Սյունիքում ստեղծվող ազատ տնտեսական գոտում 120 ընկերություն կաշխատի
Նախօրեին հայկական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Հայաստանը հրաժարվելու է Սյունիքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու ծրագրից։ Հիմնական շեշտադրումը՝ այն թանկարժեք եւ տնտեսապես ոչ շահավետ նախագիծ է։ Եվ ահա այսօր տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության եւ Սյունիքի ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ընկերության միջև ստորագրված է այդ գոտու ստեղծման պայմանագիրը: Եթե ամեն ինչ նախատեսված սցենարով ընթանա, ապա հոկտեմբերին արդեն Հայաստանի հարավային դարպասում՝ Իրանին սահմանակից Սյունիքի մարզում, իր աշխատանքները կսկսի ազատ տնտեսական գոտին: Ակնկալվում է, որ 120 ընկերություն կաշխատի այստեղ՝ ստեղծելով 2500 նոր աշխատատեղ: Նորանկախ Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում կարծիք է հայտնել, որ «լավ աշխատելու դեպքում Հայաստանը իսկապես կամուրջ կդառնա Իրանի ու ԵԱՏՄ- ի միջև»: Նրա լավատեսությունը, կրկին «Ռադիոլուրի» հետ զրույցում չի կիսել «Ծառուկյան դաշինքից» ԱԺ պատգամավոր ընտրված Վարդան Բոստանջյանը: Նա գրեթե վստահ է՝ ՌԴ-ն Հայաստանի համար խնդիրներ կստեղծի: Իսկ աշխատատեղերի ստեղծումը կենսական անհրաժեշտություն է այս մարզի համար:
«Հայաստանի հարավային դարպաս». Մեղրին այսպես են բնորոշում։ Այն հայերիս հայտնի է հատկապես իր քաղցրահամ մրգերով, անուշահամ մուրաբաներով: Իրանին սահմանից Մեղրիում խնդիրները նույնն են, ինչպես մեր երկրի մյուս մարզերում: Զրուցակիցս Հարություն Ստեփանյանն է։ «Ծնվել եմ, ապրում եմ եւ ապրելու եմ Մեղրիում»:
Կառավարությունը լայնածավալ ներդրումային ծրագիր է նախատեսել: Իրանին սահմանակից Հարավային դարպասում ստեղծվում է Սյունիք ազատ տնտեսական գոտի: Ընդհանրապես, տնտեսական գոտիներում ներդրումային ծրագրեր ներգրավելն ունի առավելություն։ Այստեղ տնտեսվարողներն ազատ են, հարկային պարտավորություններ չունեն: Նրանց համար ստեղծվում են գործարարությամբ զբաղվելու հնարավորինս դյուրին պայմաններ: Ներդրումները կազմում են 500 մլն դոլար, զուտ կազմակերպչական նպատակներով կծախսվի 30 մլն դոլար: «Սյունիք ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ խորհրդի նախագահ Սարգիս Աղաբեկյան:
Գյուղմթերքի վերամշակումից մինչև հանքային ջրերի շշալցում, տարբեր սարքավորումների արտադրություն: Նախապատվության հարց չկա, հավանության կարժանանան բոլոր ներդրումային ծրագրերը՝ անկախ ոլորտից: Ծրագիրը 50 տարվա համար է նախատեսված: Աղաբեկյանը հույս ունի, որ իր թոռներն էլ Սյունիքի ազատ տնտեսական գոտում կաշխատեն: Եթե ֆորսմաժոր չլինի, այլ ռիսկեր չի տեսնում: Սյունիքի ազատ տնտեսական գոտին նախատեսվում է շահագործել այս տարվա հոկտեմբերին:
Անկախ Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ Հայաստանի համար մեծ շուկա է բացվել ԵԱՏՄ- ում, այդտեղ մենք ունենք արտոնյալ պայմաններ:
Վազգեն Մանուկյանը կարծում է, որ Իրանին նախընտրելի կլինի, որպեսզի համատեղ ձեռնարկություններ ստեղծվեն։
«Ծառուկյան դաշինքից» ընտրված պատգամավոր Վարդան Բոստանջյանը վստահ է՝ Հայաստանը ազատ տնտեսական գոտի կազմակերպելու հարցում որևէ խնդիր չունի: Խնդիրն այլ հարթությունում է:
«Գոյություն ունի ՌԴ գործոնը, որն ըստ էության ամենատարբեր ձևերով քաղաքական նկրտումներից ելնելով կամ իր շահերից ելնելով ծ չի ողջունելու Հայաստանի ցանկացած քայլ, որը կարող է իր տնտեսական անկախությանը նպաստել, թույլ տալ, որպեսզի տնտեսական շրջանառությունը մեծացնի այլ ճանապարհով, քան ՌԴ- ն է»:
Տնտեսագետը գրեթե համոզված է, որ ՌԴ-ն Հայաստանի համար խնդիրներ կստեղծի:
Հայաստանի տնտեսությունը շնչահեղձ վիճակում է՝ քաղաքական գնահատականներից անցնելով տնտեսականին՝ ասում է տնտեսագետն ու ընդգծում ազատ տնտեսական գոտու կարևորությունը:
Նորանկախ Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը վստահ է. «Լավ աշխատելու դեպքում Հայաստանը իսկապես կամուրջ կդառնա Իրանի ու ԵԱՏՄ- ի միջև»: