

Հայաստանի ադամանդագործությունն ու ոսկերչությունը տեւական անկումից հետո այս տարի կտրուկ աճ է արձանագրել: Զարգացման հնարավորությունները սակայն լիարժեք օգտագործված չեն: Արագ զարգացման ներուժ կա, միաժամանակ՝ կան նաեւ խոչընդոտող խնդիրներ: Այդ ամենի մասին այսօր քննարկվել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի եւ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Ոլորտում կան կուտակված օպերատիվ խնդիրներ, որոնք լուծման են սպասում: Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանի փոխանցմամբ՝ դրանք հաշվի առնելով` մշակվել է ոլորտի զարգացման ծրագիր-հայեցակարգ: Անհրաժեշտություն կա նաեւ դրա քննարկումներին ոլորտի ներկայացուցիչների մասնակցության: Ծրագիրը նախատեսված է 17-20 թվականների համար: «Առաջնային նպատակը երբեմնի լավագույն ցուցանիշներին հասնելն է՝ մինչեւ 2020 թվականը մոտավորապես 350-400 մլն դոլար տարեկան արտադրանք՝ 6-7 հազար աշխատատեղով»,- ակնկալվող արդյունքի մասին է խոսում նախարարի խորհրդականը։
Ոլորտում այս տարի արձանագրվել է կրկնակի աճ: Տարին կփակվի 100 տոկոս աճով՝ վստահեցրեց Գագիկ Մկրտչյանը, սակայն ոլորտի ներուժն ավելի մեծ է: Այն, որ մեր երկրի ադամանդագործության եւ ոսկերչության ոլորտը արագ զարգանալու ներուժ ունի՝ համոզված է նաեւ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպելով՝ նախարարը ցանկություն ուներ հենց նրանցից լսել ոլորտում առկա խնդիրների եւ դրանց լուծմանն ուղղված առաջարկների մասին:
Ներքին շուկան փոքր է: Արտաքին շուկայի համար աշխատելն է հեռանկար բացելու ոլորտի զարգացման համար՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց «Շողակ» գործարանի տնօրեն Սուրեն Ալանակյանը: «Շատ լավ է, որ այսօր ոլորտն ուշադրության կենտրոնում է գտնվում: Մենք ուզում ենք, որ այն բյուրոկրատական քաշքշուկները, որ լինում են՝ թղթերի ձեւակերպումների, ձեւավորումների հետ կապված, որ առաջացել են, օրինակ, ԵՏՄ մտնելուց հետո, վերացվեն, այսինքն՝ թղթաբանությունը քչանա»։
Խնդիրներ հատկապես ծագում են արտահանումների եւ հումքի ներմուծումների ընթացքում: Վերահսկողությունը, իհարկե, պետք է լինի, սակայն դա չպետք է խանգարի ոլորտի արագ զարգացմանը՝ հավելեց «Շողակ»-ի տնօրենը: Նա ԵՏՄ-ն մեծ շուկա է համարում եւ կարծում է, որ նման խնդիրները լուծելու դեպքում հեռանկարներն ավելի լավ կլինեն:
Թղթաբանության եւ օրենքի հետ կապված խնդիրների մասին բարձրաձայնեց նաեւ «Հակոբյան ջուվելերի» ընկերության տնօրեն Սիմոն Գաֆարյանը: «Պատահում է, որ անհրաժեշտ է լինում, որ որեւէ նոր մոդել ես ավելի շուտ արտահանեմ՝ շուկա հասցնեմ, քան այլ երկրների ընկերությունները, բայց ընթացակարգերի պատճառով չես կարող ու դա մնում է մինչեւ հաջորդ արտահանում, որը կարող է երկու ամիս տեւել»։
Նախարար Սուրեն Կարայանը շեշտեց, որ արդեն բավականին աշխատանքներ տարվել են ընթացակարգերը պարզեցնելու հետ կապված: Նպատակ կա հասնելու մեկ պատուհանի սկզբունքին: Դրանք ներառվել են նաեւ մշակված հայեցակարգում եւ ոլորտը կարգավորող օրենքների փոփոխություններում: Նա վստահեցրեց նաեւ, որ հանդիպումներ են ունեցել տարբեր երկրների գործընկերների հետ ու ամեն ինչ արվելու է, որ ոլորտի խնդիրներն արագ լուծում ստանան, ինչի համար նման հանդիպում-քննարկումներ պարբերաբար կանցկացվեն:




