Վերլուծական

Ճանաչման ոլորտից հատուցման ոլորտ


Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը բավականին հետաքրքիր ճանապարհ է անցնում, տարբեր երկրներում ընթանում են ճանաչման հետ կապված հետաքրքրական զարգացումներ: Այս կարծիքն է լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայտնել Սահմանադրական դատարանի խորհրդական, Հայոց ցեղասպանության իրավական հետազոտությունների կենտրոնի համակարգող Վլադիմիր Վարդանյանը: Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում հաջողության հասնելու համար պետք է աշխատենք բոլոր ուղղություններով, աշխատանք պետք է տարվի նաև թուրք հասարակության վրա ճնշում գործադրելու ուղղությամբ: Թուրքական հասարակության մեջ կարծրատիպերը կոտրելու դժվարին աշխատանքին են լծված Գերմանիայում ստեղծված «Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպությունը, որին անդամակցում են առաջադեմ թուրքեր, քրդեր, ալեւիներ եւ զազաներ, ովքեր համարձակություն են ունեցել առերեսվելու պատմության հետ եւ նույնը կոչ են անում թուրք հասարակությանը: Կազամակերպության մի խումբ անդամներ հերթական անգամ Հայաստանում են եւ այսօր հանդիպել են լրագրողների հետ:

 

Հայոց ցեղասպանությունը ճանաչման ոլորտից տեղափոխվեց հատուցման ոլորտ: Հայոց ցեղասպանության իրավական հետազոտությունների կենտրոնի համակարգող Վլադիմիր Վարդանյանը նկատում է, որ այս առումով հետաքրքիր զարգացումներ նույնպես եղան: Ամենակարեւոր զարգացումներից մեկը Վլադիմիր Վարդանյանը համարեց Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը: Նա նկատեց, որ բավականին հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում ԱՄՆ-ում, որտեղ ընթանում են գույքային պահանջներով դատավարություններ:

«Թեև այստեղ էլ մենք բախվում ենք քաղաքական որոշակի ճնշումների եւ իրավական, տեխնիկական կամ դատավարական բնույթի խոչընդոտների, որոնք թույլ չեն տալիս իրոք խոսել լուրջ հաջողությունների մասին»:

Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ իրավական գործընթացի բաղկացուցիչներից մեկն է նաեւ Արամ Առաջինի պահանջը՝ կապված Սիսի կաթողիկոսության հետ: Միջազգային իրավունքի փորձագետը, խոսելով իրավական հարթությունում այսօր տարվող աշխատանքների մասին, հավելոց, որ չի կարելի Հայոց ցեղասպանության խնդիրը դիտարկել տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումներից դուրս: Ամենը հիմք է տալիս մտածելու Հայոց ցեղասպանության պահանջատիրության հայեցակարգի հստակեցման մասին եւ այդ աշխատանքներն ընթացքի մեջ են:

«Մտահոգիչ խնդիրներ, մարտահրավերներ իրավական դաշտում, իհարկե, առկա են: Թեեւ մենք խոսում ենք Հայոց ցեղասպանության իրավական պահանջների թղթածրարի մասին, մենք չպետք է մոռանանք նաեւ այլ ասպեկտները՝ փորձելով համատեղել բոլոր շերտերը՝ թուրքական հասարակության նկատմամբ ճնշման առումով»:

Թուրքական հասարակությունում 4 սերունդ է մեծացել կեղծիքով, առկա են կարծրատիպեր եւ այն կոտրելը հեշտ չէ՝ այս մասին այսօր խոստովանեցին Գերմանիայում ստեղծված «Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպության անդամները: Ապրիլի 24-ի առթիվ հերթական խումբն է Հայաստանում: Նրանք հիմնականում Թուրքիայի քաղաքացիներ են՝ թուրքեր եւ քրդեր, որոնք համարձակություն են ունեցել ուղիղ նայել ճշմարտությանը եւ նույնն անելուն կոչել իրենց բոլոր ազգակիցներին ու նույնը պահանջում են իրենց երկրի իշխանություններից:

«Դա մենք մարդկային խղճի առաքելություն ենք համարում, պարտք: Ուշացել ենք շատ եւ մենք պետք է այդ պարտքը վճարենք: Մենք երդվել ենք, որ մինչեւ մեր կյանքի վերջին շունչը պիտի շարունակենք խթանել այդ առերեսման գործըթացը, պահանջենք մեր իշխանություններից, որ ապրիլի 24-ը Անկարան Հայոց ցեղասպանության հիշատակման օր ճանաչի՝ իրենց գործի մասին ասաց կազմակերպության թուրք անդամներից Էլիֆ Սելայ Էրեմը»:

Ազգությամբ քուրդ Մահմութ Ուզունը Թուրքիայի նախկին քաղբանտարկյալներից է: Այսօր ապրում է Լոնդոնում եւ իր կյանքի նպատակն է համարում, որ իր ազգակիցներն առերեսվեն իրականությանը:

« Ինչո՞ւ պետք է շարունակվի կեղծիքը, մի օր պետք է կոտրել այդ ամբողջը եւ ես իմ ազգակիցներից պահանջում եմ առերեսվել ճշմարտությանը: Դա մարդու ներքին բարոյական պարտքն է, որը պետք է կատարի Թուրքիայի յուրաքանչյուր քաղաքացի»:

Նիլգուն Քայանն էլ ասաց, որ առաջին անգամ է Հայաստանում եւ ներողություն է խնդրում ու ամաչում, որ այսքան ուշ է եկել:

«Բոլորիդ շնորհակալություն եմ հայտնում, որ թույլ եք տալիս, որպեսզի մենք կարողանանք ձեր մեջ լինել եւ ներողություն խնդրել»:

Բանախոսներն ասացին, թե թուրք հասարակության՝ պատմության հետ առերեսվելու առումով լավատես չեն, քանի որ Հայոց ցեղասպանության վրա ստեղծված Թուրքիայի Հանրապետությունում 4 սերունդ է մեծացել կեղծիքներով ու քանի դեռ այդ կարծրատիպերը չեն ջարդել սերունդները՝ լավ բան պետք չէ սպասել: Թեպետ շատ բան փոխվել է, բայց անելիքները անչափ շատ են: Փորձում են իրենց կարելիի չափով անել, սակայն իրենք ընդամենը կաթիլ են օվկիանոսում ու այն ինչ իրենք են անում կարելի է բնութագրել որպես գնդասեղով  հող փորելուն:

Back to top button