Տնտեսական

Կառավարությունը ապաքրեականացնում է բիզնեսը

Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի դիսպոզիցիայի նոր խմբագրություն, ինչի արդյունքում՝ հստակեցվում են հանցագործության եղանակները:

Այսինքն՝ տնտեսվարողը հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարը նվազեցնելու համար կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքում այսուհետ նոր չափի պատժամիջոց կսահմանվի, այսինքն` կապաքրեականացվի, եթե շրջանառությունը հասնում է մինչեւ 4 մլն- ի սահմանը:

«Ռադիոլուրի» հետ զրույցում  նախարարը մանրամասնեց, որ այս նախագիծը ուղղված է բիզնեսի ապաքրեականացմանը։ «Խոսքը վերաբերվում է նրան, որ այդ հանցակազմի մեջ այնպիսի դրույթներ ու բառեր կան, որ հարկ վճարողների նկատմամբ կիրառվում էր քերական պատասխանատվություն:  Այսինքն՝ հիմքերը տարանջատված չէին ու օգտագործվում էր «չարամտորեն խուսափել» եզրույթը, չկային հստակ մեխանիզմներ՝ ասելու, թե որն էր չարամտորեն, իսկ որը՝ ոչ»,- ասաց նախարարը:

Նախարարը ասում է, որ եթե նախկինում մինչև 2 մլն շրջանառություն ունեցող տնտեսվարողը՝ խախտումների կատարելու դեպքում կիրառվում էր վարչական պատասխանատվությունը, այժմ այդ շեմը սահմանվել է մինչեւ 4 մլն դրամ:

«Օրինակ եթե տվյալ տնտեսվարողը ասենք հաշվետվությունը ուշ էր ներկայացնում, կարող էր նրա նկատմամբ քրեական գործ հարուցվել։ Հարուցված քրեական գործերի ճակատագիրը լինում էր շատ մշուշոտ ու տարբեր հանգամանքներից էր կախված: Շեմը բարձրացնելով՝ նկատելիորեն կբարելավվի բիզնես միջավայրը ու քրեական գործեր չեն հարուցվի»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Կարդացեք նաև

Back to top button