

Այսօր մեկնարկած «Գործարար կանայք» ծրագիրը հերթականն է, որը ֆինանսավորում է Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը, Եվրոպական միության, Շվեդիայի ու Վաղ անցումային երկրների հիմնադրամի հետ համատեղ: Արևելյան գործընկերության երկրներում ծրագրի իրականացման համար միայն ՎԶԵԲ-ի նախնական ներդրումը կազմել է 55 մլն ԱՄՆ դոլար: Ծրագիրը նպաստելու է կանանց բիզնես գործունեության ակտիվացմանը: Հայաստանում Եվրոպական միության հայաստանյան պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին իր խոսքում ընդգծել է, որ «ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը Հայաստանյան աքիլեսյան գարշապարն է»: Դեսպանը կարևորել է կանանց մասնակցությունը հասարակական ու քաղաքական կյանքին: Չի մոռանում ընդգծել՝ նախընտրական ակտիվ շրջան է: Դեսպանը կանանց կոչ է արել ակտիվ լինել, նրա հայտարարությունից մի քանի րոպե անց սրահ է մտել բնապահպան ակտիվ կանանցից մեկը:
Դեսպանի հայտարարությունից մի քանի րոպե անց սրահում հայտնվեց կին ակտիվիստներից մեկը՝ «շատ կարևոր հայտարարություն է, որ մենք այստեղ կեղծավորությամբ չզբաղվենք»:
Ակտիվիստը բնապահպան Աննա Շահնազարյանն էր։ Բնապահպաններին այսօր ամենաշատ անհանգստացնողը Ջերմուկում մեկնարկած Ամուլսարի ծրագիրն է: Այս ներդրումային ծրագիրը, ի դեպ, 7 տոկոսով ֆինանսավորում է ՎԶԵԲ- ը։ Հենց սրա մասին էր հայտարարում ակտիվիստը։ Հետո արդեն «Ռադիոլուր»-ի հետ զրույցում Աննա Շահնազարյանն ավելի հանգիստ պայմաններում իր անհանգստությունը փոխանցեց:
ՎԶԵԲ -ի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեւիսը որոշեց թեմայի շուրջ որոշ պարզաբանումներ ներկայացնել, նշեց՝ հայտարարություններից նախ և առաջ պետք է 1500 էջանոց ծրագիրը մանրամասն կարդալ, վստահեցրեց՝ ծրագիրը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին:
«Մենք շատ վստահ ներդրում ենք իրականացրել «Լիդիան ինթերնեյշնլ » ընկերության գործունեության մեջ, նրանք ամբողջությամբ համապատասխանություն են ապահովում ստանդարտներին»:
Իսկ ես հիշեցնեմ, 2016 թ օգոստոսին ազդարարվեց Ամուլսարի ոսկու հանքավայրի շինարարության մեկնարկը: Ամուլսարի ծրագիրը Հայաստանում խոշոր միջազգային ներդրումային ծրագրերից է, որի շինարարության (2016-2018 թթ.) կապիտալ ծախսերը կազմելու են 370 միլիոն դոլար: Սա խոստանում են ծրագիրն իրականացնող կազմակերպությունում։ Բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության դուստր ընկերությունը՝ «Լիդիան Արմենիա»-ն խոստանում է նաև տասը տարվա ընթացքում 700 աշխատատեղ ստեղծել: Բնապահպանների մի մասը սակայն շարունակում է պնդել՝ այն ռիսկային ծրագիր է:




