
Էլեկտրոնային հաշվետվությունների համակարգի արդյունավետ կիրառում, հարկ վճարողների գրանցման պարզեցված ընթացակարգ, բարելավված պաշտոնական կայքէջ. Արժույթի միջազգային հիմնադրամը հարկային վարչարարության ախտորոշիչ գնահատման գործիքով սրանք է համարել համակարգի վերջին ձեռքբերումները։
ԱՄՀ գնահատումն անցկացել է նոյեմբերի 7-ից 22-ը՝ հայտնում են ՊԵԿ- ից։
«Մենք դիտարկել ենք 47 ուղղություն, որոնցից մի քանիսով ՊԵԿ-ը միջազգային լավագույն փորձին համարժեք է աշխատում, իսկ որոշ ուղղություններով էլ դեռ անելիքներ կան»,- ընդգծել է գնահատող թիմի ղեկավար Լաքի Մոլեֆեն: Դրական առաջընթաց է արձանագրվել նաև հարկային կարգապահության ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ: Ըստ փորձագետների, էլեկտրոնային հաշիվների դուրս գրման և ՀԴՄ համակարգերը ՊԵԿ-ին հնարավորություն են տալիս իրական ժամանակում տեղեկություններ ստանալ առևտրային գործունեության մասին:
Թիմի դիտարկմամբ՝ դեռևս առկա են մի շարք ոլորտներ, որոնք ուշադրության են արժանի՝ միջնաժամկետից երկարաժամկետ հատվածում ՊԵԿ-ի գործունեության արդյունավետությունը բարելավելու նպատակով: Մասնավորապես, փորձագետներն առաջարկում են ռիսկի կառավարումը դարձնել ավելի ընդգրկուն: Ընդգծվել է, որ Հարկային օրենսգիրքը, որն ուժի մեջ է մտնելու 2018 թվականին, նույնպես մի շարք ուղղություններով կբարելավի հարկային քաղաքականությունը և վարչարարությունը՝ նպաստելով հարկային մարմնի գործունեության արդյունավետության հետագա բարձրացմանը:




