
լուսանկարները՝ «Sputnik Արմենիա»- ի

Երկրաշարժից 28 տարի անց բժիշկ Կազբեկ Կուդզաևը, որն ապրում և աշխատում է Վլադիկավկազում, ֆեյսբուքյան իր էջում մի սրտառուչ գրառում կատարեց, որով փնտրում էր այն աղջկան, որի ոտքը փրկել էր անդամահատումից։ Բժշկին հատկապես տպավորել էր այն, որ աղջնակը զարդարվել էր, գլխին թագ դրել ու նույնիսկ հիվանդասենյակն էր զարդարել, որպեսզի Կուդզաևը չհեռանա։ «Sputnik Արմենիան» օգնեց բժշկին գտնել այդ աղջնակին և Սպիտակի երկրաշարժից 28 տարի անց պատրաստեց «28 տարի անց… գտնված երազը» ֆիլմ բժիշկի, այդ աղջկա և Կուդզաևի մյուս հիվանդների մասին: Տեսանյութը մեծ արագությամբ տարածվեց նաև «Ֆեյսբուք» սոցիալական կայքում: Բժիշկն այժմ Հայաստանում և իր մյուս գործընկերների՝ Հայաստանի վաստակավոր բժիշկ Արտավազդ Սահակյանի, վերջույթների երկարացման և վերականգնման կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արշակ Միրզոյանի հետ միասին հանդիպել են աղետից տուժած իրենց հիվանդների հետ և իրենց ապրումներն ու տպավորությունները փոխանցել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արշակ Միրզոյանը 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Կուրգանում էր, երբ լսեց գույժը: Սպիտակի աղետի մասին լուրը լսել էին նաև ընկերները: Որոշեցին մի խումբ կազմել և գալ Հայաստան՝ երկրաշարժի աղետից տուժածներին օգնության հասնելու։
Հյուսիսային Օսեթիայում բնակվող և բժշկության ոլորտում լուրջ հաջողություններ գրանցած Կազբեկ Կուդզաևը ևս 1988 թվականին շտապ ժամանեց Հայաստան։ Նրա հետ էր Իլիզարովի անվան վերականգնողական տրավմատոլոգիայի ու օրթոպեդիայի ինստիտուտի մասնագիտական խումբը։ Կուդզաևին հաջողվեց 2 հիվանդի կյանք փրկել։ Աիդա Սահակյան աղետից հետո Կուդզաևի շնորհիվ փրկվածներից է։ Նա երկրաշարժի հետևանքով կոնքազդրային ոսկրերի լուրջ վնասվածքներ էր ստացել:
Կուդզաևի կատարած բարդ վիրահատությունից հետո կինն այսօր լիարժեք կյանքով է ապրում և երկու երեխայի մայր է։
Տիկին Աիդային լավ է հիշում նաև ինքը՝ բժիշկը: Սակայն ամենից շատ Կուդզաևի մոտ տպավորվել էր փոքրիկ աղջնակը, որի ոտքը փրկել էր անդամահատումից։
Բժշկին հատկապես տպավորել էր այն, որ աղջնակը զարդարվել էր, գլխին թագ դրել ու նույնիսկ հիվանդասենյակն էր զարդարել, որպեսզի Կուդզաևը չհեռանա։ «Գործընկերներիս հետ հանդիպում ենք պարբերաբար: 2 կամ 3 տարին մեկ հանդիպում ենք տարբեր միջազգային կոնֆերանսների շրջանակներում: Բայց, որ հիվանդներն են քեզ հետ հանդիպելու և քեզ գտնելու ցանկություն հայտնում այսքան տարի անց, դա արդեն անբացատրելի զգացողություն է: Անգամ բուժումից 3 տարի անց են հազվադեպ հիշում բուժող բժշկին: Իսկ երբ 28 տարի անց հանդիպում ես հիվանդներիդ, որոնցից մեկն աշխատանքում լուրջ հաջողությունների հասել , մյուսը երեխաներ ունի, այն էլ նման բարդ վիրահատությունից հետո, իսկապես անբացատրելի բան է»,- ասում է:
Աղետից տուժածները լավ են հիշում նաև պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանին: Նա էլ վիրահատարանում էր, երբ տեղի ունեցավ չարաբաստիկ երկրաշարժը: Երբ դուրս եկավ վիրահատարանից վերակենդանացման բաժանմունքում մարդ չէր մնացել, բոլորը դրսում էին՝ պատմում է վիրաբույժը: Իհարկե՝ մինչև
Կուդզաևի ու Միրզոյանի ժամանելն արդեն իսկ առաջին օգնությունը հասել էր վրաց գործընկերներից, բայց նման մասսայական օգնություն, որը ցուցաբերեցին Օսեթիայից ժամանածները, իհարկե վեր էր պատկերացումից՝ հավաստիացրեց Արտավազդ Սահակյանը:
Այդ տարիներին ամենածանր հիվանդներն ընդունում էր Միքայելյանի անվան հիվանդանոցը: Հիվանդանոցն առաջին օրն ընդունեց 850 տուժածների, այն դեպքում, երբ հիվանդանոցում ընդամենը 350 մահճակալ կար: Իսկական քաոս էր տիրում՝ հիշում է բժիշկ Միրզոյանը: Բայց ամենասարսափելին հիվանդների հոգեվիճակն էր: Հիվանդները միայն ցավից չէ, որ գոռում էին:
88-ի դեկտեմբերին կատարվում էին իսկապես շատ բարդ վիրահատություններ, կյանքի ու մահվան պայքար էր մղվում` հաշմանդամությունը կանխելու ու մարդկանց կյանքը փրկելու համար։




