

Սկսվեց «Մենք», ավարտվեց «Կյանք» ֆիլմերով. Գաֆեսճյան արվեստի կենտրոնում կայացավ Արտավազ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» գրքի շնորհանդեսը: Ռուսալեզու գիրքը հրատարակվել է մշակույթի նախարարության օժանդակությամբ:
«Պարզվում է, որ ինչպիսի միջոցի էլ Փելեշյանը դիմի, լինի դա կինո, թե՛ գրականություն, նույնպիսի զարմանք ու հիացմունք է առաջացնում: Չես հասկանում՝ մարդը կարո՞ղ է այսքան հեռու գնալ, իսկ ստեղծած արվեստի հետքերով, դրա ճնշմամբ մտնել մարդկային մտքի ու տիեզերքի այդքան խոր շերտերը»,-մաեստրո Տիգրան Մանսուրյանը խոստովանեց՝ Փելեշյանի գիրքն ապշեցնող է:
Շնորհանդեսին զարմանքի ու հիացմունքի բազմաթիվ խոսքեր հնչեցին, ոմանք անգամ դժվարացան փոխանցել գրքից ստացած տպավորություններն ու հույզերը:
«Դուք ձեր վիճակից եք խոսում, բա ես ի՞նչ ասեմ»,-ասաց Փելեշյանն ու զգուշացրեց.«Ինտերվյու չեմ տալու, դիահերձման չեմ մասնակցելու: Փորձեմ մի քանի խոսք ասել, բայց չգիտեմ՝ ինչի՞ց սկսեմ»:
Փելեշյանը սկսեց նրանից, թե ինչպես շուրջ կես դար փուլ առ փուլ հավաքվեց ու ստեղծվեց «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը»՝ կինոյից շեղվելով ու գալով դեպի գիտությունը:
«Սովետական տարիներին «Գրական թերթում» մի բաժին կար՝ «Ծիծաղում են ֆիզիկոսները», որտեղ գիտնականները խոսում էին արվեստից, քննադատում, վերլուծում: Ես էլ մտածեցի՝ ինչո՞ւ չկա, օրինակ, «Ծիծաղում են լիրիկները» խորագիր, որպեսզի մենք էլ մեր հերթին խոսենք գիտության մասին»:
Փելեշյանը խոսեց գիտության մասին, արդյունքում՝ գտավ այն, ինչ «Էնշտեյնը փնտրեց քառասուն տարի, բայց այդպես էլ չգտավ»: 79-ամյա կինոռեժիսորն այս գրքում ի մի է բերել դեռ դպրոցական տարիներից իր մեջ խտացած պատկերացումները կյանքի, մարդկային գոյի, տիեզերքի անսահմանության, բացատրություններ ունեցող ու չունեցող բնության զարմանահրաշ երևույթների մասին:
«Հարյուրավոր ձևակերպումներ անգամ անկարող են ամբողջացնելու փելեշյանական արվեստի ու մտածողության պատկերն ու գնահատականը: Նրա ինչպես ֆիլմերը, այնպես էլ գրքերը ժամանակագրությունն են ոչ միայն իր արվեստի, այլև մեր ժողովրդի ապրած կյանքի, առաջընթացի»,-ասաց նախարար Ամիրյանը՝ հույս հայտնելով, որ ապագայում կունենանք փելեշյանական նոր ֆիլմեր, նոր երևակայություն, նոր անսահմանություն: Իսկ հսկայական միջոցներ պահանջող «Homo Sapiens»-ի 50 միլիոն դոլարի որոնումները շարունակվում են.
«Բայց նախարարության առաջիկա ծրագրերում նախ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» ռուսալեզու գրքի հայերեն հրատարակությունն է»:
«Սա ոչ թե կարդալու, բարձի տակ դնելու, այլ ուսումնասիրելու գիրք է». Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» գրքի վերաբերյալ ռեժիսոր Հրանտ Վարդանյանի կարծիքն է: Նրա խոսքով. « Արտավազ Փելեշյանն անսասան լեռ է կինոարվեստում, որի գագաթից աշխարհն է երևում»: Իսկ գուցե նաև տիեզերքը՞…




