

Դպրոցների և մանկապարտեզների 30 տնօրեն դատական հայց է ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորման» դեմ: Հայցվորները հերքում և փոխհատուցում են պահանջում: Հասարակական կազմակերպությունը, հիշեցնենք, նախընտրական քարոզչության շրջանում հրապարակել էր մանկապարտեզների և դպրոցների տնօրենների 114 հեռախոսազրույցի ձայնագրություն և դրանք վարչական ռեսուրսի չարաշահում էր որակել: Տնօրենները կարծում են, որ կազմակերպությունը զրպարտել է և արատավորել իրենց պատիվն ու արժանապատվությունը:
Հարյուրից ավելի դպրոցների տնօրենների հետ հեռախոսազրույցներում այսպես՝ որպես ՀՀԿ կենտրոնական շտաբի ներկայացուցիչ էր ներկայացել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ նախագահ Դանիել Իոնեսյանը: Նախընտրական քարոզչության շրջանում նրանցից հետաքրքվել էր, թե արդյոք այսպես ասենք համակիրների ցուցակներ կազմվել են: Տնօրենների միայն փոքր մասն էր հարցերից անակնկալի եկել, շատերը խոսել էին կոնկրետ թվերի մասին:
Մարտի 24-ին «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հրապարակեց հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները, մասնավորապես դրանց այն հատվածները, որոնցում խոսվում է ցուցակագրումների մասին և դրանք վարչական ռեսուրսի չարաշահման ուղիղ ապացույց որակեց: Դպրոցի տնօրեններն այդ կարծիքին չեն: Նրանցից առնվազն 30-ը կարծում է, որ գործ ունեն զրպարտության հետ: Տնօրենների շահերը պաշտպանում է փաստաբան Հարություն Հարությունյանը:
«Երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում ենք պահանջում, ինչպես նաև՝ հրապարակայնորեն զրպարտություն համարվող տեղեկությունների հերքում»:
Հայցվոր կողմի հիմնական հակափաստարկը օրենսդրական արգելքների բացակայությունն է: Մանկավարժական գործընթացում ընդգրկվածներին Ընտրական օրենսգիրքն, ըստ փաստաբանի, չի արգելում զբաղվել քարոզչությամբ, լինել համակիր կամ այս կամ այն կուսակացության անդամ: Օրենսդրությունն այլ բան է արգելում. չի թույլատրում դրանով զբաղվել մասնագիտական պարտականությունները կատարելիս:
«Եթե տնօրենները դրանով զբաղվեին իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս, դա կլիներ ոչ իրավաչափ արարք: Բայց սա այլ դեպք է, մեր վստահորդները քարոզչությամբ զբաղվել են բացառապես աշխատանքային ժամից հետո եւ ոչ իրենց լիազորություններն իրականացնելիս: Հետևաբար «վարչական ռեսուրս չարաշահել» որակումը զրպարտություն է»:
Պաշտպանը համոզված է, որ գործը դատական հաջողության հեռանկար ունի: Նման համոզմունք ունի նաև «Իրազեկ քաղաքացիների միավորումը », բայց այլ տեսանկյունից:
«Մենք որևիցե մեկին չենք զրպարտել, որևէ սուտ տեղեկություն չենք հայտնել, մենք միայն հայտնել ենք այն, ինչ իրենք են մեզ ասել: Ուստի չեն պատրաստվում փոխհատուցել ոչ մեկ միլիոն, ոչ մեկ լումա»:
Դանիել Իոաննիսյանն այսօր է ստացել հայցադիմումը: Ընդհանուր առմամբ ծանոթանալով գործին՝ համոզվել է, որ իրենց հակափաստարկներն ավելի հիմնավոր են, այնքան հիմնավոր, որ չեն կասկածում ՝ դատարանում հաղթելու են:
«Որևէ ատյանում հաղթելու ենք, կամ առաջինում, կան վերաքննիչում կամ Եվրոպական դատարանում»:
Նույն բովանադակությամբ առայժմ 30 հայցերը Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում են: Դրանք մակագրվել են նույն դատարանի տարբեր դատավորների: Թե երբ կմտնեն դատական քննության փուլ, առայժմ պարզ չէ:




