

Քաղաքաշինության ոլորտում այս տարվա հիմնական ձեռքբերումներն առաջին հերթին օրենսդրական բնույթի էին: Այս մասին այսօրվա ամփոփիչ ասուլիսում հայտարարել է կառավարությանն առընթեր Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը: Նրա խոսքով՝ «Երեւանի փոքր կենտրոնի մասին» եւ «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքը, որոնք պատասխանելու են բոլոր այն խնդիրներին ու մարտահրավերներին, որոնք կան կառուցապատման մեջ: Նարեկ Սարգսյանը հույս ունի, որ դրանք կընդունվեն 2017 թվականին:
Մշակված օրենքներով լուծվելու են բազմաթիվ հարցեր՝ կապված ոլորտի հետ: Կառավարությանն առընթեր Քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավարի գնահատմամբ՝ կարեւոր փոփոխություններ եղան նաեւ այս տարի: Մասնավորապես՝ օրենքով կարգավորվեց պետական փորձաքննության ինստիտուտը, որոշակի լուրջ թեթեւացում եղավ մասնավոր շինարարության մեջ:
«Կարեւոր հարց լուծեցինք, որ որեւէ գյուղ կամ քաղաք չի կարող գլխավոր հատակագիծ չունենա»:
Սա օրենսդրական մասով: Խոշոր կառուցապատման ծրագրերին անդրադառնալով՝ Նարեկ Սարգսյանն առանձնացրեց Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման նախագծերը: Ներդրողը կա եւ վստահ կարող ենք լինել, որ 17 թվականը այստեղ կլինի բեկումնային՝ ասաց Նարեկ Սարգսյանը: Ինչ վերաբերում է «Հին Երեւան» նախագծին. աշխատանքներն ակտիվ փուլում են՝ ասաց:
100 մլն դոլարի շինարարություն դեռ պիտի իրականացվի Հյուսիսային պողոտայում՝ տեղեկացրեց Նարեկ Սարգսյանը: Կառավարությունը բավականին միջոցներ տրամադրեց աղետի գոտուն եւ, նա կարծում է, որ երկրաշարժից երեսուն տարի անց նաեւ գյուղական բնակավայրերի խնդիրը կլուծվի:
Նարեկ Սարգսյանն ասաց նաեւ, որ «Հին Երեւան»-ի մասով այս պահին իրացման գործընթացն առաջ գնում է՝ թեպետ դեռ տեսանելի չէ աչքով: Այս պահին «Հին Երեւան»-ի տարածքի 70 տոկոսն իրացված է: Գարնանը բացվելուն պես՝ արդեն կառուցապատման աշխատանքները կմեկնարկեն, եւ 17-ի առաջին կիսամյակն այդ մասով կլինի բեկումնային ու տեսանելի՝ վստահեցրեց Նարեկ Սարգսյանը:
«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքին անդրադառնալով էլ Նարեկ Սարգսյանը շեշտեց, որ իրենք հստակ դիրքորոշում հայտնել են եւ վստահ է, որ այն հիմնավոր կպահպանվի:
Անդրադառնալով նաեւ իր հասցեին անցած շրջանում հնչած քննադատություններին՝ Նարեկ Սարգսյանը շեշտեց, թե դրանց վերաբերում է դրական, քանի որ քննադատում են նրան, ումից պահանջում են եւ դա էլ աշխատանքի գնահատական է: Նա նաեւ վստահեցրեց, որ որեւէ ծածուկ բան քաղաքաշինության ոլորտում տեղի չի ունենա:




