

Նա կյանքից հեռացավ իր գրչի ամենաբեղուն շրջանում: Գրականագետ Դավիթ Գասպարյանի բնորոշմամբ, Լևոն Խեչոյանն անմրցելի էր ոչ միայն գրականության մեջ, այլ մարտի դաշտում: Նա երբեք կողքից դիտողի կերպարում չգտնվեց, գրիչը մի կողմ դրեց ու մեկնեց ռազմաճակատ, երբ հայրենիքն ուներ դրա կարիքը: Լևոն Խեչոյանը մահացավ 2014-ի հունվարի 8-ին՝ երկարատև ծանր հիվանդությունից հետո, իսկ դեկտեմբերի 8-ը նրա ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 61 տարեկան: Ծնվել էր 1955 թ. Ախալքալակի շրջանի Բարալեթ գյուղում: Անդրանիկ ժողովածուն լույս է տեսել 1991 թվականին՝ «Խնկի ծառեր» վերնագրով: Լևոն Խեչոյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերենով, ուկրաիներենով, անգլերենով: «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար 1999 թվականին արժանացել ՀՀ պետական գրական «Ոսկե եղեգն» մրցանակի: Գրողի մահից հետո, ամիսներ առաջ լույս տեսավ Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» ժողովածուն:




