

Օրերս Համաշխարհային բանկը հրապարակել է «Առևտրի լոգիստիկան գլոբալ տնտեսությունում — 2016» զեկույցը, որը գնահատում և դասակարգում է երկրները՝ ըստ լոգիստիկ կատարողականի ինդեքսի։ Այն կազմված է մի շարք ցուցանիշներից, օրինակ՝ մաքսային ընթացակարգեր, ենթակառուցվածքների որակ, բեռնափոխադրումների ժամանակայնություն։ Հայաստանը 160 երկրների շարքում 141-րդն է: Չորս տարի առաջ նույն զեկույցում մեր երկիրն, ի դեպ, 100-րդ տեղն էր զբաղեցնում: Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը թվարկում է խնդիրները, որոնց առջև տնտեսվարողներն են կանգնում:
«Պատկերացնենք, որ մենք Սև ծովից ենք օգտվում և Փոթի նավահանգստից։ Ինչ- որ մի կոնտեյներ մի աշխարհամասից գալիս մեզ է հասնում: Մեկ կոնտեյների տեղափոխումը Փոթիից մինչև Երևան 1500 -1600 դոլար է, նույն կոնտեյներն արտահանելիս 400- 500 դոլար է նստում մեզ վրա»:
Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը պնդում է՝ համաշխարհային լոգիստիկ ընկերությունները Հայաստանին գործընկեր չեն համարում, ուստի հավելյալ ծախսեր են ավելացնում: Մխչյանը երկար կարող է թվարկել ներմուծման ու արտահանման հետ կապված խնդիրները: Երանությամբ է հիշում 2008թ, երբ մաքսային ծառայությունը մի քանի ամիս արտահանողներին հանգիստ էր թողել.«Այդ ժամանակ մեզ համար այնպիսի պայմաններ էին, որ կոռուպցիա չկար ընդհանրապես: Ութ ամիս հետո մարդիկ պահանջատեր եղան ու ասացին, որ էս ընթացքում ցուցակ ունես, որի համար պետք է վճարես»:
Փակ սահմաններ, խնդիրներ հարևաններից երկուսի՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, անբարեկարգ ճանապարհներ, գրեթե չգործող երկաթգիծ, մաքսային ընթացակարգեր: Արդյունքում՝ հայ տնտեսվարողների դժգոհություններն արտացոլվում են միջազգային տարբեր զեկույցներում: Օրերս հրապարակվեց «Առևտրի լոգիստիկան գլոբալ տնտեսությունում- 2016» զեկույցը։
160 երկրների շարքում Հայաստանը 141-րդն է: Չորս տարի առաջ նույն զեկույցում մեր երկիրը, ի դեպ, 100-րդ տեղում էր։ Հայաստանից գրեթե կիսով չափ առաջ է Ղազախստանը (77-րդ տեղում), Մոլդովան՝( 93-րդ), Հայաստանից առաջ է Թուրքմենստանը ՝ (140-րդ), հինգ կետով հետ է միայն Ղրղզստանը (146-րդ):
Վերը նշված երկրներն ինչ- որ առումներով ընդհանրություններ ունեն Հայաստանի հետ: Նույն զեկույցում առաջատարներից է Վրաստանը՝ 130-րդ, ապա՝ Ռուսաստանը ` (99-րդում), Իրանը`( 96-րդ), Թուրքիան՝ (34-րդ) ։ Մոնղոլիան, որը նույնպես ծով չունեցող երկիր է, ինչպես Հայաստանը, էականորեն բարենպաստ դիրքերում է՝ 108-րդն է: Տնտեսագետ Վահագն Խաչատրյան.«Մոնղոլիան ամենակղզիացված երկրներից մեկն է աշխարհում, ինքը միջազգային պայմանավորվածություններ, փոխադրումենրի հետ կապված արտոնություններ ունի»:
Հյուսիս-Հարավ ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհի կեսն էլ կառուցված չէ։ Ավելին, անգամ պաշտոնապես բացված հատվածն է փակ: Անորոշ է նաև Իրան Հայաստան երկաթգծի ճակատագիրը: Մեր երկրի լոգիստիկ պատկերը լավը կլիներ, եթե խնդիրներին ավելի լուրջ մոտեցում ցուցաբերվեր: Սա, ըստ Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի, մեծ գումարներ չէր պահանջի.
«Եթե մենք սկսած 2008թ տարեկան 50 մլն դոլար հատկացնեինք այս աշխատանքներին, ապա այժմ 300-400 մլն դոլարի աշխատանքներ կատարած կլինեինք: Բայց տարեցտարի դրանք հետաձգվում են, մենք մեծ երկրի ենք սպասում, որ գա, ներդրումներ անի, սակայն մենք պետք է սկսենք, հետո նոր հրավիրենք Իրանին, Չինաստանին, որոնք շահագրգռված են այս ճանապարհի կառուցմամբ»:
Վազգեն Սաֆարյանը Մետաքսի ճանապարհի բաղադրիչն է մատնանշում, նշում է, որ այն Ջավախքով Սև ծով դուրս գալու հնարավորություն կար: Այն Հայաստանի համար կենսական նշանակություն ունի՝ ասում է ՀԱԱ միության նախագահն ու հիշում Գյումրիից Ախալքալաք նախագծված 80 կմ երկաթգծի կառուցման մասին: Նկատում է՝ երկաթգծով բեռների փոխադրումը ոչ շահավետ է դարձել: Ընդհանրապես Աաֆարյանն այսօր հիշեց խոստացված, սակայն կյանքի չկոչված բոլոր նախագծերը՝ այդ թվում նաև 20 տարի շարունակ քննարկվող Վանաձոր- Ֆիալետովո 31,2 կմ երկարությամբ երկաթգիծը, երկաթգծի Հաղարծին — Իջևան հատվածը: Վազգեն Սաֆարյանը կարծում է, որ սրանք ռազմավարական նշանակություն ունեն։ Վահագն Խաչատրյանը հակադարձում է Սաֆարյանին:
Մինչ բանախոսները փորձում են հասկանալ՝ անհրաժեշտության դեպքում տանկը թունելով տեղափոխեն, թե ոչ, Հայաստանում ենթակառուցվածքներն ու մաքսային ընթացակարգերը շարունակում են գործել ճիշտ այնպես, ինչպես նախկինում: Արդյունքում՝ տնտեսվարողների խնդիրները շարունակում են:




