

«Թումանյան 150» հոբելյանական տարին 2019-նն է, բայց 2017-ից արդեն մշակույթի նախարարությունը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ թումանյանական հերոսների մեծադիր քանդակների մրցույթ գրողի ծննդավայրում, թումանյանական թեմայով երիտասարդ նկարիչների մրցույթ և այլն:
Փաստաթուղթ համաձայն որի՝ մշակույթի նախարարության մշակած նախագծով և ամերիկահայ բարերար Աշոտ Տիգրանյանի տրամադրած 8 միլիոն դրամով Հովհաննես Թումանյանի՝ Դսեղի տուն-թանգարանում կկառուցվեն հուշանվերների կրպակ, սանհանգույց, և փոքրիկ սրճարան: Միաժամանակ, թանգարանի տարածքում հատված սնամեջ ծառերի բներով քանդակագործները կստեղծեն թումանյանական հետաքրքիր կերպարներ, որոնք ավելի գրավիչ կդարձնեն տարածքը:
«Ծրագիրը նախատեսում էինք իրականացնել դեռ 2016-ին, բայց խանգարեց ձմռան սաստիկ ցուրտն ու միջոցների բացակայությունը: Մենք հովանավորներ, աջակիցներ էինք փնտրում, ու հանկարծ…»:
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը պատմում է օդանավում տեղի ունեցած «ճակատագրական» հանդիպման մասին. «Օդանավում ձմռանը ես հանդիպեցի Աշոտ Տիգրանյանին, ում հետ մինչև Փարիզ ուղևորվելը շուրջ հինգ ժամ, զրուցում էինք Հայաստանի մշակութային կյանքից, իրադարձություններից, ծրագրերից: Հետաքրքիրն այն էր, որ մաեստրոն միանգամից արձագանքեց և խոստացավ օգնել Դսեղի թանգարանի ենթակառուցվածքները ստեղծելու հարցում»:
Նախարարն ընդգծեց, որ Աշոտ Տիգրանյանը երաժիշտ է, ոչ շատ մեծ կարողությունների տեր մարդ, բայց արձագանքեց սրտով և հոգով: «Ես համոզված եմ, որ այս արձագանքը վարակիչ է լինելու և բոլորս համոզվելու ենք, որ այո՛, հնարավոր է փոքրիկ ներդրումով ունենալ մեծ արդյունք»,-ասաց Արմեն Ամիրյանը:
Ինքը՝ բարերար Աշոտ Տիգրանյանը համոզված է, որ մշակույթի նախարարի հետ հանդիպումը օդանավում ոչ այլ ինչ է, եթե ոչ Աստծո կամքը:
«Երեք տասնամյակ ԱՄՆ-ում ապրելուց հետո ես առաջին անգամ այցելեցի Հայաստան ու հրաշալի պահեր ապրեցի, որովհետև ծնվել եմ Երևանում, ապրել Մոսկովյան փողոցում՝ հենց Թումանյանի թանգարանի հարևանությամբ: Վերջերս էլ եղա Դսեղում, որտեղ պետք է իրականություն դառնա այս ծրագիրը: Անչափ երջանիկ եմ՝ օդանավում մեր հանդիպման համար: Շնորհակալ եմ Աստծուն, որ իրականություն դարձավ իմ երազներից մեկը: Դրսում մենք ապրում ենք կարոտի զգացումներով, իսկ սա ավելին է, քան կարոտը: Ես մեծ հպարտությամբ ու պարծանքով կկատարեմ իմ խոստումը»,-վստահեցրեց բարերարը:
Դսեղի թանգարանի կառուցվելիք ենթակառուցվածքների մասին խոսելիս՝ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարապետ Վարդանյանն ասաց. «Իսկապես դա լուրջ խնդիր էր, և մեծ բարեբախտություն էր, որ Ամիրյանն ու Տիգրանյանը հանդիպեցին: Կաղոթեմ, որ նրանք ավելի հաճախ հանդիպեն ինքնաթիռում»:




