

Առողջության համար հատկապես վտանգավոր են գյուղատնտեսական կենդանիներից փոխանցվող հիվանդությունները, որով վարակվում են ոչ միայն կենդանիներ պահող ընտանիքի անդամները, այլ նրանք, ովքեր օգտվում են լավ չվերամշակված կաթնամթերքից ու մսամթերքից: Դրանցից առանձնանում է բրուցելոզը: Հիվանդության ախտանիշերը կենդանիների մոտ արտաքուստ չեն արտահայտվում, հայտնաբերվում է միայն արյան լաբորատոր հետազոտության ժամանակ, իսկ մարդկանց մոտ ուղեկցվում է սուր ոսկրային ցավերով:
Մսամթերքի շուկայում մսի վաճառքն աշխուժանում է հատկապես ձմռանը, երբ ավելանում է մորթի քանակը: Այս դեպքում անվերահսկելի է դառնում մսի օգտագործումը՝ սննդամթերքի անվտանգության տեսակետից: Բարեխիղճ վաճառողները վաճառքից առաջ միսը ենթարկում են լաբորատոր հետազոտության և թույլտվությունը ստանալուց հետո՝ վաճառում: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Արմավիրի մարզային կենտրոնի պետ Ալեքսան Մկրտչյանը վստահեցրեց, որ անասնաբուժասանիտարական փորձաքննությունը կազմակերպվում է տեղում՝ 10-15 րոպե տևողությամբ:
Գյուղերում հաճախ հանդիպող երևույթ է մասնավոր մորթը և առանց անասանաբույժի լաբորատոր հետազոտության մսի վաճառքը: Գյուղացիները վստահեցնում են, որ անասունն առողջ է և որևէ խնդիր չի կարող առաջացնել: Սա միայն ենթադրություն է, քանի որ կան այնպիսի հիվանդություններ, որոնք արտաքուստ ոչ մի նշան չունեն: Այդպիսի հիվանդություն է նաև բրուցելոզը: Այն տարածվում է բրուցելա մանրէի միջոցով, որը կայուն չէ բարձր ջերմաստիճանի նկատմամբ:
Հեղուկ միջավայրում +60աստիճան ցելսիուս ջերմաստիճանային պայմաններում դրանք ոչնչանում են 30 րոպեում, իսկ եռացնելիս՝ անմիջապես: Բրուցելոզով հիվանդանում են գյուղատնտեսական կենդանիները, առնետները, շները, ինչպես նաև մարդիկ: Մարդկանց հարուցիչը փոխանցվում է հինանդ կենդանու չմշակված կաթնամթերքից և մսից: Արգավանդ գյուղի բնակչուհի Սուսաննա Միսակյանը 2001 թվականին հիվանդացել էր բրուցելոզով, սակայն հիվանդությունը հայտնաբերվել է վարակից մեկ տարի անց, ինչը խիստ բարդացրել էր նրա առողջական վիճակը: Հիվանդությունն արտահայտվել էր հոդացավերով, ոսկրային ուժեղ ցավերով, որի պատճառով հիվանդը կծկված է եղել, շարժվել է ձեռնափայտով:
Բրուցելոզի դեմ բուժումները ավելի երկար տևեց, երբեմն գլուխ է բարձրացնում: Սուսաննան ամեն տարի 2 անգամ բրուցելոզի դեմ արյան հետազոտություն է անցնում, անհրաժեշտության դեպքում՝ բուժում ստանում: Բնամթերքի փոխանակման արդյունքում մեկ այլ գյուղացուց գնած անալի պանիրը առողջական խնդիրների բարդացման պատճառ դարձավ, սակայն ինքը կաթնամթերքը մշակում է նախատեսված ձևով, որպեսզի ոչ մի մանրէ չմնա:
«Պանիրը աղաջրում պահում եմ 40-60 օր, որպեսզի աղը լավ ուտի, իսկ կաթը շատ եմ եռացնում: Եռացրած կաթի մեջ ոչ մի մանրէ չի մնում»:
Կենդանու մոտ բրուցելոզ հիվանդությունը հայտնաբերվում է արյան հետազոտմամբ, որը տարվա մեջ 2 անգամ է իրականացվում՝ գարնանն ու աշնանը: Այկլ երկրներում հայտնաբերված հիվանդ կենդանիներին սպանդի են ենթարկում, իսկ միսը 120 աստիճան ջերմամշակման ենթարկելով՝ պահածոյացնում:
Անցած տարի Արմավիրի մարզում հայտնաբերվել է 120 հիվանդ կենդանի: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Արմավիրի մարզային կենտրոնի պետ Ալեքսան Մկրտչյանը տեղեկացրեց, որ մյուս տարիների համեմատությամբ հիվանդ անասունների թիվն անհամեմատ նվազել է: Բրուցելոզով հիվանդ կենդանուն սպանդի են ենթարկում բակային պայմաններում, քանի որ մարզում չկա սպանդանոց, իսկ գյուղացուն փոխհատուցում չի տրվում: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության գլխավոր մասնագետ Հովիկ Բատիկյանը տեղեկացրեց, որ գյուղատնտեսական կենդանիները պետական պատվերի շրջանակում պատվաստվում են 7 անուն հիվանդության դեմ, անցած տարի ներառվել է նաև խոշոր եղջերավոր կենդանիների հանգուցային մաշկաբորբ և մանր եղջերավորների ժանդախտ հիվանդության դեմ:
Բրուցելոզ հիվանդության կանխարգելման և արդյունավետ պայքար կազմակերպելու նպատակով կարևորվում է կենդանիների համարակալման, գրանցման, անձնագրավորաման գործընթացը, որն առայժմ պիլոտային ծրագրի ձևով իրականացվել է Վայոց Ձորի մարզում, իսկ Սյունիքի մարզում իրականացվելէ բրուցելոզի դեմ պատվաստամն պիլոտային ծրագիր, որի շրջանակում պատվաստվել է 40000-ից ավելի խոշոր եղջերավոր անասուն և 150000՝ մանր եղջերավոր:
Ծրագրի փորձագետ-անասնաբույժ Տիգրան Մարկոսյանը նշեց, որ ծրագրով նախատեսված է պատվաստել 3-8 ամսական մանր եղջերավոր անասուններ և 4-12 ամսական՝ խոշոր եղջերավոր, քանի որ մեծահասակ անասունների մոտ պատվաստանյութը կարող է բարդություններ առաջացնել:
Փորձագիտական դրական եզրակացությունների արդյունքում այն կկիրառվի կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումներում:




