

Կարմիր Բլուրի հնագիտական նյութերն ուսումնասիրելու վերաբերյալ համագործակցության համաձայնագիր է ստորագրվել ՀՀ մշակույթի նախարարությանև Էրմիտաժի միջև։ Հայաստանի պատմության թանգարանի դահլիճում փաստաթուղթն այսօր ստորագրել են մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին։
Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու այցը Հայաստան ներառում է գործնական հանդիպումների մի ամբողջ շարք, որոնց արդյունքում կյանքի կկոչվեն բազմաթիվ նախաձեռնություններ: Այդ թվում՝ Կարմիր Բլուր հնավայրում համատեղ պեղումներ իրականացնելուծրագիրն է: ՀՀ մշակույթի նախարարության և Էրմիտաժի միջև ստրոգրված համաձայնագիրն այսօր ազդարարեց Կարմիր Բլուրի հնագիտական նյութերն ուսումնասիրելու վերաբերյալ համագործակցության սկիզբը: Փաստաթուղթը ստորագրեցին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին։
«Կարմիր Բլուրի հնագիտական նյութերն ուսումնասիրելու վերաբերյալ համագործակցության համաձայնագիր: Հնչում է գեղեցիկ և ռոմանտիկ, բայց խորքում փաստաթուղթը լուրջ բովանդակություն է պարունակում, այդ թվում՝ հնագետների և վերականգնողների համատեղ արշավախմբեր և գիտական ուսումնասիրություններ Կարմիր Բլուրի տարածքում, հայ գիտնականների ուսումնասիրություններ Պետական Էրմիտաժում, Երևանի 2800 –ամյակին նվիրված միջազգային գիտաժողով և այլն: Ծրագրերի շուրջ ես այսօր զրուցեցի նաև Գարեգին կաթողիկոսի և նախագահ Սարգսյանի հետ: Պատրաստվում է մեծ նախագիծ, որը կոչվում է՝ «Էրմիտաժի օրեր Երևանում»: Այն կդառնա նոր քայլերի ու առաջընթացի սկիզբ, զարգացնելու գիտական, կրթական ու մշակութային այն հարուստ ավանդույթները, որոնք ձևավորել են մտավորականների մի քանի սերունդներ»:
«Համագործակցության շերտերը բազմազան են ու բազմապիսի: Դրանց միս ու արյուն տալու համար առայժմ անհրաժեշտ էր ստորագրել նման համաձայնագիր, որպեսզի կարողանանք կոնկրետ աշխատանք կատարել ու նշել ժամկետներ»,-ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Նրա բնորոշմամբ այսօր ստորագրվեց ամենատարբեր ուղղություններով փոխգործակցության համաձայնագիր, որը կծառայի հայկական մշակույթի հանրահռչակմանը:
Լրագրողների խնդրանքով նա անդրադարձավ մասնավորապես համաձայնագրով նախանշվող այն ծրագրերին, որոնք առնչվում են Երևանի Կարմիր Բլուր հնավայրին.«Ես ծանոթ եմ հնավայրի վիճակին, որը, մեղմ ասած, բարվոք չէ: Դրա համար օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներ կան: Նման գիտական նախաձեռնություններով նաև մենք պետք է փորձենք այդ ավերումների ու մարդկային բարբարոսության դեմն առնել: Ես համոզված եմ` ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային հանրության համար Կարմիր Բլուրի ուսումնասիրությունները նոր ու հետաքրքիր բացահայտումների աղբյուր կդառնան»:
«Կարմիր Բլուրում տիրող վիճակն ավելի շուտ բարոյական խնդիր է, քան գիտական»,-ասում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը, վստահեցնելով, որ չնայած այնտեղ կուտակված աղբին հնավայրի գիտական շերտերը երբևէ չեն վնասվել և այսօր խնամքով պահպանվում են:
«Կարմիր Բլուրը զբաղեցնում է շուրջ 40 հեկտար տարածք, որից պեղված է ընդամենը 4 հեկտարը, շուրջ 10 -ը տոկոսը: Այնպես որ այս տարածքում գիտական հսկայական նյութ կա դեռ ուսումնասիրելու»,-նկատում է Գյուրջյանը:




