Հասարակություն

Որ դպրոցները կմնան առանց շրջանավարտների

Մինչ կառավարությունը մտածում է դպրոցների օպտիմալացման մասին, Հանրապետության մի շարք  մարզերերի համայնքներում այսօր շրջանավարտներ չունենք: Միևնույն ժամանակ նույն այդ գյուղերի ղեկավարները օպտիմալացմանը դեմ են հանդես գալիս: «Ռադիոլուրը» փորձել է պարզել, թե որ դպրոցներն այս տարի շրջանավարտ չեն ունենա և որն է այս խնդրի իրական լուծումը:

 

Մի քանի օրից հանրապետության դպրոցներում կհնչի Վերջին զանգը: Մինչ ավարտական դասարանների աշակերտները տոնական միջոցառման վերջին փորձերն են անում, հանրապետությունում կան շուրջ  3 տասնյակ դպրոցներ, որտեղ այս տարի վերջին զանգը չի հնչի: Պատճառը շրջանավարտների բացակայությունն է: Նման խնդիր ունեն հատկապես  սահմանամերձ գյուղերի դպրոցները:  «Ռադիոլուրը» պարզել է, որ այս համայնքներում ստեղծված պատկերը հիմնականում արտագաղթի  հետևանք է: Օրինակ՝ Սյունիքի մարզի մի շարք գյուղերի դպրոցներում չկան շրջանավարտներ, իսկ եթե կան՝ երկու-երեքն են: Լծեն գյուղը շրջանավարտ չունեցողների թվում է: Վերջին տարիներին այն դատարկվել է, մարդիկ չեն կարողանում այստեղ ապրել՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց Լծենի գյուղապետ Հրահատ Նիկալյանը: Գյուղի միջնակարգ դպրոցն այսօր ընդամենը 4 աշակերտ ունի:

Լծեն գյուղը, ի դեպ, Սյունիքի մարզի միակը չէ, որ շրջանավարտ այս տարի չի ունենալու: Շրջանավարտների պակաս ունենք հանրապետության մյուս մարզերում ևս: Շիրակի մարզի Լեռնուտ գյուղում ևս արտագաղթը մեծ թվերի է հասնում: Այստեղ արդեն 2-րդ տարին է, որ շրջանավարտ չունեն: Գյուղի բնակչությունը հիմնականում ծերեր են: Լեռնուտի գյուղապետ Վարազդատ Բաղդասարյանը, սակայն, չի հուսահատվում: Նոր սերնդից մեծ սպասելիքներ ունի:

Վերջին զանգն այս տարի չի հնչելու նաև Շիրակի մարզի Հայկաձոր համայնքում: Գյուղի  միջնակարգ դպրոցի տնօրեն Վարդան Սարգսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ դպրոցում այս տարի 8-րդ դասարանցի էլ չեն ունեցել, ինչը նշանակում է, որ մի քանի տարի հետո ևս շրջանավարտ չի լինելու: Այստեղ ևս հույսը կապում են նոր սերնդի հետ:

Շրջանավարտներ չեն ունենա նաև Գեղարքունիքի մարզի մի շարք դպրոցներ: Այրքի գյուղապետ Արտյոմ Շաբոյանը հայտնեց, որ իրենց համայնքը հիմնականում բնակեցված է փախստականներով, բայց նրանց թիվն էլ է տարեց տարի պակասում: Եթե օրինակ 10 տարի առաջ համայնքում կար 35 աշակերտ՝ այս տարի աշակերտների թիվը 10-ով նվազել է: Նման դպրոցներ ունենք նաև Կոտայքի, Տավուշի, Վայոց ձորի և Լոռու մարզերում: Հիշեցնենք, որ կառավարության օրակարգում է դպրոցների օպտիմալացման ծրագիրը: Կառավարության մայիսի 11-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին հանձնարարել է 15-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել դպրոցների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ: Կրթության Գործի կազմակերպիչն Աշոտ Բլեյանը օպտիմալացումը խնդրի լուծում չի համարում։ Նա նշում է, որ խնդրի լուծումը միջազգային փորձի ուսումնասիրման, կրթական նոր մոդելների կիրառման մեջ է։

Ինչեւէ, Աշոտ Բլեյանը նշում է, որ նոր մոդելների փնտրտուքը շարունակվում է եւ առաջիկա հունիս ամսին իր ղեկավարած Սեբաստացի կրթահամալիրում կներկայացվեն նոր լուծումներն ու մոտեցումները։

Back to top button