Տնտեսական

«Անտիկոնտրաֆակտ-2016» չորրորդ միջազգային համաժողովը` Երեւանում

տեղադրված 13.01-ին
լրացված 15.54-ին

hasmikdilanyan

Երևանում անցկացվում է  «Անտիկոնտրաֆակտ -2016» (Ընդդեմ կեղծ, անօրինական արտադրված ապրանքի)  չորրորդ  միջազգային համաժողովը: Նմանատիպ համաժողովներ անցկացվել են Ղազախստանում, ՌԴ-ում և Բելառուսում:  ԵԱՏՄ անդամ երկրների  պետական ու մասնավոր հատվածի  ներկայացուցիչները   երկու օր  փորձելու են հասկանալ, թե ինչպես են  պայքարելու կեղծ  արտադրված ապրանքների դեմ:  Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի առաջին տեղակալ  Գարեգին Մելքոնյանը կարծում է, որ Հայաստանն անելիքներ ունի: Համաժողովին մասնակցել է նաև փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման ու  բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Փոխվարչապետը կարևորել է համաժողովի անցկացումը: ՀՀ  տնտեսական զարգացման ու ներդրումների  և ՌԴ արդյունաբերության ու առևտրի նախարարությունները  արդյունաբերական ապրանքների ապօրինի շրջանառության հակազդեցությանը նվիրված համատեղ հայտարարություն են ստորագրել:

 

Ինչպես կանխել ԵԱՏՄ երկրների տարածք կեղծ ապրանքների ներմուծումը. անդամ երկրները երկու օր Երևանում այս հարցն են քննարկելու՝ «Ընդդեմ կեղծ, անօրինական արտադրված ապրանքի« կամ  «Անտիկոնտրաֆակտ -2016»  չորրորդ  միջազգային համաժողովի շրջանակներում:

Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի առաջին տեղակալ  Գարեգին Մելքոնյանն ընդգծում է՝ շատ ապրանքներ ներթափանցում են շուկաներ կեղծ արտադրված այլ ապրանքային նշանների ներքո։ Այստեղ է, որ կարևորվում է պետական տարբեր կառույցների միջև համագործակցությունը: Վիճակագրություն չկա, սակայն, Մելքոնյանի խոսքով, Հայաստանը վատ դիրքերում չի : «Եթե ռուսական օղիները Հայաստանում կեղծվում են  եւ այդ օղու ապրանքային նշանը  ՀՀ-ում նույնպես գրանցված եւ պաշտպանված է, ապա ապրանքային նշանի սեփականատերը իրավասու է դիմել պետական պատկան մարմիններին՝  տվյալ դեպքում ոստիկանությանը, պահանջելով, որ շուկայից  խմբաքանակը հանվի: Մի տառի, մի դիզայնի փոփոխությունը համարվում է շփոթության աստիճանի նմանություն եւ ենթակա չէ գրանցման: Եթե չի գրանցվել, հետեւաբար պաշտպանված չէ՝ ասում է  տնտեսական զարգացման ու ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանն ու տեղեկացնում ՝ յուրաքանչյուր երկիր ունի ապրանքի գրանցման իր համակարգը։

Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Վիկտոր Եվտուխովն էլ է խոստովանում՝  խնդիրները շատ են,  դրանց մի մասը մտավոր սեփականության  իրավունքի  խախտումներն են:

ԵԱՏՀ կոլեգիայի անդամ, տնտեսական ու քաղաքական հարցերի նախարար Թիմուր Սուլեյմենովը խոստովանում է՝  պարադոքս է, բայց կանխատեսումների համաձայն,  առեւտրի ծավալները  նվազում են,  կեղծ ապրանքերի առեւտուրը՝ աճում։

«Այդպես,  եթե 2014-ին այն կազմել է 250 մլրդ դոլար, ապա  2015-ին 461 մլրդ, ինչը համաշխարհային ընդհանուր առեւտրի շուրջ 3 տոկոսն է:  Պատկերացնում եք 461 մլրդ դոլարը  եվրոպական երկրների  համախառն ներքին արդյունքն է: Իսկ դա կեղծ ապրանք է, որը հարկեր չի վճարում, կասկածելի որակ ունի»:

ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովն էլ իր ելույթում ասաց, որ ապրանքների ապօրինի շրջանառությունը լուրջ հարված է հասցնում  երկրների տնտեսություններին: Նրա խոսքերով՝ ապօրինի շրջանառությունը ՌԴ տնտեսությունում կազմում է  5-30 տոկոս, ինչը մեծ վնաս է տնտեսության համար: Ուստի, ըստ Դենիս Մանտուրովի, ԵԱՏՄ տարածքում երկրների հարաբերությունների արդյունքում ապրանքների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հստակ քաղաքականության կա:

Այս օրերին   համաժողովի մասնակիցները   կփորձեն հասկանալ, թե ինչպես են համագործակցելու գործընկեր երկրների հետ: Դեղեր, հագուստ, կոշկեղեն, սննդամթերք, կոսմետիկ միջոցներ ու շինանյութ. ռիսկային խմբում այս ապրանքներն են: Համաժողովի մասնակիցները կարծում են, որ ոլորտը կարգավորելու լավագույն տարբերակը գրագետ տեղեկատվական քաղաքականության ձևավորումն է:  Բաղի այդ, ջանքեր են ներդրվում ԵԱՏՄ տարածքում միասնական պահանջներ ներդնելու ուղղությամբ:

Կարդացեք նաև

Back to top button