

Արմավիրի Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանում այս ուսումնական տարում առաջին անգամ սովորում են նաև աղջիկներ: Նրանք հանրապետության տարբեր մարզերից են: ,,Աղջիկներն ավելի դիմացկում են ու ավելի շուտ են հարմարվում պայմաններին, քան տղաները,,- ասում է վարժարանի տնօրեն Կորյուն Ղումաշյանը: Աղջիկները ապագա դիպուկահարներ են, հետախույզներ և անօդաչու սարքերը կատավարող օպերատորներ:
Նախնական զինվորական պատրաստվածության հատուկ ճամբարից մինչև ռազմամարզական հատուկ վարժարան, որը կրում է Տիգրան Մեծի անունը: Այստեղ այժմ սովորող պատանին վաղվա լավագույն զինվորն է, բանակի բարձրաստիճան սպան ու հրամանատարը: Զինվորական գործը մասնագիտություն է, բանակը՝ տուն: Վարժարանում պատանիներն ապրում են զինվորի կյանքով, առավոտ վաղ՝ վեր կաց, մարմնամարզություն, դասընթացներ, որին հաջորդում է սիրելի զբաղմունքը պարապմունքներ տարբեր խմբակներում՝ ավիամոդելային, ձեռնամարտի, պարի և այլն: 20 տարվա պատմության մեջ առաջին անգամ վարժարանում սովորում են նաև դեռահաս աղջիկները: Վարժարանի տնօրեն, գնդապետ Կորյուն Ղումաշյան վաղուց էր նպատակադրվել աղջիկների զինվորագրման մասին, սակայն դրա համար հատուկ պայմաններ էին անհրաժեշտ: Այժմ 159 կուսանտից 15-ն աղջիկ է:
,,Հրաշալի երեխաներ են, նորմալ դիմանում են պայմաններին, շատ ավելի դիմացկուն են, քան տղաները: Իրենք ավելի ոգևորված են թե ուսման մեջ, և թե ռազմական գործը ուսումնասիրելու մեջ,,:
Բանակային գործը սեռերի տարբերություն չի տեսնում, եթե անհրաժեշտ է, ուրեմն ցրտին ու սառնամանիքին էլ պետք է կատարել հանձնարարությունը, այդ կերպ կոփվում է ոչ միայն մարմինը, այլև՝ բնավորությունը: Աղջիկներից դիպուկահարներ, անօդաչու սարքերի կառավարման օպերատորներ և հետախույզներ են պատրաստում: Բոլորն էլ մասնակցում են ձեռնամարտի պարապմունքներին:
Աղջիկներից մեկը՝ Սոնա Հարությունյանը, բռնցքամարտիկ է, նրան առաջիկայում տեսնելու ենք Եվրոպայի պատանիների առաջնության մրցումներում:
Արդեն 5 տարի զբացվում եմ բռնցքամարտով, մասնակցել եմ տարբեր մրցումների, ունեմ բազում հաղթանակներ, հիմա պատրաստվում եմ գնալ Եվրոպայի մրցումներին,,
Ռոզա Գալստյանը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքից Արմավիր է եկել իր երազանքը իրականություն դարձնելու համար, համաքաղաքացիներից շատերը պայմանագրային զինծառայողներ են, ինքն էլ ետ չի մնալու նրանցից:
,,Ռազմական գործը շատ եմ սիրում, փոքրուց երազել եմ հետախույզ դառնալ, հենց այդ մասնագիտությամբ էլ շարունակելու եմ ուսումս,,:
Արմավիրի Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանում սովորողները վաղուց են ծանոթ անօդաչու սարքերին, ավիամոդելային խմբակում իրենք են պատրաստում ու փորձարկում:
Գնդապետ Կորյուն Ղումաշյանը նշեց, որ սաների պատրաստած անօդաչու սարքերը կիրառվել են ըստ նշանակության, նաև՝ ռազմի դաշտում:
Անօդաչու սարքերից բացի այլ մտահղացումներ ու նորարարություն ունեն, որոնք կարող են կիրառվել ռազամական հետախուզական հարձակման ժամանակ: Ժամանակն է թելադրում նոր տեխնոլոգիաների կիրառումը, ճիշտ այնպես, ինչպես 25 տարի առաջ մտադրվեց ստեղծել ռազմամարզական դպրոցը:
,,1992 թվականի օգոստոս ամիսն էր, կռիվները Լաչինի միջանցքում էին, մեզ մոտ անփորձ տղաներ բերեցին, երբ թուրքերը գրադից կրակեցին, տղաները խրամատներից դուրս եկան, իսկ այդ ժամանակ անթույլատրելի է դուրս գալը: Հենց այդ ժամանակ էլ որոշեցի, եթե կենդանի մնամ՝ ռազմական դպրոց եմ բացելու,,
Վարժարանը 20 տարվա պատմության ընթացքում բանակին տվել է 536 սպա, այդ թվում՝ բարձրաստիճան: Սաները ուսումը շարունակում է տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունում: Զինվորական պատրաստվածության ուսուցումը բավարար է, ինչը չի կարելի ասել շենքային պայմանների մասին: Տնօրենը դժգոհեց, որ ամեն տարի փաստաթղթերը պահանջում են, ինքը ներկայացնում է, սակայն վերանորոգման ուրվագիծն անգամ չի երևում:




