Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հրավիրում է բոլորին մասնակցելու Եվրոպայի օրվա* հանրային միջոցառումներին: Այս տարի Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումները կանցկացվեն Հայաստանի 6 քաղաքներում և կամփոփվեն մայրաքաղաք Երևանում:
- մայիսի 12-ին Գյումրիում
- մայիսի 13-ին Վանաձորում
- մայիսի 14-ին Դիլիջանում
- մայիսի 19-ին Կապանում
- մայիսի 20-ին Գորիսում
- մայիսի 21-ին Եղեգնաձորում
Երևանում միջոցառումները տեղի կունենան մայիսի 6-ից 27-ը:
Հայաստանում Եվրոպայի օրվա ամենամյա տոնակատարությունները ներառում են տեղեկատվական միջոցառումներ, որոնց ընթացքում ներկայացվում են ԵՄ-Հայաստան սերտ համագործակցությունն ու գործընկերությունը և եվրոպական մշակույթի բազմազանությունը:
Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում, Կապանում, Գորիսում և Եղեգնաձորում կանցկացվեն տեղեկատվական ցուցահանդեսներ և բացօթյա համերգներ: Երևանում անցկացվող միջոցառումներն ավելի բազմազան կլինեն:
Մայիսի 27-ին՝ ժամը 15:00-ին, Հյուսիսային պողոտայում (Պուշկին-Տերյան փողոցների միջև ընկած հատվածում) տեղի կունենա Եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական ցուցահանդեսի բացումը, որին կմասնակցեն Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին և ԵՄ անդամ երկրների դեսպանները:
Այս տարի Եվրոպայի օրվա տոնակատարություններն անցկացվում են «Եվրոպական միությունը Հայաստանի համար» խորագրի ներքո: Տեղեկատվական ցուցահանդեսների ընթացքում ներկայացված կլինեն Եվրոպական միության կողմից Հայաստանում իրականացվող բազմաթիվ ծրագրերը, որոնք թիրախավորում են Հայաստանի բոլոր մարզերի համաչափ զարգացումը բազմաթիվ ոլորտներում՝ մարդու իրավունքներ, արդարադատություն, գյուղատնտեսություն, մշակույթ, կրթություն, շրջակա միջավայր, տուրիզմ, բիզնես աջակցություն, քաղաքացիական հասարակություն, միգրացիա, առողջապահություն: Այցելուները հնարավորություն կունենան շրջելու տաղավարներում, ծանոթանալու ծրագրերին ու հետագայում դառնալու դրանց մասնակիցը, ինչպես նաև մասնակցելու մշակութային միջոցառումների, տարատեսակ մրցույթների, վայելելու երաժշտություն և պարելու:
Եվրոպայի օրվա տոնակատարությունը Երևանում կամփոփվի բացօթյա համերգով, որը տեղի կունենա Հյուսիսային պողոտայում ժամը 18:00-ին: Ելույթ կունենան երաժիշտներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Լեհաստանից: Երեկոյի գլխավոր հյուրերն են լեհ հայտնի կատարողներ Ադրիանջանը և Ցեսկոն:
Այս տարի Եվրոպական միությունը հանդես է եկել հրաշալի նախաձեռնությամբ: Հայաստանի տարբեր անկյուններում ապրող պատանիները, որոնք հաճախում են երաժշտական դպրոցներ, կատարում են Եվրոպայի օրհներգը: Նախաձեռնությանը միացել են այն բոլոր քաղաքների երաժշական դպրոցների սաները, որտեղ անցկացվելու են Եվրոպայի օրվա տոնակատարությունները: