Հասարակություն

Հայաստանում 2016- ին հայտնաբերված բացառիկ ժայռապատկերի տեղն առայժմ գաղտնի է պահվում

2016 թվականը նշանակալի տարի էր հնէաբանների, հնագետների, քարանձավագետների համար: Անցած  տարի բացահայտվեցին եւ բարձրաձայնվեցին մի շարք պեղումների, հայտնագործությունների եւ ուսումնասիրությունների արդյունքներ, որոնք պատմական եւ հնագիտական առումով շատ կարեւոր էին ոչ միայն հայերիս, այլ ողջ տարածաշրջանի պատմության ուսումնասիրության համար:

 

2016 թվականին հնագետները, քարանձավագետները  բարձրաձայնեցին նոր հետազոտությունների, ուսումնասիրությունների մասին՝ վերահաստատելով, որ Հայաստանը այն եզակի երկրներից է, որտեղ հնագույն աշխարհի պատմությունը խորը արմատներ ունի, եւ որ աշխարհագրական փոքր չափեր ունեցող այսօրվա Հայաստանը բաց ու ընդարձակ հնագիտական աղբյուր է ուսումնասիրողների համար: Սակայն պետական հոգածության բացակայության պատճառով ոչ միայն նոր բացահայտումներն են հողակույտ դառնում, այլ նաեւ դեռ կանգուն մնացած պատմամշակութային արժեքները:

Պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը պատմամշակութային ժառանգության պահպանության թերացումը տեսնում է եւ պետության, եւ մասնավոր հատվածի կողմից: <<Սեփականության նման հոգատարություն չեն ցուցաբերում: ՀՀ միակ տարածքն է, որտեղ հայերը պատմական հնարավորություն ունեն ձեւավորելու քաղաքական եւ քաղաքացիական հանրույթ, սակայն այդ գործընթացը տեղի չի ունենում>>,- ասում է հնագետը եւ օրինակ բերում Իսրայելը։ Պետություն, որը պայքարում է սեփական հողակտորի համար, որպես սրբություն է վերաբերվում մշակութային արժեքներին, իսկ մեր պարագայում ոչնչացվում է>>:

Հոգածության պակասի մասին են բարձրաձայնում նաեւ քարանձավագետները՝ խոսելով աշխարհում բացառիկ համարվող հայտնագործության մանրամասների մասին: Քարանձավագիտական կենտրոնի նախագահ Սամվել Շահինյանը և Հայ- իտալական համատեղ քարանձավագիտական արշավախմբի ղեկավար, քարանձավագետ Սմբատ Դավթյանը <<Ռադիոլուրի>> հետ զրույցում խոսելով կարստային քարանձավում հայտնաբերված ժայռանկարի մասին, փոխանցեց իտալացիների բնորոշումը՝ ֆանտաստիկա։ <<Առաջին անգամ հայաստանյան կարստային քարանձավներից մեկում հայտնաբերվեց ժայռանկար, որն իր ոճով նման է իսպանական Ալտամիրայի քարանձավում առկա ժայռանկարներին: Առայժմ ուսումնասիրություն չի արվել, բայց նախնական թվագրությամբ պալեոլիթի շրջանի է՝ 10-12 հազար տարի>>,- նշում է Դավթյանը: Որտեղ է գտածոն,  առայժմ գաղտնի է պահվում՝ ժայռապատկերը փրկելու մտավախությունից ելնելով, քանի որ այսօր շատ չակերտավոր <<պահպանվող>> քարանձավներ անգամ ոչնչացման եզրին են: Խոսքը՝  20 — 22 քարանձավների մասին է, իսկ  առկա շուրջ 10 հազար քարանձավից 100- ը կարող են օգտագործվել զբոսաշրջային նպատակներով։ Որպես օրինակ նշում է Մագիլի քարանձավը, որում առկա բրոնզե դարի շերտը վայրագորեն ոչնչացվում է։

Քարանձավագետների միության  նախագահ Սամվել Շահինյանն իր հերթին <<Ռադիոլուրին>> փոխանցել է, որ քարանձավների պահպանության հարցում պետք է հստակ ռազմավարություն մշակվի, որովհետև մեկը պետք է պատասխանատու լինի` <<Անանուն տերեր չեն լինում>> ընդգծել է: Այժմ քարանձավներից անցում կատարենք մյուս կարեւոր ուսումնասիրություններին:

ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն էլ իրենց կատարած  պեղումների արդյունքների վերաբերյալ նշում է՝ պատմությունը գրվում է երկու աղբյուրների հիման վրա՝ գրավոր և հնագիտական պեղումների, եթե նախկինում գրավոր տվյալներն էին գերիշխող, այսօր արդեն 99 տոկոսով հնագիտականը եւ ամենատպավորիչ արդյունք Ավետիսյանը նշում է Գեղարոտի պեղումների ընթացքում, որտեղ աշխատել է հայ-ամերիկյան արշավախումբը, հայտնաբերված Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակի առաջին կեսի կառույցները, որոնք գերեզմանոցի մաս են կազմել և ծիսական նշանակություն ունեցել: 2016 թվականին մեծ ծավալի աշխատանքներ են արվել նաև «Սոլակ-1» հնավայրում, ուսումնասիրվել եւ ուսումնասիրվում է Վանի թագավորության շրջանի՝  արքայական կառույցներին բնորոշ հատակագծով ամրոց-դղյակը, որը սակայն ոչ արքայական արհեստանոցներում պատրաստված նյութերով հնավայր է: Պեղումների փուլում է Վիշապ  քարակոթողների ուսումնասիրությունների ծրագիրը, որը  բացառիկ է նրանով, որ  3000 մետրի վրա են աշխատանքներ կատարվում, քանի որ որպես կանոն հնագիտական հուշարձանները Կովկասում 2400 մետրից չեն անցնում:

Քարակոթող է հայտնաբերվել նաև Գառնի տաճարի տարածքում, որտեղ Վանի թագավորները սեպագիր արձանագրություն են թողել։ Դրանից հետևում է, որ դրանք վաղ են, քան Վանի թագավորության շրջանը: Տեղափոխվենք Աղձք եւ Կարմիր բլուր: Թեյշեբաինի դամբարանադաշտում, կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ Կարմիր բլուրում, եւ Աղձքում իրականացված բացառիկ հետազոտության արդյունքում հայտնաբերված ՝ Թեյշեբաինի  պարագայում հայոց փոխարքայի բրոնզից կերտված ցլագլուխ կեռ մականը, իսկ երկրորդի դեպքում՝ հայոց արքաների մասունքները։

Ի դեպ, Կարմիր բլուրի պեղումներից գտնված մականը եւ պեղումները հերքեցին ուրարտացիների անհայտ ծագում ունենալու պնդումները; <<Ուրարտացին եղել է Արարատյան դաշտի բնիկը>>,- ասում է Հակոբ Սիմոնյանը: <<Խորապես համոզված եմ, որ Ուրարտուն դա հայկական կայսրություն է, իր բազմաշերտ բնակչությամբ, որտեղ գերակշռողը եղել է հայկական տարրը>>- շեշտեց Սիմոնյանը:

Կարդացեք նաև

Back to top button