Մշակույթ

Ինչից են գոհ եւ դժգոհ ստեղծագործական միությունների նախագահները

Ստեղծագործական միությունների ղեկավարներն արդեն ամփոփում են անցնող ՝ 2016 թվականը: Հայաստանի գրողների եւ կոմպոզիտորների միությունների նախագահներն այսօր ներկայացրել են վերջին մեկ տարված ծրագրերն ու խոսել նաև խնդիրների մասին, որոնք ստիպված են տեղափոխել 2017 թվական: Ինչի՞ց են գոհ եւ դժգոհ Էդուարդ Միլիտոնյանն ու Արամ Սաթյանը։

 

Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը 2016 թվականը գնահատում է բավարար եւ մտնում 2017 թվական նոր սպասելիքներով, մասնավորապես՝ մաքուր երաժշտություն ունկնդրելու եւ տարածելու համար: Այսօր միջազգային հարթակներում երիտասարդ կատարողները ինքնուրույն հարթում են իրենց ճանապարհը եւ միջազգային պարբերականների, խստապահանջ ժյուրիների գնահատականին եւ հանդիսատեսի ծափողջյուններին արժանանում, իսկ հայրենիքում նրանց չեն ճանաչում:

<<Ինչո՞ւ պետք է նման վերաբերմունք լինի, դա կործանարար է>>,- ասում է կոմպոզիտոր Արամ Սաթյանը եւ դժգոհությամբ նշում երաժշտության մեջ արմատացող օտարամոլությունից, որը նկատվում է ինչպես էստրադայում, այնպես էլ դասական երաժշտության մեջ: «Լսում ես հայերեն լեզվով երգեր, որոնք հայկական չեն: Մտածողությունն օտար է »,- ասում է Սաթյանը:

Իսկ կոմպոզիտորական սերնդափոխության եւ մաքուր երաժշտության տարածման կարեւորագույն խնդրի լուծումն էլ տեսնում է՝ պետական հոգածության մեջ: <<Ոլորտին տրամադրվող պետական սուղ միջոցները հնարավորություն չեն  տալիս, որպեսզի հայ ժամանակակից կոմպոզիտորական մտքի արդյունքը ներկայացվի հավուր պատշաճի>>,- ընդգծում է կոմպոզիտորների միության նախագահը:

Մինչ ցանկալի ժամանակները կոմպոզիտորների միության նախագահը ստիպված է խոստովանել, որ 2016-ը ևս ճանապարհում են սոցիալական խնդիրներով, այդ թվում՝ Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ճակատագրին լուծում գտնելու սպասումով: Ստեղծագործելու լավագույն տեղ Դիլիջանից բացի Արամ Սաթյանն իր համար չի տեսնում՝ ասելով, որ Կոմպոզիտորների ստեղծագործական տանն են հանրահայտ մեղեդիներ գրել մեր մեծերը, այնտեղ աստվածային մթնոլորտ է, մեկ ամսում կարող ես մեկ տարվա ստեղծագործություն թղթին հանձնել, իսկ այսօր խոսվում է այն վաճառելու մասին: Կոմպոզիտորների միության նախագահը բաց նամակ է պատրաստվում ուղարկել վարչապետ Կարեն Կարապետյանին՝ խնդիրը լսելու եւ ճիշտ լուծում գտնելու ակնկալիքով:

Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանի համար էլ տարին բավարար էր, 150-ից ավելի շնորհանդեսներ, հանդիպումներ, քննարկումներ են կազմակերպվել: Կապերը միջազգային գրողների եւ թարգմանիչների հետ ամրապնդվել են, տպագրվել են հայ գրողների ստեղծագործություններ՝ տարբեր հանդեսներում, ինչպես նաեւ հրատարակվել գրքեր: Գրողների միության նախագահը խոսեց նաեւ գրահրատարակչությունների մասին՝ ամփոփելով Հայաստանի անկախության 25 տարին, առաջին 10 տարին գնահատելով կայացման, իսկ հաջորդը 15-ը՝ ձեռք բերածը ամրապնդելու տարիներ:  <<Մեզ հարկավոր է մշակութային հիմնադրամ եւ մեկենասության մասին օրենք>>,- ասում է Միլիտոնյանը:

Մեր երկիրը 25 տարի հետո պետք է ներկայանա իր պրոֆեսիոնալ մասնագետներով, այլապես մենք կապրենք հետընթաց՝ վերջում շեշտեցին ստեղծագործական միությունների ղեկավարները:

Կարդացեք նաև

Back to top button