Տնտեսական

2016-ը` ՓՄՁ համար հարվածներով լի, ծանր տարի


2016թ. ՓՄՁ ոլորտի  համար հարվածներով լի, ծանր տարի էր` «Ռադիոլուրի» հետ զրույցում տարին այսպես է ամփոփել  ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի փոխնախագահ Սամսոն Գրիգորյանն ու մատնանշել և ապրիլյան պատերազմը, և հուլիսյան դեպքերը: Ժողովրդի գնողունակությունը նվազել է, որն իր ուղիղ անդրադարձն է ունենում նաև առևտրի վրա՝ ասել է Գրիգորյանն ու նշել, որ մեր երկրում ՓՄՁ-ին  տրվող վարկերի տոկոսադրույքները բարձր են:  ՓՄՁ ներկայացուցչի կարծիքով,  Հայաստանում  վարկերի տոկոսադրույքները տասը տոկոսից ավելին չպետք է լինեն:  Վարկերի բարձր տոկոսադրույքներից դժգոհ են նաև գյուղացիները, ովքեր վերցրել, սակայն չեն կարողանում  մարել գյուղացիական վարկերը:  Երևանում այսօր այս թեմաներով քննարկում էր կազմակերպվել:

 

 

Հայաստանում ՓՄՁ- ները հիմնականում առևտրով են զբաղվում, ուստի, գնողունակության նվազմամբ պայմանավորված, խնդիրների պակաս չունեն՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է  ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի փոխնախագահ Սամսոն Գրիգորյանն ու  որպես պատճառ նշում մարդկանց սոցիալական վիճակի վատթարացումը: Իսկ հիմնականում առևտրով զբաղվում են ոչ լավ օրից:

Խնդիրների շարքում տարիներ շարունակ առաջին հորիզոնականներում  շրջանառու միջոցների անմատչելիությունն է, արդյունքում՝ ՓՄՁ-ների մեծ մասը քայլերն ուղղում  է  դեպի մոտակա բանկ, իսկ տրամադրվող վարկերի տոկոսադրույքները, մեղմ ասած,  հիասթափեցնող են: Վարկերի տոկոսադրույքներից ու ընդհանրապես  վարկային բեռից դժգոհ է  նաև Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչ մյուս զրուցակիցս՝   Հայկազ Ասատրյանը, ով  արցունքն աչքերին նկատում է՝ տղան վարկերի պատճառով բռնեց Ռուսաստանի ճանապարհը: Ընտանիքով որոշեցին գյուղատնտեսությամբ զբաղվել՝ 1մլն 900 հազար դրամ վարկ վերցրեցին ու խաղողի այգի գնեցին:  Անցյալ տարվա խաղողի առատ բերքն ու  մթերման հետ կապված խնդիրները պատուհաս դարձան  այս ընտանիքի համար,  մթերման գինը նվազեց, «Վեդի Ալկո» ընկերությունն էլ ուշացումով վճարեց գումարը՝ մի քանի անգամ բողոքի ակցիաներ կազմակերպելուց հետո: Այժմ Ասատրյանը հայտնվել է վարկային վատ պատմություն ունեցողների ցանկում՝ դատական քաշքշուկների մեջ:

Հայկազ Ասատրյանի ընտանիքի պատմության նման բազմաթիվ ընտանիքներ կան մեր շրջապատում: Բանկերն իրենց փաստարկներն են  բերում, տարբեր աղբյուրներ էլ փաստում են՝ վերցված գյուղվարկերի  90 տոկոսը չեն ծառայում նպատակիի:  ԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը, ներկայացնելով իրենց վերջին վերլուծության արդյունքները , որոնք  կատարել էին 300 ձեռնարկությունների շրջանում, ասում է, որ   հիմնական խնդիրների շարքում  կարևորվում է  ֆինանսական հասանելիության հարցը: Մակարյանը նաև ֆինանսական գրագիտության հարցն է կարևորում։ Իր ղեկավարած միությունը նաև առաջարկով է հանդես եկել

«Գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող հաստատություննեի ուսանողները   ընտանեկան բիզնեսի ներքո  պրակտիկ գիտելիքները զարգացնելու համար նաև իրենց ծնողների հետ աժխատեն՝ ընտանեկան բիզնեսի շրջանակներում ՝  իրենց ֆերմայի, հողակտորի կամ այլ գոյւղատնտեսական նախագծի մեջ և իրենց կրթական տեսական գիտելիքը գործնականում կիրառեն իրենց բզիենսը վարելու նպատակով»:

Բանկային ու  ընդհանրապես  վարկային քաշքշուկներից զերծ մնալու համար վարկառուներին մասնագետները հորդորում  են անպայման ծանոթանալ  վարկային պայմանագրերի, այնտեղ ամրագրված դրույթների հետ:

Կարդացեք նաև

Back to top button