Վերլուծական

Իրանի նախագահական ընտրություններ` մայիսի 19-ին. հայկական համայնքն իր պահանջն ունի


Մայիսի 19-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում նախատեսված են նախագահական ընտրություններ։ Դրան պետք է մասնակցել 6 թեկնածու, սակայն Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը ինքնաբացարկ հայտնեց՝ ընտրվողներին կոչ անելով ձայները տալ պահպանողական թեկնածու Էբրահիմ Ռայիսի օգտին։ Նույն քաղաքական սցենարը իրանագետները սպասում են նաեւ բարեփոխականների թիմից՝ հօգուտ գործող Նախագահ Հասան Ռոուհանիի։ Մինչ այդ շարունակվում եմ նախագահի թեկնածուների հանդիպումները՝ 57 միլիոն ընտրական իրավունք ունեցող ընտրազանգվածի հետ, որոնց թվում են եւ հայ համայնքի ներկայացուցիչները: Ինչ առաջարկ-պահանջագրով են հայ համայնքի ներկայացուցիչները դիմել նախագահի թեկնածուներին. «Ռադիոլուր»-ը զրուցել Իրանի Մեջլիսի հայ պատգամավոր Կարեն Խանլարյանի հետ:

 

Նախորդ շաբաթ Իրանի հայկական համայնքում տեղի ունեցած հանդիպում քննարկման արդյունքում կազմվել է 2 էջից բաղկացած առաջարկ-պահանջագիր՝ հասցեագրված Իրանի նախագահի թեկնածուներին: Իրանահայ համայնքը տարբերվում է Սփյուռքի մյուս համայնքներից, օրինակ՝ ԱՄՆ- ի, որտեղ միասնական դիրքորոշում են ցուցաբերում այս կամ այն թեկնածու օգտին՝ «Ռադիոլուրին» ասում է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Իրանահայերը ազատ են քվեարկությամբ իրենց դիրքորոշումը արտահայտել ցանկացած թեկնածուի օգտին: Այս իմաստով չունենք դասական լոբբիզմ: Հայ համայնքի մեծամասնությունը կողմնակից է բարեփոխականների թեւին, որը չի նշանակում, թե մենք չունենք կողմնակիցներ պահպանողականների ճամբարից»:

Այն, որ համայնքում կան տարբեր քաղաքական հայացքների տեր մարդիկ՝ համաձայնում է եւ Իրանի Մեջլիսի հայ պատգամավոր Կարեն Խանլարյանը։ Հայ համայնքի դիրքորոշումը թեկնածուների ընտրության հարցում ավանդաբար միանշանակ չէ՝ ասում է նա։ Բայց համայնքն ունի միասնական խնդիրներ, որոնք բարձրացրել է նախագահի թեկնածուների առաջ.

«Մենք խնդիր ենք դրել հայոց ցեաղասպանության պաշտոնական ճանաչման հարցը առաջիկայում ընտրված  նախագահի կողմից, ապա համայնքի զարգացման եւ պահպանման առումով նյութական եւ բարոյական աջակցության պահանջ ենք դրել: Անցյալի համեմատությամբ ավելի նպաստել համայնքին»:

-Արդյո՞ք համայնքը պահպանման խնդիր ունի:

Այո: Բավականին շատ թվով եկեղեցիներ եւ դպրոցներ ունենք, որոնց պահպանման համար, հաշվի առնելով երկրում ստեղծված տնտեսական վիճակը, հայկական համայնքը չի կարողանում միայնակ հոգալ ծախսերը: Բյուջեից  նպաստներ են տրվում համայնքին, որը չի բավականացնում»:

Իրանահայ պատգամավորը ներհամայնքային խնդիրներից բացի առաջնահերթ է համարում Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանն ուղղված քայլերը, որը, ըստ Խանլարյանի, ընտրված նախագահի օրակարգային հարցերից մեկը պետք է լինի: Կարեն Խանլարյանը հիշում է՝  Մեջլիսի փոխխոսնակը նույնպես տարբեր ելույթներում դատապարտել է ցեղասպանությունը: Բայց մենք ցանկանում ենք հայտարարություններից անցում կատարե ք պաշտոնական ճանաչման՝ ասում է իրանահայ պատգամավորը:

«Այո, նկատի առնելով տարածաշրջանային զարգացումները, հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կմտնի քննարկումների օրակարգ, իսկ ինչպիսի կլինեն արդյունքները՝ դժվար է կանխատեսումներ անել»:

Կարեն Խանլարյանը, ներկայացնելով  2 էջանոց պահանջագրում տեղ գտած դրույթները, տեղեկացրեց, որ առաջարկ է արվել նաեւ հայ մասնագետների ներուժը օգտագործել երկրի կառավարման ոլորտում:

«Պահանջագրի մեջ գրել ենք նաեւ, որ պետական-քաղաքական պորտֆելներում՝ նախարարի օգնական, խորհրդատու պաշտոններում, նախագահը նշանակումներ անելիս  հաշվի առնի իրանահայերի ներուժը: Մինչ օրս մենք գործադիր մարմնում հայ ներկայացուցիչ չենք ունեցել: Քաղաքական պաշտոններ, ոչ: Գրասենյակային աշխատողներ, այո»:

Ի դեպ, պահանջիր-առաջարկն ուղարկվել է բոլոր թեկնածուներին, անգամ ինքնաբացարկ ներկայացրած թեկնածուին: Մինչեւ հիմա  թեկնածուներից դեռ արձագանքներ չկան։ Սակայն իրանահայ պատգամավորը մեկ դիտարկում է անում՝ գործող նախագահի շտաբը խոսել է կրոնական փոքրամասնություններից իրավունքների մասին։ Խանլարյանը սա համարում է ակնարկ՝ Ռոուհանիի թիմի կողմից:

Back to top button