Վերլուծական

Ադրբեջանում բանկային կոլապսը կարո՞ղ է սրել իրավիճակը սահմանում


Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ մեր հարեւան երկրում՝ Ադրբեջանում սնանկացման գործընթաց է սկսել խոշորագույն եւ այդ երկրի տնտեսության հիմքը հանդիսացող Ադրբեջանի միջազգային բանկը: «Ռադիոլուրն» այսօր փորձել է հասկանալ այդ գործընթացի հիմքերն ու հետեւանքները: Ադրբեջանն արգելել է վարկային պարտավորությունների հետ կապված երկրից դուրս գալ 115 իրավաբանական եւ 216 ֆիզիկական անձանց: Որոշ վերլուծությունների համաձայն՝ չի բացառվում, որ շուտով Ադրբեջանի բնակչության մեկ երրորդին կարգելվի դուրս գալ երկրից: Հայաստանում սա որոշ մտահոգությունների առիթ է դարձել, քանի որ կա գիտակցություն, որ Ադրբեջանը փորձելու է շեղել իր քաղաքացիների ուշադրությունը ներքին խնդիրներից:

 

 

Նավթի համաշխարհային գների անկման եւ մանաթի արժեզրկուման պատճառով Ադրբեջանում մինչ այժմ փակվել է 18 բանկ, իսկ մյուս մասին առաջարկվել է միավորվել ու խոշորանալ: Վերջին օրերին սնանկացման հերթը հասավ նաեւ ամենախոշորին՝ Ադրբեջանի միջազգային բանկին: Այն դիմում է ներկայացրել Նյու Յորքի դատարան՝ իր 3․3 մլրդ դոլարի չափով արտաքին պարտքի վերակառուցման կապակցությամբ: Նյու Յորքում լսումները նշանակված են հունիսի 7-ին։ Ֆինանսատնտեսական կայունացում Ադրբեջանում դեռ չի նախանշվում, բայց սոցիալ-տնտեսական իրավիճակը արդեն խիստ ծանր է՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության եւ միջազգային անվտանգության մասնագետ Արմեն Մանվելյանը:

Իբրեւ այս ամենի հետեւանք մեր հարեւան երկիրն արդեն վերանայել է իր բյուջետային հատկացումները՝ զգալի կրճատվել են սոցիալական եւ ռազմական ոլորտների ծախսերը: Այս դեպքում կա որոշ բացառություն՝ ուշադրություն է հրավիրում «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» կազմակերպության ղեկավար, սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանը:

Այսպիսով ակնհայտ է՝ Ադրբեջանն արդեն փորձում է զսպել ներքին հնարավոր դժգոհությունների ալիքը: Այդ նպատակի համար լավագույնս ծառայում են աղմկահարույց դատավարությունները: Մի դեպքում՝ Ադրբեջանի Միջազգային Բանկի միլիարդավոր  մանաթ յուրացնելու գործով անցնում են տասնյակ ձեռնարկատերեր եւ հայտնի օլիգարխներ: Մյուս դեպքում՝ իբրեւ թե բացահայտվել է Հայաստանի օգտին լրտասություն անող մեծ խմբավորում, որոնց անդմների անունները աստիճանաբար սկսում են այսպես ասենք  «գաղտնազերծել»՝ հրապարակելով անուն-ազգանուններ: Իրավիճակին, իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը: «Սրան հաջորդելու է Ադրբեջանի ֆինանսական համակարգի շղթայական փլուզումը։ Արդյունքում առաջիկա ամիսիներին ակտիվանալու են ռազմական գործողությունները Արցախի սահմանին, ինչպես եղավ նավթի գների նվազման արդյունքում Ադրբեջանի տնտեսության անկման ժամանակ»,- գրել է նա։

Ադրբեջանի զինանոցում, իհարկե, պահպանվում է այդ տարբերակը՝ իբրեւ խնդիրներից ուշադրությունը շեղելու միջոց՝ ընդունում է Արմինե Ադիբեկյանը:

Արմեն Մանվելյանի գնահատմամբ՝ սա կարող է լինել կարճաժամկետ լուծում, քանի որ այս պահին Ադրբեջանը գտնվում է երկակի վիճակում՝ մի դեպքում անհրաժեշտ է շեղել սեփական ժողովրդի ուշադրությունը իրական խնդիրներից, մյուս դեպքում՝ պետությունն ունի լուրջ պարտավորություններ միջզգային կառույցների հանդեպ:

Վերադառնալով հարեւան երկրում առկա խնդիրներին նշենք, որ ըստ այդ երկրում առկա տվյալների՝ բանկերին պարտք ունեցող շուրջ  2 ու կես մլն քաղաքացիների մեկ հինգերորդից ավելին ի վիճակի չեն վերադարձնել վերցրած մոտ 1,5 մլրդ մանաթ ծավալի հասնող վարկերը: Ադրբեջանն արգելել է վարկային պարտավորությունների հետ կապված երկրից դուրս գալ 115 իրավաբանական եւ 216 ֆիզիկական անձանց: Դա նշանակում է, որ Ադրբեջանի բնակչության յուրաքանչյուր երեքից մեկը պարտք է բանկերին, եւ խորը տնտեսական ճգնաժամում հայտնված Ադրբեջանում չի բացառվում, որ շուտով բնակչության մեկ երրորդին կարգելվի դուրս գալ երկրից: Հայաստանյան մասնագետների գնահատմամբ՝ եթե չկայունանա նավթի գինը, ապա դա դեռ շատ խորքային ազդեցություն կունենա Ադրբեջանի տնտեսության վրա:

Back to top button