Տնտեսական

Հողագործների մոտ անվստահությունն ավելի մեծ է, քան դրական ակնկալիքները

lenabadeyan
Վերջապես իրականության կարող է դառնալ գյուղատնտեսական ապահովագրական համակարգը: Գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը հաստատում է՝  2017-ին մշակվելու է պիլոտային ծրագիր, եւ ծիրանը անպայման կմտնի ապահովագրման ենթակա ցանկի մեջ: Այն, ի դեպ, դեռ ճշտվում է: Արդեն կան որոշակի նախնական պայմանավորվածություններ: Ֆինանսավորումը հավանաբար կիրականացվի Գերմանական զարգացման բանկի եւ կառավարության միջոցների հաշվին: Փոխնախարարը ժամանակից առաջ չի ցանկանում ընկնել, բայց նշում է, որ հիմնականում դիտարկվում են 5 գյուղատնտեսական ռիսկեր՝ կարկտահարություն, ցրտահարություն, երաշտ, հողմ եւ ջրհեղեղ, որոնց դիմաց տնտեսությունները կապահովագրվեն:

 

Կոոպերատիվները, որոնց անհրաժեշտության մասին խոսվում է տեւական ժամանակ, իրականություն է դառնում։ Համապատասխան օրենսդրությունն ընդունվեց 2015-ին, իսկ այս տարի արդեն գրանցվեց 53 կոոպերատիվ տնտեսություն: Հողի մասնավորեցումից վերադարձ դեպի կոլեկտիվ աշխատանք, սակայն, գյուղացիներին հեշտ չի տրվում: Նույնիսկ պարզ հարցախույզը ցույց է տալիս, որ հողագործների մոտ այս պահին դեռ անվստահությունն ավելի մեծ է, քան՝ դրական ակնկալիքները:

Չնայած թերահավատությանը, արդեն կան գրանցված դրական զարգացումներ:  Մի քանի օր առաջ, օրինակ, Գեղարդ համայնքում բացվեց խոտաբույսերի արտադրություն: Այնտեղ կոոպերատիվների անդամները հիմնականում կանայք են: Հավաքում են վայրի խոտաբույսերը, փաթեթավորում եւ վաճառում սուպերմարկետներում: Հաջորդ շաբաթ արդեն  Ծովագյուղ համայնքում կբացվի հնդկաձավար վերամշակման գործարան, որը կրկին կաշխատի կոոպերատիվ սկզբունքով: Բայց սա էլ դեռ ամենը չէ՝ ասում է գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը:

«Կոոպերատիվների շրջանակում շեշտադրումն արել ենք ոչ ավանդական բանջարեղենի արտադրության վրա եւ եվրոպական տեսակի դեղին պանիրների: Ոչ ավանդական բանջարեղենի համար բավականին մեծ պահանջարկ կա ՀՀ-ում: վերչջին տարիներին, որ ենթադրենք սկսել են արտադրել բրոկոլի արդեն գյուղացիական տնտեսությունների շահութաբերությունը բրոկոլիի արադրման եւ մշակման պայմաններում ավելացել է: 10 օր առաջ գեղարքունիկի համայնքում մեկ արտադրություն, որը զբաղվում է եվրոպական պանիրների արտադրությամբ կոպերատիվ սկզբունքով: Այն պանիրները, որոնք արտադրվում են Հայաստանում սպառողական նախասիրություններին չեն համապատասխանում ռուսաստանաբնակ սպառողների համար: Այդ իսկ պատճառով այս նոր տեխնոլոգիաներն, իհարկե, առաջին հերթին մեզ հնարավորություն կընձեռեն նոր շուկաներում արտահանում իրականացնելու համար»:

Այս ամենին զուգահեռ՝ գյուղատնտեսության նախարարությունը մտադրվել է զարգացնել օրգանական գյուղատնտեսությունը: ԵՄ կողմից տրվող վարկավորման համար արդեն ընտրվել է 18 ձեռնարկություն, եւս 100-ը դեռ ընտրվելու է՝ ասում է փոխնախարարը:

Հաջողություններով ոգեւորվելուց առաջ սակայն, թերեւս ավելորդ չէ նաեւ հենց ֆերմերներից լսել խնդիրների մասին: Ջերմային տնտեսություն ունեցող ֆերմեր Գագիկ Բաբախանյանի տնտեսությունը, օրինակ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով ճանաչվել է օրինակելի՝ ցուցադրական տեղամաս: Ֆերմերը մասնագիտացել է օրգանական ճանապարհով բանջարեղեն աճեցնելու վրա: Այս տարվանից կազմակերպել է նաեւ նոր տեխնոլոգիաներով ելակի մշակություն, կառուցել է նոր ջերմոց, բայց մի քանի օր առաջ կանգնել ցրտահարության փաստի առաջ:

«Դիմել եմ գազի վարչությանը, որ ջեռուցեմ ջերմոցը, արդեն ցրտահարվում է եւ այս մեկ ամսվա ընթացքում խոչընդոտները անընդհատ, տարբեր տեսակի: Ինչ որ տեղ ուզում են օգտվել իրենց զբաղեցրած դիրքից, պաշտոնից եւ այլն, եւ այլն: բայց դե հո տենց չի կարգը: Վերջապես սա երկիր է եւ մենք ուզում ենք, որ կարգ ու կանոն լինի»:

Հենց կարգուկանոն հաստատելու համար էլ գյուղատնտեսության նախարարությունում ձեւավորվել է նոր աշխատանքային խումբ: Մինչեւ մայիս կպատրաստեն եւ կառավարությանը կներկայացնեն օրենսդրական համապատասխան փաթեթ, որով կպայքարեն շուկայում տարածված այն չարաշահումների դեմ, երբ «բիո», «էկո» եւ «օրգանիկ» սահմանումներն օգտագործվում են պիտակների վրա: Իսկ մինչ այդ՝ փոխնախարարը խորհուրդ է տալիս՝ եթե տուփի վրա չկա սերտիֆիկացնող մարմնի անունը, ապա չվստահել գրվածին ու անհարկի չվատնել ավելորդ գումար: Փոխնախարարի ներկայացմամբ՝ այսօր ունենք 56 հայկական եւ մի քանի ներկրող ձեռնարկություն, որոնք ունեն «բիո» սերտիֆիկացում:

Կարդացեք նաև

Back to top button