել, երբ բիզնեսում գոյություն ունեն մոնոպոլիաներ: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով, սակայն, Հայաստանում ներդրումներ կլինեն, բայց քաղաքականացված: Հայկ Մակարյանը, մինչդեռ, այդ առումով էլ թերահավատ է՝ նկատելով, որ Հայաստանում ներդրումների ծավալը նվազեցրել է անգամ Ռուսաստանի Դաշնությունը:
«Այսինքն, Հայաստանում ներդրումներ կատարում են այն երկրները, որոնք քաղաքական հստակ շահեր ունեն: Սա չի խանգարում մեզ ունենալու մեր սեփական շահերը, պաշտպանել դրանք եւ ներդաշնակեցնել այն երկրների տնտեսական ու քաղաքական շահերի հետ, որոնք ներկայացված են այսօր Հայաստանում»:
Տնտեսագետի հետ համակարծիք է իրավաբան Հայկազ Մակարյանը: Նա նկատեց, որ մեր արտաքին պարտքի առյուծի բաժինը՝ 84.1 տոկոսն ընկնում է միջազգային կազմակերպություներին: Վերջիններիս գնահատմամբ էլ՝ Հայաստանի տնտեսական աճի վիճակը հուսադրող չէ. այս տարի Հայաստանում սպասվելիք տնտեսական աճը չի գերազանցի 2.8 տոկոսը: Հայաստանում վստահելության մակարդակն էլ մինչեւ նվազագույն շեմը վատթարացել է՝ գնահատեց Հայկազ Մակարյանը:
« Եթե երկրի մեջ տիրում է մոնոպոլիա բիզնեսի այս կամ այն ոլորտում, այդ երկրում չի կարող որեւիցե օտարերկրյա ներդրող լուրջ ներդրումներ անել: Խոսքը վերաբերում է մեծածավալ ներդրումներին»:
Հայկազ Մակարյանը նաեւ թերահավատ էր, ինչպես տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը ձեւակերպեց, քաղաքականացված ներդրումների մասով՝ որպես օրինակ մատնանշելով այն հանգամանքը, որ Հայաստանում իր ներդրումների ծավալը նվազեցրել է անգամ Ռուսաստանը:
Թաթուլ Մանասերյանի գնահատմամբ՝ Հայաստանը շատ պասիվ դիրքորոշում ունի ներդրումների մասով: Ասաց, որ որեւէ մեկը չի կարող իրեն համոզել, թե այլ երկրներից փորձ է արվել ներդրումներ ներգրավել հստակ ծրագրերով: Մինչդեռ, ըստ նրա, պոտենցիալը շատ մեծ է եւ դա օգտագործելու համար պետք է ջանադրաբար աշխատել. փոխել աշխարհագրությունն ու կախվածությունն այն երկրներից, որոնք այսօր բարեկամ են, բայց վաղը կարող են շահերը փոխվել: Տնտեսագետը կառավարության ծրագիրն ու այն ներկայացրած վարչապետին բարձր է գնահատում, սակայն կասկածի տակ դնում ներկայացված ծրագիրն իրականացնողների մասնագիտական կարողությունները: Ասաց, թե չի հավատա որեւէ ծրագրի՝ մինչեւ իր ուսանողը չգտնի իր տեղը հայաստանի Հանրապետությունում: