Տնտեսական

Հայաստանում են ռուս գործարարները


Հերթական եռօրյա այցով Հայաստանում են ռուսաստանցի գործարարներ՝ Նիժնի Նովգորոդի տարածաշրջանից: Նրանց առաքելությունը Հայաստանում գործարար շրջանակների հետ շփումների արդյունքում առեւտրատնտեսական կապերի հաստատումն է: Նիժնի Նովգորոդի տարածաշրջանի գործարարները ներկայացնելու են իրենց ընկերությունների արտադրատեսակները Հայաստանում եւ հույս ունեն, որ դա կօգնի ինչպես երկկողմ առեւտրատնտեսական կապերի ամրապնդմանը, այնպես էլ առանձին տնտեսական ուղղություններում համագործակցության հաստատմանը: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ՌԴ առեւտրի եւ արդյունաբերության պալատի արտասահմանյան երկրների հետ առեւտրատնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Պուշկինը վստահեցրել է, որ իրենք շահագրգռված են ոչ միայն Հայաստանում իրենց արդեն պատրաստի արտադրանքներն իրացնելու հարցով, այլեւ կոոպերացիոն կապերի ստեղծմամբ:


Ռուսաստանը շահագրգռված է ինչպես իր ընկերությունների պատրաստի արտադրատեսակները Հայաստանում իրացնելով, այնպես էլ՝ համատեղ ձեռնարկություններ հիմնելու համար հայ գործարարների հետ կապերի հաստատմամբ եւ Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծմամբ՝ վստահեցրեց ՌԴ առեւտրի եւ արդյունաբերության պալատի արտասահմանյան երկրների հետ առեւտրատնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Պուշկինը:

«Որպեսզի չլինի այս միակողմանի շարժը՝ ապրանքների հոսքը Ռուսաստանից Հայաստան, մենք շահագրգռված ենք նաեւ, որ Հայաստանից նույնպես ապրանքներ ներմուծվեն Ռուսաստան. լինի փոխադարձ ապրանքաշրջանառություն եւ համապատասխանաբար՝ փոխադարձ կոոպերացիաներ, որոնց մասին խոսել են մեր երկրների ղեկավարները»:

Այդպիսի կոոպերացիոն փոխադարձ կապերը կարեւոր են եւ հենց այդ խնդիրն է այսօր դրված նաեւ ԵԱՏՄ շրջանակներում՝ նկատեց Ալեքսանդր Պուշկինը:

«Բիոչիպ» գիտաարտադրական ձեռնարկությունն, օրինակ, առաջարկում է իր ստեղծած բարդ բիոտեխնոլոգիական բժշկական «չիպեր»-ը, որոնք ամենավաղ շրջանում հայտնաբերում են քաղցկեղը: Ավելի մեծ թվով բնակիչների օգնելու համար պատրաստվում են համագործակցել նախ պետական բուժհաստատությունների հետ: Այդ մասին ասաց ձեռնարկության տնօրեն Դմիտրի Տուբանովը.

«Ձեր կլինիկաներում առկա անձնակազմը բավարար է: Մեր ընկերությունը պատրաստ է իրականացնել մասնագետի ուսուցումը բիոչիպերով աշխատելու համար, որից հետո նա կկարողանա ներկայացնել ստացվող տվյալները՝  տիրապետելով համակարգին»:

Հայաստանում գտնվող ռուս գործարարների խնդիրն այս օրերին լինելու է համատեղ գործունեության  հնարավորությունների քննարկումն ու համատեղ արտադրությունների ստեղծումը: Այդ նպատակով ամբողջ շուկան են դիտելու: Բանակցություններ կլինեն, համաձայնություններ ձեռք կբերվեն՝ կարծիք հայտնեց ՌԴ առեւտրի եւ արդյունաբերության պալատի ներկայացուցիչ Ալեքսանդր Պուշկինը:

Նա ակնկալում է, որ հետագայում էլ այդ ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն:

Հատուկ նշանակության բեռնատար մեքենաներ արտադրող «Պրոմավտո» գործարանի վաճառքի տնօրեն Ալեքսանդր Տրուշկոն արդեն հանդիպումներ է ունեցել ՊՆ-ում: Կարծում է, որ քննարկված թեման հետագայում կզարգանա իրենց համագործակցությամբ:

Յուլյա Բուրովնիկովան «Տռուդ» գործարանի ներկայացուցիչն է: Բազմաթիվ արտադրատեսակներ ունեն, այդ թվում՝ զինվորական նշանակության ապրանքներ, հատուկ հագուստներ: Հայաստանի հետ համագործակցությունը 2015-ից են սկսել:

«Համոզված եմ, որ դեռեւս առկա են ահռելի հեռանկարներ, այսինքն՝ ներկայումս համագործակցությունը գտնվում է կայացման փուլում»:

Այսօր ապրանքաշրջանառություն կա: Ռուս գործարարները, թվեր չներկայացրցին, սակայն վստահեցրին, որ այն կայուն է: ՌԴ Առեւտրաարդյունաբերական պալատի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Պուշկինն էլ շեշտեց, որ աճի միտումներ է տեսնում, հատկապես, այն ուղղություններում, որոնք առաջնահերթություն են ԵԱՏՄ-ի շրջանակներում:

« Ես կարծում եմ, որ դրանք կզարգանան: Պարզապես ուրիշ ճանապարհ չկա: Եթե մենք ցանկանում ենք զարգացնել համագործակցությունը կազմակերպության շրջանակներում, ապա պետք է մեծացնենք եւ ապրանքաշրջանառության ծավալները, եւ կազմավորենք նոր համակարգեր՝ համատեղ ձեռնարկություններ, կոոպերացիաներ»:

Ալեքսանդր Պուշկինը նաեւ չբացառեց եռակողմ՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Իրանի ընկերությունների միջեւ համագործակցությունը: Ասաց, որ այս պահին առաջարկներ են պատրաստվում, եւ շատ ընկերություններ, այդ թվում՝ Նիժնի Նովգորոդից, հետաքրքրված են Իրանի հետ համագործակցությամբ: Նրա խոսքով, այդ առումով էլ Հայաստանը կամուրջ կլինի, ինչը փոխշահավետ է թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի համար: Ընկերությունները հասկանում են, որ Հայաստանի միջոցով մի շարք առումներով Իրանի հետ աշխատելն ավելի հեշտ է, քան ուղիղ՝ նկատեց նա՝ տեղեկացնելով նաեւ, որ կոնկրետ պահին, մասնավորապես, գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ առաջարկներ կան:

«Հայաստանի համար դա նույնպես կարեւոր ուղղություն է, մեզ մոտ եւս առաջնահերթություն է տրվում տվյալ ոլորտին, իհարկե, տվյալ պարագայում իրանը կարող է որպես սպառող հանդես գալ»:

Հետաքրքրությունը եւ շեշտադրումները, սակայն, միայն գյուղատնտեսությամբ չեն սահմանափակվում: Ոլորտները շատ բազմազան են՝ բժշկությունից մինչեւ բարձրագույն կրթություն եւ զբոսաշրջություն՝ եզրափակեց ՌԴ առեւտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչը՝ չբացառելով, որ հիմա այնպիսի պահ է, երբ Հայաստանը կարող է դառնալ այն տեղը, որտեղ կձգտեն ռուսաստանցի զբոսաշրջիկները:

Back to top button