

Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամն այս տարվա հունվարի 1- ից ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսների ընտանիքներին գումարային աջակցություն է տրամադրում: Նույն հիմնադրամը հոգում է նաև մարզի գերազանցիկ ուսանողների ուսման հետ կապված ծախսերը: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն է, ով երեկ կառավարություն էր ներկայացրել մարզի զարգացման ներդրումային ծրագրերը: Դրանք գործադիրում հավանության են արժանացել: Բացի երեկ հաստատված ծրագրերից Հայաստանի հարավում գտնվող այս մարզում հետաքրքրիր այլ նախագծեր նույնպես կյանքի են կոչվում: Այսօր՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ներկայացրել է հետաքրքիր ներդրումային նախագծերը։
Հայաստանի հարավային դարպասից՝ Կապանից, արդեն գարնանը իտալական պիցցայի համն ու հոտը կտարածվի Սյունիքի մարզում: Սահմանակից Իրանում գուցե իտալական պիցցայի բույրը հասնի, սակայն այն առայժմ համտեսելու հնարավորություն կունենան տեղացիները, նաեւ Սանկտ- Պետերբուրգի ու Մոսկվայի սպառողները: Արտահանման հստակ պայմանավորվածությունն առայժմ ռուսական շուկայում է: Ընդհանուր նախագիծը մոտ 200 հազար դոլար կարժենա: Ներդրողները իտալացիներ են:
Ինչպես Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին հաջողվեց նրանց Երևանից Կապան տանել, մարզի ղեկավարը «Ռադիոլուրի» հետ զրույցում փակագծերը չի բացում.«Ընկերներիս միջոցով եմ համոզել, իմ խնդրանքով են նրանք եկել»:
Սյունեցիների խնդիրներին «Ռադիոլուրը» բազմիցս է անդրադարձել, նրանք իրենց զրույցներում մի քանի կարևոր հարցեր են բարձրացնում ՝ աշխատատեղերի պակաս, հողի մշակման համար էլ՝ գյուղտեխնիկայի ոչ բավարար քանակ ու մաշվածություն: Զրուցակիցներս Սյունիքի մարզի խոշորացված Խոտի ու Շինուհայրի բնակիչներն են:
Մարզի ղեկավարությունը խնդիրներից տեղյակ է, գյուղտեխնիկայի հետ կապված հարցերի լուծման տարբերակները գտնված են: Կառավարությունում նույնպես գիտեն դրա մասին։ Ավելին, քննարկվել են մարզի զարգացման ներդրումային ծրագրերը: Խնդրի կարևորությունից ելնելով՝ ծրագրերը գյուղատնտեսական ուղղվածություն ունեն: Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում կհիմնվեն գերմանական գյուղտեխնիկայի վարձակալման ու սպասարկման կենտրոններ: Մանրամասները «Ռադիոլուր»-ի հետ զրույցում մարզպետ Վահե Հակոբյանն է փոխանցում.«Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գյուղտեխնիկայի պահանջարկ կա, նորմալ, որակյալ տեխնիկայի, սակայն գյուղացիներն ի վիճակի չեն դրանք գնել: Մենք ուզում ենք իրենց այդ հնարավորությունը տալ։ Մենք մեր միջոցներով դրանք կգնենք, վարձակալությամբ կհանձնենք գյուղացիներին»:
Գյուղատնտեսական ամենապարզ տեխնիկայից մինչև ամենաբարդը՝ կոմբայններ, տրակտորներ, վարձակալելու են: Շուրջ 30 միավոր գյուղատնտեսական տեխնիկա կգնվի:
Տեխնիկական միջոցների ձեռքբերման համար անհրաժեշտ է 1,3 մլրդ դրամ, ևս 800 մլն դրամ էլ սառնարանային տնտեսություն հիմնելու համար կպահանջվի: Միջոցները Սյունիքի զարգացման ու ներդրման հիմնադրամն ու կառավարությունն են հատկացնելու: Երկու ծրագրերի արդյունքում 50-ից ավելի աշխատատեղ կստեղծվի: Մարզի ղեկավարն այս պահին կարևորում է հետևյալը
«Այս պահին առաջնահերթությունն այն է, որ գյուղացին հնարավորություն ունենա ավելի ազատ լինել իր աշխատանքի մեջ»:
Կապանի տարածաշրջանում ռետինի ու երկաթի մշակման գործարաններ են կառուցվում։ Արդյունքում՝ ևս 50 աշխատատեղ կստեղծվի:
Մարզի զարգացման ծրագրում նաև ներառված է Կապանի օդանավակայանի հնարավոր վերագործարկման ծրագիրը։ Այն ուսումնասիրության փուլում է, փորձում են ներդրումների ծավալը հասկանալ: Վահե Հակոբյանի հաշվարկներով այն մոտ 2 մլն դոլար կկազմի:
Մեղրու տարածաշրջանում նախատեսվում է հանգստի գոտի ստեղծել զբոսաշրջիկների համար։ Ակնկալիքները մեծ են նաև Մեղրիում ազատ տնտեսական գոտուց:




